ՌԴ վարչապետը հանդիպել է ԱՊՀ լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցելել է ռուսական ՏԱՍՍ գործակալության կենտրոնական գրասենյակ, որտեղ անցկացվել է ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի (ԱՊՀ ինֆորմխորհրդի) 27-րդ նիստը: Օրակարգում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքների քննարկման հարցն էր:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը ներկայացրել է Հաղթանակի տոնակատարության նախապատրաստական գործընթացում տեղեկատվաորոնողական աշխատանքները: Նա ընդգծել է, որ գործակալության ջանքերով գտնվել են զինծառայողների ու սպաների հազվագյուտ լուսանկարներ, որոնք արվել են տարբեր ռազմաճակատներում: Անանյանն անդրադարձել է Մեծ Հայրենականին նվիրված նախագծերին, ներկայացրել է հաղթանակի կերտման գործում նաև «Արմենպրես»-ի աշխատակիցների ներդրումները: ««Արմենպրես»-ի թղթակիցները Մեծ Հայրենականի հաղթանակին իրենց նպաստն են բերել՝ թե զենքը ձեռքին կռվելով հանուն հայրենիքի, թե գրչով և վրձինով ստեղծելով արդիական ու որակյալ տեղեկատվություն, թե 100-ից ավելի գեղարվեստական բարձր արժեք ներկայացնող պլակատներով, որոնց թվայնացումն ու հրապարակումը գործակալությունն արդեն իրականացրել է 5 տարի առաջ՝ հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ»,-նշել է «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:
Ռուսաստանի Դաշնության ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը տեղեկացրել է, որ նախատեսում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, պատրաստվում են «Մամուլը պատերազմում» մեծ ֆոտոցուցահանդեսի: «Դա մեր ընդհանուր տոնն է, մեր ժողովուրդները մարտնչել են հանուն հաջորդ սերունդների իրավունքների: Մենք իրավունք չունենք մոռանալու այն մարդկանց սխրագործությունները, որոնք հաղթանակած են դուրս եկել արյունալի պատերազմում»,-նշել է Սերգեյ Միխայլովը: