«Ընդմիջման ընթացքում ես զգացի, որ խաղացողներին պետք է մի փոքր սեր, ոչ թե քննադատություն»․Մոուրինիոն՝ քամբեքի մասին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ամփոփել է Չեմպիոնների լիգայի «Օլիմպիակոսի» հետ խաղի արդյունքները (4:2):
«Տոտենհեմն» ուժեղ կամային հաղթանակ տարավ՝ 0:2 հաշվով պարտվելուց հետո հաղթելով 2 գնդակի առավելությամբ, և խմբում 2-րդ տեղով դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ:
«Հանդիպման ամենադժվար պահը ոչ թե երկու գոլ խփվելուց հետո էր, այլ, երբ առաջին խաղակեսում ես փոխարինում կատարեցի (Քրիստիան Էրիկսենը դուրս եկավ Էրիկ Դայերի փոխարեն): Դա խանգարում է խաղացողին, բայց ինձ՝ նույնպես: Նրա և ինձ համար հեշտ չէ: Ֆուտբոլիստի կողմից հասկացողությունը կարևոր է, ես բախտավոր եմ, որ ընտրեցի շատ խելացի տղա, ով հիանալի հասկանում է, թե ինչ թիմ է, քանի որ դա արեցի թիմի համար: Խոսքը ոչ թե նրա խաղի մասին էր, այլ այն, թե թիմին ինչ էր պետք:
Մենք պարտվում էինք 0:2, շատ ծանր իրավիճակում էինք, և ես որոշեցի, որ մեկ հենակետայինը բավարար կլինի: Ես մտածեցի, որ ինձ պետք է երկրորդ ստեղծագործական ֆուտբոլիստ, որը կարող է Ալիի հետ շփվել ոչ փակ եռանկյունու մեջ: Ես ներողություն եմ խնդրում Էրիկից, բայց նա գիտի, որ ես դա արեցի թիմի համար, և ոչ թե նրան խանգարելու համար: Կարծում եմ, որ երկրպագուները դա էլ են հասկանում:
Ընդմիջման ժամանակ ես ստիպված էի մեղմ գործել: Ես զգացի, որ խաղացողներին պետք է մի փոքր սեր, ոչ թե քննադատություն: Անհրաժեշտ էր նրանց վստահեցնել: Այնուհետև մենք մի փոքր խոսեցինք մարտավարության մանրամասների մասին, կատարեցինք դիրքային շտկումներ, բայց հիմնականում մենք խոսում էինք դժվար իրավիճակում վստահության մասին:
Չեմ կարծում, որ ես արդեն շատ բան եմ սովորեցրել խաղացողներին, բայց կարծում եմ, որ կարելի է ինչ-որ հետևություններ անել: Կարծում եմ՝ սկզբում ոմանք հոգնած էին, հավաքականի խաղերից հետո իրար հետևից շաբաթ և երեքշաբթի խաղալը շատ դժվար է: Միշտ ցանկանում եմ խաղալ կիրակի և չորեքշաբթի։ Կարծում եմ, որ որոշ խաղացողներ հոգնել են:
Տնային խաղում արագ գոլ ընդունելը լավ չէ։ Տրամադրությունն ընկած էր, բայց երկրպագուները ֆանտաստիկ էին։ Նրանք չէին փորձում ճնշում գործադրել ֆուտբոլիստների վրա, բայց ցանկանում էին աջակցել: Եվ ահա երկրորդ խաղակեսում արձագանքը եղավ, ճիշտ տրամադրություն կար, թիմը վերադարձավ և գնաց հաղթանակի հետևից, չնայած նա հասկացավ, որ նույնիսկ ոչ-ոքին մեզ կտանի դեպի փլեյ-օֆֆ: Հուսով եմ, որ տղաներն իրենց հաջորդ տնային հանդիպումը կսկսեն վստահ և անմիջապես, քանի որ նրանք հիանալի խաղացողներ են»,- նշել է Մոուրինիոն։
Սիրարփի Աղաբաբյան