«Եթե վաղը Արցախը հանձնենք, ապա հաջորդ օրը սկսվելու են Սյունիքն օտարելու գործողություններ». Արմինե Ադիբեկյան

«Սերժ Սարգսյանի հայտարարությունը լրիվ համապատասխանում է հայկական կողմի՝ գործընթացին մասնակցության տրամաբանությանը, որը 1994թ. ի վեր գոյություն ունի մեր օրակարգում»,- 168 TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ԵԺԿ համագումարի ժամանակ հայտարարել էր, որ արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլն իր մոտ մտահոգություններ է առաջացնում: «Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- ասել է Երրորդ նախագահը:

Ըստ Ա. Ադիբեկյանի՝ հիմա իրավիճակ է փոխվել, անհասկանալի է՝ դեպի ուր է փոխվել օրակարգը. «Ո՛չ ադրբեջանցիներն են հասկանում՝ ինչ է կատարվում, ո՛չ մենք, ու ինձ թվում է՝ ՀՀ իշխանություններն էլ լավ չեն պատկերացնում՝  ուր պետք է գնա այս գործընթացը: Եվ Սերժ Սարգսյանը, ըստ իս՝ փորձեց ուղղորդել գործող իշխանություններին, որ տրամաբանությունը սա է, և այս տրամաբանության մեջ պետք է գործել, վարել բանակցային գործընթացը, և հանկարծ սխալ քայլերով չդրդել ռազմական գործողությունների առաջացմանը»:

Ստեղծված իրավիճակի պատճառը, նրա խոսքով՝ այն է, որ Արցախի հարցով հիմա զբաղվում են մարդիկ, որոնք երբևիցե այդ հարցով չեն զբաղվել. «Բանակցային գործընթացի մեջ ընդգրկված են մարդիկ, որոնք երբևիցե ոչ մի փաստաթուղթ չեն կարդացել, ոչ մի հրապարակում չեն կարդացել, նրանք երբևիցե ուշադիր չեն եղել ելույթներին, տեղեկություն չունեն այդ ամբողջ քարոզչական և տեղեկատվական պատերազմներից և դրանից բխում են այն բոլոր անհասկանալի և նեգատիվ երևույթները, որոնց ականատեսն ենք»:

Ադրբեջանի հարցերով փորձագետի համար պարզ չէ՝ որն է ՀՀ գործող իշխանությունների դիրքորոշումն Արցախի հարցում. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ՀՀ առաջին դեմքն ուզում է այդ թեման հանել իր ուսերից և դնել Արցախի կողմի ուսերին, կամ, որ թեման ինչ-որ մի ձևով ներծծվի և քաշվի: Այս 25 տարվա բանակցային պրոցեսում ահռելի աշխատանք է կատարվել, և դա արդյունքի չի բերել ոչ թե նրա համար, որ վատ աշխատանք է կատարվել կամ ոչ բանիմաց մարդիկ են բանակցել, այլ, որ այս խնդիրն իրականում լուծում չունի: Գոյություն չունի ինչ-որ մի կետ, որտեղ բոլոր մասնակիցներն իրենց բավարարված կզգան»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 1.5 տարվա ընթացքում Արցախի վերաբերյալ 3 թեզ առաջարկեց. նախ՝ հայտարարեց, որ Արցախը պետք է լինի բանակցային կողմ, ապա նշեց՝ Արցախը Հայաստան է, և վերջ, այնուհետև ասաց, թե պետք է գտնվի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս երեք թեզն իրար չեն հակասում:

