ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Հայաստանում երեխաների առաջին գագաթաժողովը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նոյեմբերի 20-ին մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կազմակերպած Հայաստանում երեխաների առաջին գագաթաժողովին, որին մասնակցել է ամբողջ Հայաստանից ավելի քան 170 երեխա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Երեխաների համաշխարհային օրվան նվիրված միջոցառման պաշտոնական բացումից հետո երեխաները բաժանվել են հինգ թեմատիկ խմբերի՝ քննարկելու առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, բնապահպանության ոլորտների խնդիրները։
Արման Թաթոյանը հանդիպել է մարզերից եկած երեխաների, լսել նրանց հուզող խնդիրները, երեխաների առաջարկած լուծումները խնդիրներին։
Արման Թաթոյանը երեխաներին տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է երեխաների իրավունքների պաշտպանության բաժին, մասնագիտացված կայք ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների համար՝ children.ombuds.am հասցեով:
Երեխաները Պաշտպանին հարցեր են ուղղել երեխայի լավագույն շահի, որոշումների կայացմանը մասնակցության իրավունքի, էլեկտրոնային միջավայրում երեխաների անվտանգության և այլ թեմաների վերաբերյալ։
«Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը։ Բոլորը պետք է հաշվի առնեն երեխաների կարծիքը և նրանց առնչվող որոշումներ կայացնելիս առաջնորդվեն երեխայի լավագույն շահով: Այդ լավագույն շահից է բխում նաև ընտանեկան միջավայրում մեծանալն ու ընտանիքում դաստիարակություն ստանալը»,- երեխաների հետ հանդիպմանը նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։
«Երեխաների համաշխարհային օրվա կարևոր խորհուրդ երեխաների ձայնը լսելն է ու այն լսելի դարձնելը բոլորի ու հատկապես որոշում կայացնողների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: