«Էս քաղաքը, ի վերջո, ճանապարհային ոստիկանություն ունի՞». Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանի քաղաքապետին
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն այսօր նիստի ժամանակ խոսեց Երևանի վատ աշխատող տրանսպորտի մասին՝ ասելով.
«Հատկապես երեկոյան ժամերին որոշ համարներ առհասարակ չկան, որ մարդ կարողանա տեղափոխվել: Արդյո՞ք հնարավոր է ներգրավել հավելյալ շարժակազմ, և մեկ հարց էլ՝ ինչո՞ւ ՃՈ-ն չի հեռացնում մայթերին կայանած մեքենաները, որ ստիպված վարչական շրջանների ղեկավարներն են ձողեր տեղադրում, որ մեքենաները մայթ չբարձրանան: Ինչո՞ւ չեն տուգանվում այդ վարորդները: Վերջիվերջո, այս քաղաքն ունի՞ ճանապարհային ոստիկանություն»:
Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ Տրանսպորտի վարչությունը պարբերաբար Ճանապարհային ոստիկանության հետ միասին միջոցառումներ է անցկացնում այդ ուղղությամբ:
«Ինչ վերաբերում է ձողերին՝ արձակուրդիս ուսումնասիրել և այցելել եմ տարբեր քաղաքներ, որպեսզի տեսնեմ, թե այդ ամենն ինչպես է կազմակերպված: Եվրոպական քաղաքների հյուսիսային հատվածներում քիչ էին այդ ձողերը: Բայց ճիշտ եք, այս պահին թերի է այդ հատվածը»,- ասաց նա:
«Քաղաքապետարանի և մասնավորի շրջանակներում մի փոքր բարեփոխումներ կիրականացնենք, տրանսպորտի ուղղություն կփոխենք, որպեսզի արդյունավետությունը բարձրանա, մինչև տարեվերջ արդեն կհասկանանք՝ մեր նոր տրանսպորտային ցանցը ֆինանսական ինչ միջոցներով ենք իրագործելու»,- նշեց Հրաչյա Սարգսյանը:
Անի Կարապետյան