Սերժի, Նիկոլի մասին, և ոչ միայն․․․
Արդի քաղաքական գործընթացներն ունենում են այնպիսի հետագծեր, որոնց մասին երբեմն արժե, որ խորքային ու հանգամանալից վերլուծություններ արվեն ու տրվեն հստակ ու կառուցողական գնահատականներ։
Այն թեզը, որ Սերժ Սարգսյանն էական դերակատարություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերայում, գնալով միս ու արյուն է ստանում՝ օրըստօրե դառնալով ռեալ իրականություն։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 1999-ից, ստանձնելով «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, բոլոր ժամանակներում ամեն ինչից դժգոհող ու միշտ ընդդիմադիր Նիկոլը լծվեց օրվա իշխանություններին քննադատելու գործին։
Հանուն արդարության՝ պետք է փաստել, որ քննադատելուց հարմար գործ քաղաքականության մեջ չկա, քանի որ յուրաքանչյուր իշխանություն, ինչքան էլ իդեալական ու լեգիտիմ լինի և իր ժողովրդի համար մտածող, միևնույն է, չի կարող երկրի կառավարումն իրականացնել ամենաճիշտ ու համապատասխան գործիքակազմով․ պարզ է, միշտ էլ կլինեն տարբեր բացթողումներ, սխալներ, կիքսեր ու, ինչպես ասում են՝ «լյապեր»։
Սակայն պետք է ամրագրենք մի կարևոր հանգամանք․ Փաշինյանն իշխանություններին քննադատում էր ոչ թե բովանդակային տիրույթում և կոնկրետ հարցերի վերաբերյալ, այլ մանիպուլյատիվ ու դավադրապաշտական, խորհրդապաշտական տիրույթներում։ Ըստ ամենայնի, լուրջ ուսումնասիրած լինելով ժամանակակից քաղտեխնոլոգիաների ու PR-ի վերաբերյալ մասնագիտական գրականություն, նա կարողացավ «Օվերտոնի պատուհանի» հստակ դրույթներով հասարակությանն աճեցնել իրեն ցանկալի ուղղությամբ՝ տարբեր թեզեր ու «սլիվներ» այս կամ այն չափաբաժնով հրամցնելով նրանց դատին։ Ըստ մասնագիտական տեսության՝ Օվերտոնի պատուհանը (կամ քննարկման պատուհանը) տեսություն կամ կոնցեպցիա է, համաձայն որի՝ նույնիսկ բարձր բարոյական նորմեր ունեցող հասարակության գիտակցության մեջ հնարավոր է ներարկել ցանկացած գաղափար։
Հավանաբար, ոչ մեկի համար զարմանալի չէ, որ հենց այս մանիպուլյացիոն ժանրից են «Միշիկի ու Սաշիկի» մասին լեգենդները, «800 հեկտար հող հանձնելու» անհասկանալի թեզը, որ ոչ մի հիմնավորում ու բացատրություն մինչ օրս չունի, քանի որ նույնիսկ զինվորականներն են ասում՝ ոչ ոք հստակ չի չափել ու չի կարող ասել, թե ինչ տարածքների մասին է խոսքը, հատկապես այն տարածքների, որոնք ամբողջությամբ գտնվում են ՊԲ վերահսկողության ներքո։
Նույն միֆականության շարքին են դասվում տարիներ շարունակ «բյուջեն թալանած», «հայ ժողովրդի քրտինքը կազինոյում կրված», Քոչարյանի 4 միլիարդի մասին առասպելները, որ «գողացել էր ժողովրդից» և այս ժանրի մի քանի տասնյակի հասնող, քաղաքական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող էժան քարոզչական տրյուկներ, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում ժողովրդի մոտ աստիճանաբար սկսեցին ձևավորել քաղաքական դեմոններ։
