«Գերեզմաններ պղծելը կարող է սոցիալական ըմբոստության արտահայտման ձև լինել». Ահարոն Ադիբեկյան

Վանդալիզմի դեպքերը ՀՀ-ում շարունակվում են: 2 օր առաջ Կոտայքի մարզում գերեզմաններ են պղծվել, ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Զովունիի, Եղվարդի, Նուբարաշենի գերեզմանոցներում:

Ըստ հոգեբան Սամվել Խուդոյանի՝ նման արարքներ հաճախ անում են դեռահասները, հասարակությունից դժգոհ մարդիկ, նման դեպքեր լինում են նաև էթնիկական հողի վրա:

«Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մեջ ես նմանություն եմ տեսնում: Լինում են վանդալիզմի, սրբապղծության տարբեր տիպեր, օրինակ՝ սատանիստական, որի դեպքում պետք է լինեին իրենց հատուկ սիմվոլիկա, օրինակ՝ շրջված խաչեր, լինում են էթնիկական դրսևորումներ, օրինակ՝ մուսուլմաններն են նման բաներ անում քրիստոնյաների գերեզմանների հետ, նման պահվածքը բնորոշ է նաև դեռահասներին, որոնք այդ կերպ ժխտում են մահը:
Այս դեպքերի պարագայում, կարծում եմ՝ հատուկ նպատակադրված քայլեր են եղել, վանդալիզմ է եղել, կոնկրետ մարդկանց վրեժ կարող է լինել, կարող է դեռահասների խաղ լինել»,- ասաց Սամվել Խուդոյանը:

Հոգեբանը պնդում է, որ նման արարքներ շատ հաճախ կատարում են ցածր ինտելեկտ և հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ, իսկ վերոնշյալները կարող են բխել սոցիալական պայմաններից:  Սոցիալական ծանր պայմանները կարող են առաջ բերել ըմբոստություն, պնդում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, իսկ գերեզմանները պղծելն ըմբոստության արտահայտման ձև է:

«Շատ երիտասարդներ, տեսնելով իրենց ծնողների վիճակը, որն անդրադառնում է նաև իրենց վրա, մտածում են, որ դա գալիս է տատերից ու պապերից: Այս ձևը սոցիալ-հոգեբանական լարվածությունը հանելու ձևերից մեկն է:
Պետք է հատուկ ուշադրություն դարձնել սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների երեխաներին, որ նրանք կարողանան ստանալ կրթություն, աշխատանք ունենան, և այլն»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգն ու հոգեբանը պնդում են, որ նման դեպքերից խուսափելու համար պետք է պատժել մի քանիսին: Հիշեցնենք՝ վանդալիզմը  ՀՀ-ում քրեականացված է, պատժվում է  տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս