«Փաշինյանը վիրավորում է Մարտի 1-ին փողոցներում տանկերի ու ավտոմատների դեմ պայքարող անզեն ցուցարարներին». Լևոն Զուրաբյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով իր հրաժարականի պահանջի մասին, ասել էր. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը, իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ ակնարկի դրա մասին, րոպե առաջ, որովհետև վարչապետը՝ անկախ անձերից, որի չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, մեր օրոք էտպիսի իշխանություն ու էտպիսի իրավիճակ չի լինելու»։

Այս առնչությամբ Aravot.am-ը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին հարցրեց՝ ձեր արձագանքն ինչպիսի՞ն է, Նիկոլ Փաշինյանը սայթաքե՞լ է՝ 1996-ի մասին հիշատակելով եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ներգրավելով, թե՞ միտումնավոր է ասել: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ Հարութ Ուլոյանի գրառումն այնքան ճշգրիտ է եղել, որ դրան ավելացնելու որեւէ բան չունի: Իսկ Հարութ Ուլոյանը հետեւյալ գրառումն է արել.

«Փաստորեն` Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության: Ավելին, պնդում էր նաև, որ «չարիքը» «վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»:

Բայց այստեղ այլ հարց էլ կա: Փաշինյանը, տրամաբանությունից դուրս կամ «քաղաքական նպատակահարմարությունից» ելնելով, ինչ ասես կարող է հայտարարել, բայց տվյալ դեպքում, ըստ էության, նա վիրավորում է ներկայումս իր կողմից «չարիք» անվանվող 2008 թվականի ընդդիմության թեկնածուի ընտրազանգվածին, վիրավորում է 10-օր հանրահավաք անողներին, վիրավորում է Մարտի 1-ին փողոցներում տանկերի ու ավտոմատների դեմ պայքարող անզեն ցուցարարներին: 2008-ին ժողովուրդը 1996-ի թեման փակել է: Եթե Փաշինյանը իր անձի պահով դա ուրանում է՝ դա իր խնդիրն է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս