«Եթե ներկայիս պետական համակարգը անկարող է պաշտպանել ինձ ու շատ ընկերներիս, ապա դա կշարունակենք անել ներքևից վերև սկզբունքով, ինչպես եղել է նախկինում». Արսեն Խառատյան
Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բացահայտել, պատժել ու բացառել…
Հեղափոխությունից հետո զերծ եմ մնացել շուրջ 11 տարի առաջ իմ դեմ տեղի ունեցած հարձակման շուրջ քննարկումներ սկսելուց: Համարել եմ, որ մարտի 1-ը, կոռուպցիոն հանցագործությունները, Ռոբերտ Քոչարյանի ու մասշտաբային շատ այլ գործեր ավելի կարեւոր են, քան օրինակ իմ ու մի շարք այլ ընկերներիս դեմ տեղի ունեցած բռնություններով ՀՀ գլխավոր դատախազությանն ու քննչականն այլ մարմիններին ծանրաբեռնելը:
Այժմ, սակայն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ անվտանգության մարմինների այն աշխատակիցները, որոնք տարիներ շարունակ Հայաստանում եւ սփյուռքում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց գաղտնալսել, հետապնդել, մեր դեմ հոգեբանական ճնշումներ, խոշտանգումներ ու բռնություններ են կիրառել, ոչ միայն որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում, այլեւ շատ հանգիստ տեղավորված են իրենց հիմնարկներում եւ շարունակում են համակարգի ներսից ու դրսից հարվածներ հասցնել մեզ:
Ավելի կոնկրետ ասեմ. ԱԱԾ-ի եւ անվտանգության այլ մարմինների ունեցած ներքին ոստիկանական գործառույթներ իրականացրած ֆորմալ եւ ոչ ֆորմալ խմբերի մասին հետհեղափոխական շրջանում ոչ միայն որեւէ բացահայտում չի եղել, այլեւ քաղաքական օրակարգում այս մասին խոսակցություն անգամ չկա, ինչը կարող է նշանակել 3 բան.
1. Գործող քաղաքական իշխանության ձեռքը չի հասնում զբաղվել այս խնդրով, հաշվի առնելով ամենօրյա ռեժիմով անելիքների ողջ բազմությունը
2. Իշխանությունը գիտի այս ցանցի գոյության մասին, սակայն տարբեր պատճառներով նպատակահարմար չի համարում, կամ անկարող է ձերբազատվել դրանից,
3. Ամենաանցանկալին ու անհավանականը, իշխանությունը շարունակում է օգտվել այս համակարգի ծառայություններից
Այս գրառմամբ ցանկություն չունեմ ավելի լայն բացել, կամ վերլուծել վերը նշված կետերը, դա կանեմ, եթե առաջիկայում նշված հարցերի շուրջ առաջընթաց չլինի: Տեքստի նպատակը` ընկերներիս ու հանրային մի շարք դեմքերի դեմ իրականացված ակնհայտ քաղաքական հիմքերով չբացահայտված բռնության դեպքերը վերաբացելու գործընթացի մեկնարկ տալն է: Ասեմ նաեւ, որ գործող իշխանության որեւէ ճյուղի ներկայացուցչի հետ այս հարցը չեմ քննարկել եւ չեմ էլ պատրաստվում քննարկել:
Պետական համակարգի ամենաբարձր օղակներում հայտնված ընկերներս շատ լավ գիտեն եւ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, եթե ինչ-որ պահի անհրաժեշտ կհամարեն ներգրավվել գործընթացում` դա իրենց որոշելիքն է: Միայն արձանագրեմ, որ իմ խորին համոզմամբ, նշված գաղտնի ոստիկանության բացահայտումն ու մերժումը, ի թիվս այլ հանգամանքների տեղի չի ունեցել, գործող քաղաքական թիմի կողմից անցյալի իրավաքաղաքական գնահատականը չտալու, կամ` հուսամ, ուշացնելու պատճառով:
Այսպիսով, առաջիկայում թարմացնելու եմ հանրային հիշողությունը վերջին 10-ամյակներին կոնկրետ մարդկանց դեմ իրականացված հարձակումների շուրջ` սկսելով ինքս ինձնից: Չիմացողների, կամ նոր սերնդի համար ասեմ, որ 2008-ի մարտի 1-ից հետո, երբ երկրում արտակարգ դրություն էր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեր մի շարք այլ ընկերների հետ ընդհատակում էր, իսկ որոշները քաղբանտարկյալ էին, ես ու իմ ընկերները բողոքի ցույցեր անելու, թռուցիկ բաժանել-փակցնելու համար անգամներ բերման ենք ենթարկվել, իսկ 2008-ի մայիսի 28-ին կոնկրետ իմ նկատմամբ հարձակման եւ ծեծի միջոցով հաշվեհարդար է եղել, որում ներգրավված են եղել պետական ուժային կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում:
Դեռեւս չեմ քննարկել իրենց հետ, սակայն պատրաստվում եմ խոսել նաեւ ակնհայտ քաղաքական մոտիվներ ունեցող բռնության այլ դեպքերի մասին: Մարկ Գրիգորյանից եւ Աշոտ Մանուչարյանից, մինչեւ Նարեկ Հովակիմյան, Էդիկ Բաղդասարյան, Հայկակ Արշամյան, Սուրեն Սաղաթելյան, Վիլեն Գաբրիելյան, Րաֆֆի Դուդակլյան, Դավիթ Պետրոսյան եւ այլն: Իմ մասով հասնելու եմ նրան, որպեսզի գործս վերաբացվի ու բացահայտվի, թե ո՞վ է կայացրել իմ դեմ հարձակման որոշումը, ո՞ր կառույցներն են դրանում ներգրավված եղել եւ կոնկրետ ովքե՞ր են դա իրականացրել:
Եթե ներկայիս պետական համակարգը անկարող է պաշտպանել ինձ ու շատ ընկերներիս, իսկ գործող քաղաքական իշխանությունը չի ցանկանում լուրջ խոսակցություն ծավալել անցյալի գնահատականի, լյուստրացիայի, իրական անցումային արդարադատության մասին, ապա դա կշարունակենք անել ներքեւից վերեւ սկզբունքով, ինչպես եղել է նախկինում: Եթե Նոր Հայաստանի սերն ու թավիշը ընտանիքիդ անդամների մասին ամեն օր հայհոյանք, սպառնալիք ու ատելություն լսելն ու հանդուրժելն է, ապա ես մի փոքր այլ պատկերացում ունեմ իրավական պետության մասին: Վերը նշվածի վերաբերյալ այլեւս վարանելն ու ուշացնելը որեւէ արդարացում չունի:
2018-ի հեղափոխությունը համակարգը փոխելու էր եկել, էնպես չանենք, որ այդ համակարգը մեզ փոխի…»:
Բացահայտել, պատժել ու բացառելՀեղափոխությունից հետո զերծ եմ մնացել շուրջ 11 տարի առաջ իմ դեմ տեղի ունեցած հարձակման…
Gepostet von Arsen Kharatyan am Dienstag, 26. November 2019