«Հասել ենք հանգուցային կետի, որտեղ սխալվելու շռայլություն մեզ չենք կարող թույլ տալ». Ռոբերտ Հայրապետյան
Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից հետո քաղաքական, հասարակական կյանքում մի շարք գործընթացներ, երևույթներ են տեղի ունենում, որոնց արդյունքում շատ հաճախ թիրախավորվում են տարբեր ոլորտների առանձին անհատներ, պետական ինստիտուտներ։ Թվում է, թե դրանք միմյանց հետ կապ չունեցող գործընթացներ են, տարերային, սակայն, ըստ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի՝ իրականում դրանք ոչ միայն փոխկապակցված են, այլև հեռահար նպատակներով են արվում։
– Պարոն Հայրապետյան, հետհեղափոխական Հայաստանում մի շարք գործընթացներին զուգահեռ՝ կարծես որոշ տարօրինակ, նախկինում մեզ համար խորթ գործընթացներ են տեղի ունենում։ Նկատի ունեմ, որ ամենատարբեր մակարդակներով թիրախավորվում են հայտնի անձինք, ում մենք տարիներ շարունակ որպես հերոս ենք ընկալել։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է տեղի ունենում։
– Ցանկացած ցնցում, իսկ հեղափոխությունն այդպիսին է, տեղ է բացում մի շարք երևույթների համար, որոնք մինչ այդ անհնարին թվացող են լինում։ Սա հատուկ տեխնոլոգիա է, բավական ուսումնասիրված ու փաստարկված։ Հայաստանում հիմա տեղի ունեցող մի շարք գործընթացներ դիտարկելի են հենց այդ պրիզմայով։ Տեսեք, գոյություն ունի, այսպես կոչված, «Օվերտոնի պատուհան» անվանումը ստացած կոնցեպտ, որը նպատակ է հետապնդում թաքնված միջամտությամբ ու ինտենսիվ քարոզչության միջոցով հանրության գիտակցություն ներմուծել այնպիսի նորմեր, իրողություններ ու գաղափարներ, որոնց նկատմամբ տվյալ հասարակությունն ունեցել է ամուր իմունիտետ, հակադրվել է, այլ կերպ ասած՝ դրանք եղել են անընդունելի ամենատարբեր պատճառներով։
Եթե մատնացույց եք անում հերոսների ու հասարակության կողմից բարձր հեղինակություն ունեցող անձանց դեպքին, ապա կարող ենք դա դիտարկել հենց Օվերտոնի պատուհանի հայեցակարգի միջոցով։ Ըստ էության, այն առաջին անգամ գործի դրվեց անցյալ տարի հանրահավաքային պայքարի ժամանակ, երբ բեմ բարձրացվեց Ռոբերտ Աբաջյանի, այսպես կոչված, կեղծ պապը, այսինքն՝ մարդ, ով իրականում ոչ մի կապ չունի ապրիլյանի հերոսի հետ։ Բայց այդ քայլին գնալով՝ կազմակերպիչները հանրության գիտակցության մեջ ներմուծեցին այն միտքը, որ՝ տեսեք, ապրիլյանի հերոսների հարազատները ևս մերժում են նախկիններին։
Այսինքն՝ փորձ արվեց քաղաքական նպատակների ծառայեցնել ու անել այնպիսի բան, որ չէր եղել մինչ այդ՝ ստվերել հերոսի հիշատակը՝ խաղարկելով կեղծ պապիկին։ Ու թեև, երբ բացահայտվեց, որ կեղտոտ տեխնոլոգիա են կիրառել, հանրային ռեզոնանսը բավական բացասական եղավ, բայց հետո ԶԼՄ-ների կողմից թեմայի շեղմամբ, այն ինչ-որ պահի կարծես մոռացության մատնվեց։ Սա, ըստ էության, առաջին փուլն էր, որին պետք է հաջորդեն մյուս հինգ փուլերը։
Հաջորդ փուլում հերոսի կերպարի և արցախյան ազատամարտի շահարկման կոմբինացված մոտեցում արվեց։ Դա գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումն էր՝ ուղեկցված նրա՝ հերոսի կերպարն իսպառ ոչնչացնող տեսանյութերով, մեղադրանքներով, հանրային խայտառակությամբ։ Ու թեև դեռ նրա գործով չկա դատական վերջնական որևէ ակտ, բայց Օվերտոնի պատուհանի հետևում կանգնածները հասան իրենց ուզածին։ Պատերազմի հերոսները, գեներալներն ու առհասարակ նրանց օգտակարության հարցն այլևս մասսայական քննարկման պրոդուկտ է։ Ըստ էության հաջողվեց այս կերպ վերացնել հանրության շրջանում եղած ամենախորը տաբուներից մեկը։
Պրոցեսը շարունակվեց արդեն, երբ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Սասուն Միքայելյանն իրենց թույլ տվեց անել հայտարարություն առ այն, որ հեղափոխությունն ավելի կարևոր հաղթանակ էր, քան արցախյան ազատամարտը։ Այստեղ արդեն գործընթացն ակտիվ փուլ մտավ, ու զուտ հերոսների՝ այդպիսիք լինելու հարցից զատ, շատ-շատերի համար սկսեց քննարկման առարկա դառնալ առհասարակ ազատամարտն ու դրա կարևորությունը։
Նշեմ, որ թեև իշխանությունները հերքում էին, որ Միքայելյանը որևէ կերպ նսեմացրել է արցախյան ազատամարտների գինը, բայց ջինն արդեն բաց էր թողնված, ու այսօր արդեն կան մարդիկ, ովքեր ազատորեն կրկնում են Միքայելյանի ասածները՝ արդեն որպես իրենց դիրքորոշում։
Ըստ Օվերտոնի պատուհանի՝ տեսնում ենք, որ ունենք արդեն գաղափարի բյուրեղացում, ցանկալի սոցիալական վարք ու այլևս տաբու չհամարվող քննարկումների թեմաներ։
Մենք տեսանք էլ ավելի զարհուրելի երևույթներ այս շղթայում՝ Եռաբլուրում Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենայից կողոպուտ, ապա ապրիլյան լուսահոգի հերոսների գերեզմանների պղծում։ Այս բոլոր թվարկածներս, ըստ Օվերտոնի տեսության, փուլային հաջորդականությամբ, թաքնված քարոզչությամբ նպատակ ունեն հանրության շրջանում ձևավորել կոնկրետ սոցիալական վարքի այնպիսի նորմեր, որոնք մինչ այդ մերժելի են եղել հանրության կողմից, իսկ այսօր արդեն դիտարկելի, ընդունելի կամ, նվազագույնը, գոնե քննարկելի են զգալի թվով մարդկանց համար։
– Բավական վտանգավոր սխեմա նկարագրեցիք, ի՞նչ նպատակներ կամ շարժառիթներ կարող են լինել այդ ամենի հետևում։
– Ամենատարբեր, ընդ որում, այդ նպատակների ու շարժառիթների սուբյեկտները ևս կարող են լինել տարբեր մարդիկ։ Ճիշտ է, մենք տեսնում ենք, որ որոշ դեպքերում իշխանության այս կամ այն ներկայացուցիչներն են անմիջապես ներգրավված, բայց նրանցից զատ, կան նաև մի շարք կազմակերպություններ ու շրջանակներ, որոնք սեփական օրակարգն են հետապնդում, և, քանի որ հիմա հանրային համերաշխությունը շատ խոցելի է Հայաստանում, այս մարդիկ օգտվում են առիթից՝ իրենց խնդրահարույց օրակարգը հասարակությանը հրամցնելու համար։
Իշխանության պարագայում, օրինակ, շարժառիթը կարող է լինել այն, որ իշխանության գալուց հետո մարդիկ բախվում են իրականության հետ ու հասկանում, որ հեղափոխական հարթակից իրենց տված խոստումների կատարման համար պետք են լուրջ ռազմավարական ծրագրեր, ահռելի ռեսուրս, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ, բայց թվարկվածներից ոչ մեկը չունեն, կամ ունեցածն էլ այն չէ։ Եվ քանի որ հասարակությունն էլ հետհեղափոխական էյֆորիայից դուրս գալով՝ պահանջում է իր ակնկալիքների բավարարում, ըստ էության խոստումներ տվածների համար ստեղծվում է դժվարին կացություն, որի միակ լուծումը հանրության ուշադրությունն այդ ամենից շեղելն է ու հանրության նուրբ զգացական թելերի հետ խաղը։
Հրահրված բարձր էմոցիոնալ ֆոնի պարագայում հանրությունը տևական ժամանակ տարված է լինում տեսարաններով, մոռանալով, այսպես ասած, հացի մասին։ Սա բավական հայտնի տեխնոլոգիա է, և այնպես չէ, որ միայն Հայաստանում է կիրառվում, ուղղակի ցավալին այն է, որ դրա վրա դրված խաղադրույքները բավական մեծ են, և կա վտանգ, որ այն կունենա շարունակական բնույթ՝ ընդգրկելով նորանոր շրջանակներ։
– Մեզ ո՞ւր է տանելու այս ամենը, այսինքն՝ վերջնական արդյունքում մենք ի՞նչ հասարակություն ենք ունենալու։
– Վերջնարդյունքի մասին դժվար է ամբողջական պատկերացում կազմել այս փուլում, բայց դատելով գործընթացների բնույթից՝ գոնե այս պահին տեսանելի են մի շարք ռիսկեր, որոնց պահպանման դեպքում հաստատ լավ բանի չենք հասնելու։ Առաջին մեծ հարվածն արդեն հասցված է՝ հանրային համերաշխությունն էականորեն խաթարված է մեր երկրում։ Օրակարգ նետված մի շարք արհեստական թեմաների ու դրանց շուրջ հետևողական քարոզչության արդյունքում արդեն մեր հասարակության մեջ ունենք սևեր ու սպիտակներ, ատելության խոսքի աննորմալ մասշտաբներ, ազգի դավաճանների շրջանակ, և այսպես շարունակ։ Այսինքն՝ եթե ընդունենք, որ անցյալ տարվա փոփոխություններն ինչ-որ առումով անխուսափելի էին մեզ համար, ապա որևէ կերպ չենք կարող ընդունելի համարել, որ դրա արդյունքում պետք է ունենայինք այսքան պառակտվածություն, միմյանց ատող խմբեր, սոցիալական ցանցերում չկառավարվող վիրավորանքներ ու հայհոյանքներ։ Ստացվում է՝ փոխարենը փոփոխությունների ուժն օգտագործվեր էլ ավելի կոնսոլիդացվելու համար, ինչ-ինչ քաղաքական նպատակներ բավարարելու համար բաժանող պատեր կառուցվեցին։
Հասել ենք հանգուցային կետի, որտեղ սխալվելու շռայլություն մեզ չենք կարող թույլ տալ։ Առաջընթաց ու զարգացում, բարեկեցություն և լավ ապրել ենք ուզում, բայց դրան տանող ճանապարհը դեռ սխալ է ընտրված։ Մեր պետության համար կարևոր ինստիտուտների, ներդրում ու ավանդ ունեցող մարդկանց կերպարների, մեր ինքնությանը վերաբերող մի շարք կոմպոնենտների ոչնչացմամբ վստահորեն չենք գտնելու համերաշխ ու խաղաղ գոյակցության բանաձև։