«Այդ թեզերը ոչ թե իրար են հակասում, այլ առհասարակ ողջամտությանը: Այնպես է դասավորվել, որ Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղանին, ուրիշ հարց է՝ ինչու է Արցախը դուրս մնացել բանակցային սեղանից: Բայց մենք հիմա գտնվում ենք այն կետում, որտեղ հետողորմեա անելն անհնար է, և դա Լավրովը շատ հստակ ասաց: Այստեղ միայն Նիկոլ Փաշինյանն է որոշել, որ Արցախը պետք է վերադառնա, ու դա հենց խոսում է իմ կարծիքի մասին, որ նա չի ուզում ընդհանրապես այս հարցի մեջ ներքաշվել, այլ ուզում է, որ Արցախն Ադրբեջանի հետ իր հարցերը լուծի: «Արցախը Հայաստան է, և վերջ» թեզը շատ հին է, որը միշտ մեր ներքին խոհանոցում օգտագործվել է, մենք իմացել ենք, բայց ամեն ինչ չէ, որ տանը խոսվում է, պետք է դրսում էլ ասել: Նա դուրս է հանել մի թեզ, որը դրսում չի գործում. դա հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը: Ես չգիտեմ՝ նա ինչպես է պատրաստվում այդ թեզը համատեղել Ադրբեջանի հասարակության բավարարվածության հետ, այնուամենայնիվ, դա ողջամիտ թեզ չէ՝ դրսի լսարանի համար»,- պարզաբանեց Արմինե Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ գոյություն չունի այնպիսի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, որովհետև նրանք տարբեր բևեռներում են:

Հարցին՝ այդ դեպքում ինչի՞ շուրջ են բանակցությունները, նա պատասխանեց. «Այսքան տարի փորձում են այդ բևեռներն ինչ-որ ձևով կոտրել և մոտեցնել իրար, այսինքն՝ կողմերից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի իր համար կարևոր ինչ-որ մի բանից հրաժարվել: Ադրբեջանը պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական թեզից: Վերջերս մի նոր թեզ վերահնչեցվեց, որ Թուրքիան և Ադրբեջանը մի օրգանիզմ են, որին խանգարում է Հայաստանը, և այդ խոչընդոտը պետք է վերացնել: Այսինքն՝ իրենց ախորժակն Արցախը չէ. Արցախը Թուրքիայի հետ միանալու առաջին քայլն է: Թող ոչ ոք չկարծի, որ, եթե վաղը Արցախը հանձնենք Ադրբեջանին, սկսելու ենք խաղաղ ապրել. հաջորդ օրը սկսվելու են Սյունիքն օտարելու գործողություններ: Ես ուզում եմ, որ բոլորը դա հստակ հասկանան: Հայկական կողմն էլ պետք է հրաժարվի իր մաքսիմալիստական մոտեցումներից՝ «Բաքվում թեյ ենք խմելու», «Մեր սահմանը պետք է Քուռով գնա», և այլն»:

Բանակցային գործընթացը, ըստ նրա՝ ընդամենը պատերազմ չսկսելու պատրվակ է. «Պատերազմն այսօր ոչ ոքի պետք չէ՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին, ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Եվրոպային, ո՛չ էլ Իրանին: Այսինքն՝ բոլորը դեմ են ռազմական գործողություններին: Բայց քանի որ ժողովրդին էլ ինչ-որ մի ձև պետք է բացատրել, թե ինչու իրավիճակը տեղից չի շարժվում, օրինակ՝ Ադրբեջանն իր ժողովրդին ասում է՝ մեր հողերն այնտեղ է, մենք ոչինչ չենք կարողանում, հայկական կողմն էլ ասում է՝ եթե ոչ մի բան չի արվում, ինչո՞ւ մեզ չեն ճանաչում: Այսինքն՝ մեզ պետք է այս ամենն իրավաբանորեն ամրապնդել, դրա համար բանակցային գործընթացի գործիքն է ընդունվել, որ մենք բանակցում ենք: Ինչի շուրջ, ինչ ձևաչափով, ինչ ակնկալիքներով, ինչ նպատակադրումով՝ բացարձակապես ոչ ոք ոչինչ չգիտի, որովհետև գնում՝ փակ դռների հետևում ինչ են խոսում՝ Աստված գիտի, իսկ հետո ամեն մեկն իր երկրում ասում է ճիշտ հակառակը: Դա եղել է միշտ, դա այդպես էլ կլինի, ուրիշ ձև չի լինելու. բանակցելու թեմա չկա»:

Ստեղծված իրավիճակում ադրբեջանագետը դժվարացավ Արցախի վերաբերյալ կանխատեսումներ անել, որովհետև ըստ նրա՝ մասնակիցներն անկանխատեսելի են ընդգրկված գործընթացում:

Տեսանյութեր

Լրահոս