Քաղաքական գլխավոր «դեմոնի» ընտրությունը հեշտ էր, ո՞վ, եթե ոչ՝ Սերժը։ Եվ Նիկոլը լծվեց Սերժի թիրախավորման ու քարկոծման գործընթացին։ Թիրախում հերթով հայտնվում էին մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ առնչվում էին նախագահ Սարգսյանի հետ (ընտանիքի անդամները, եղբայրները, ընկերները և այլք)։ Քանի որ իր տեսակով Սարգսյանը փակ և ոչ այնքան հրապարակային քաղաքական գործիչ էր և ամեն անգամ հավուր պատշաճի չէր հակադարձում Նիկոլի ստերին, այդ անհիմն ու սին պնդումները շարունակում էին շրջանառվել ու հնչել տարբեր առիթներով ու տարբեր հարթակներից։ Որպես կանոն՝ հանրությունն ընդունակ չէ վերլուծելու և ստացած կեղծ ինֆորմացիան համապատասխան անալիզի ենթարկելու, ավելին, նա դրա կարիքն ընդհանրապես չէր զգում, կարևորն այն է, որ «իշխանությունը միշտ վատն է» ու «թալաչի, կեղեքող», իսկ Նիկոլը՝ «փրկիչը», բարի ու պուպուշ։
Ընդունված է աքսիոմատիկ ճշմարտություն համարել այն, որ ժողովուրդը միշտ դժգոհ է իշխանությունից, և 20 տարի շարունակ Փաշինյանն օգտվեց այդ բանաձևից, օգտվեց աստիճանաբար, և պատշաճ պահին կարողացավ իր մոտ կուտակած ողջ կեղծ լուրերն ու սին թեզերը կազմակերպված ներդնել հանրության առաջ՝ որպես հանրային օրակարգ։ Իշխանության գալուց հետո պատկերն ընդհանրապես չի փոխվել, շարունակում է գործել՝ ինչպես այն ժամանակ՝ անպատասխանատու հայտարարություններ անող ընդդիմադիրի դիրքերից, նորից ամեն ինչում մեղավոր են նախկինները։
Փաշինյանի թիրախից նախկինները չեն հեռանում, քանի որ այդպես հարմար է. երբ քո ապիկարության ու ապաշնորհության համար պատասխանում են ուրիշները, հատկապես, երբ այդ ուրիշներն այդքան «ատելի են» հանրության համար։ Ուստի դա լավ առիթ է պատեհ պահի հարմար սոուսով մատուցել հերթական չափաբաժնով, որպեսզի ժողովուրդը ոչ մի վայրկյան չմոռանա, թե «ինչ չարիքից է իրենց փրկել» մերօրյա «փրկիչը», որն ինքն իրեն համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ։ Իշխանությունը ձախողած Փաշինյանի համար Սերժը փրկության օղակ է, այսպես ասած՝ «վերջին փամփուշտը», երբ այն պետք է օգտագործես, երբ այլևս այլընտրանք չկա։
Վարչապետի պաշտոնում լինելով արդեն 1 տարի 7 ամիս, Փաշինյանը գեթ մեկ օր չի դադարել նախկին իշխանությանը հիշելուց, եթե անգամ դա չի անում հրապարակային ելույթում, ֆեյսբուքյան «լայվում», ապա իրեն պատկանող թերթի խմբագրականն իր մշտական տեղն ունի բոլոր ժամանակների իր խմբագրի համար, ով անընդհատ փորձում է ինչ-ինչ մեսիջներ հասցնել։ Սակայն Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, լավ ուսումնասիրել է «Ժողովուրդների հոր»՝ Ստալինի գործունեության միայն այդ հատվածը, և, ի դեպ, բավական մակերեսային, այլապես, եթե ծանոթ լիներ նրա քաղաքական գործունեության բուն բովանդակությանը, մենք իր իշխանության այս ժամանակահատվածում երկրի ներսում լուրջ և դրական փոփոխություններ կտեսնեինք։ Վերջին շրջանում շրջանառվում է այն դրույթը, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով պետության թիվ մեկ քաղաքական և տնտեսական խնդիրների պատասխանատուն, այդպես էլ դուրս չի եկել իր թերթի խմբագրի տրամաբանությունից և երկիրը շարունակում է տանել օրաթերթին բնորոշ մեկօրյա քաղաքական տեսլականով, սակայն փաստն այն է, որ պետությունը թերթից տարբերվում է նրանով, որ թերթի գրածի մասին արդեն մյուս օրը ոչ ոք ոչինչ չի հիշում, բայց պետության մեջ արված յուրաքանչյուր անհեռատես ու իրավիճակային գործողություն երկրի զարգացումն ու կայացումը հետ է գցում տասնամյակներով։
Արմեն Հովասափյան