«Կուսակցությունների մասին» օրենքը կփոփոխվի, կվերանայվեն ֆինանսավորման հետ կապված մոտեցումները
Հայաստանում «Կուսակցությունների մասին» օրենքը կփոփոխվի: Առաջարկվում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ինտենսիվ աշխատանքները սկսվել են օգոստոսի վերջից:
«Կարծում եմ՝ դեկտեմբերին կվերսկսենք աշխատանքները և կանդրադառնանք մի քանի հարցերի, որոնց շուրջ մանրամասն քննարկումներ չենք ունեցել: Իմ կարծիքով՝ գոնե հրապարակված հայեցակարգի շրջանակներում մենք ունենք կոնսենսուս այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև, ովքեր մասնակցել են՝ լինի ԲՀԿ-ն թե «Լուսավոր Հայաստանը»: Իսկ բովանդակային առումով առանցքային մի քանի խնդիրներ ենք առանձնացրել՝ օրենքի բարեփոխումն իրականացնելու համար: Ընդգծեմ, որ չենք սահմանափակվելու միայն «Կուսակցությունների մասին» օրենքով, փոփոխություններ կլինեն նաև Ընտրական օրենսգրքում: Ի դեպ, այս հարցերի շուրջ նաև քաղաքացիների կարծիքն ենք հավաքագրում.եղել ենք Արարատում, Գյումրիում, Վանաձորում: Համարում ենք, որ սա բիզնեսի և քաղաքականության տարանջատման, բիզնեսի ազդեցությունը քաղաքականության վրա սահմանափակելու, այն ավելի կանխատեսելի և թափանցիկ դարձնելու ուղղությամբ ևս մեկ առանցքային քայլ է: Շատ կարևոր քայլ է՝ նաև կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Մենք վերանայում ենք ֆինանսավորման հետ կապված մոտեցումները»,- նկատեց պատգամավորը:
Օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի դիտարկմամբ էլ՝ ինչքան ուժեղ լինեն կուսակցությունները, այնքան ուժեղ կլինի ժողովրդավարությունը: Ըստ նրա՝ սա է պահանջում նաև խորհրդարանական կառավարման համակարգը:
168.am-ի հարցին՝ նախագիծը նախապես քննարկվե՞լ է կուսակցությունների ներկայացուցիչների հետ, Համազասպ Դանիելյանը պատասխանեց, որ հոկտեմբերին եղել են խորհրդարանական լսումներ:
«Բոլորը կարող էին գալ և ներկայացնել իրենց տեսակետը: Բացի այդ՝ ստացել ենք նաև նամակներ, հեռախոսազանգեր: Կարող են նաև առաջարկները ներկայացնել առցանց տարբերակով:
Մեր մոտեցումները հրապարակել ենք, ստեղծել ենք հարթակ, որպեսզի իրենց դիրքորոշումները հայտնեն. մենք ուշադրությամբ կլսենք»,- նկատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Անի Կարապետյան