Արդրբեջանն ամրացրել է իր դիրքերը Վրաստանի տարածքում՝ վերահսկելու հայկական դիրքերը. փաստում են Google-earth-ի արբանյակային լուսանկարները

Ադրբեջանական զինված ուժերը մտել են Վրաստանի տարածք, որպեսզի հնարավորություն ունենան վերահսկելու հայկական դիրքերը։ Խոսքը Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունու մասին է:

Google Earth-ի ազատ օգտագործման համար հասանելի արբանյակային լուսանկարները  հստակ ցույց են տալիս, որ ադրբեջանական ուժերը մի քանի կիլոմետր լայնությամբ և մի քանի հարյուր մետր խորությամբ դիրքավորվել են Վրաստանի տարածքում։ Հայկական ուժերը ևս նոր դիրքեր են հաստատել՝ ճիշտ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկարությամբ։ Այս թեմայի վերաբերյալ բրիտանական հետաքննական՝ Bellingcat.com կայքում հոդված են հրապարակել «Օրբելի» կենտրոնի փորձագետներ Տարոն Հովհաննիսյանը, Վլադ Վարդանյանը և Մասիս Ինգիլիզյանը:

«Հիշո՞ւմ եք՝ 2019թ. օգոստոսին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնեց, թե Տավուշի սահմանում իրենք առավելության են հասել հայկական զինված ուժերի նկատմամբ, նոր հենակետեր են ստեղծել:  Չնայած հայկական կողմը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի հայտարարությունն ապատեղեկատվություն է, և իրականում  մենք ենք այդտեղ առավելության հասել, բայց մենք, որպես անկախ հետազոտողներ՝ փորձեցինք չեզոք աղբյուրների միջոցով հետազոտություն իրականացնել և հասկանալ, թե ի՞նչ է կատարվել: Google Earth-ի և Planet Labs-ի կողմից տրամադրված արբանյակային լուսանկարները ցույց տվեցին այն, ինչի մասին խոսում էին երկու կողմերը. 2019թ. մարտ ամսին թե՛ հայկական զինված ուժերը, թե՛ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, որը 2018թ. հոկտեմբերից Տավուշի մարզի սահմանի այդ հատվածում փոխարինել էր ադրբեջանական բանակին,  որոշակի առաջխաղացում գրանցել են:

Խորհրդային Միության փլուզումից հետո Կովկասի երեք նախկին հանրապետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը,  սահմանազատումն իրականացրել են  խորհրդային քարտեզների հիման վրա, մենք Google-ի տրամադրած սահմանային գծերը համեմատեցինք ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քատեզների հետ և տեսանք, որ այդ հատվածն ամբողջությամբ համընկնում էր: Հայկական կողմի առաջխաղացումն այդ հատվածում՝ ըստ Google-ի քարտեզների, շուրջ 1.5 կիլոմետր է, ադրբեջանական կողմինը՝ 400-500 մետր: Արդյունքում՝ հայկական կողմը հաստատել է նոր դիրքեր Հայաստան-Ադրբեջան սահմանագլխին, իսկ ադրբեջանական կողմը, ըստ քարտեզի՝ ոչ թե եկել է դեպի արևմուտք, ՀՀ կողմ, այլ բարձրացել են հյուսիս ու ավելի են ամրացրել Վրաստանի տարածքում իրենց ունեցած դիրքերը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Այստեղ կարելի է մի քանի հիպոթեզ առաջ քաշել: Դրանցից մեկն այն է, որ իրենք Պապաքար բլրազանգվածի հատվածում, նաև Վրաստանի տարածքում ամրանալով, ենթադրենք, կարող էին շրջանցել Վրաստանի տարածքը և դուրս գալ հայկական դիրքերի թիկունք,  եթե չլիներ հայկական զորքի 1.5 կմ առաջխաղացումը, գուցե իրենց հաջողվեր:  Հիմա մենք փակել ենք այն տարածքը, որով ուզում էին Վրաստանի հաշվին առաջ գալ: Հետազոտությունը նաև ցույց տվեց, որ դեռևս 2008-2009թթ. Վրաստանի տարածքում սկսել էին դիրքեր տեղակայել Պապաքարից սկսած մինչև Վրաստան-Ադրբեջան Կարմիր կամուրջ  վրացական մաքսային անցակետը: Այսինքն, իրենք վերահսկում են մաքսակետը, ինչպես նաև ադրբեջանաբնակ, բայց Վրաստանի գյուղը»,- հավելեց  «Օրբելի» կենտրոնի փորձագետ Վլադ Վարդանյանը:

Փորձագետների փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը փորձել է հերքել այս ամենը:

«Ադրբեջանական պետական լրատվական գործակալության վերլուծաբանները պարզապես տեղաշարժեցին Google-ի քարտեզի գծերն ու իրենց զբաղեցրած տարածքները ներառեցին Ադրբեջանի տարածքում, որպեսզի քարտեզով ցույց տան, որ Վրաստանի տարածք չեն մտել»,- հայտնեցին փորձագետները:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս