«Եթե մեզ մի փոքր հարգում եք, վերադարձե՛ք լսարաններ». ԵՊՀ դասախոսը՝ ուսանողներին
ԵՊՀ-ում արդեն 13 օր շարունակվում է դասադուլը: Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները չեն վերադառնում լսարաններ, պատճառը՝ ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայագիտական առարկաների պարտադիր բաղադրիչը հանելու նախագիծն է: ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Թադևոս Տոնոյանը ուսանողների ընտրած պայքարի ձևը՝ դասադուլը, այս պահին ահեռանկարային է համարում և կոչ է անում իր ուսանողներին վերադառնալ լսարաններ: Թադևոս Տոնոյանը ԿԳՄՍ նախարարի և ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի քննարկումներին հետևել է առցանց: Ասում է՝ իրեն չեն բավարարել ո՛չ հարցադրումները, ո՛չ պատասխանները:
«Երևի նախարարի պատասխանները բխում էին հարցերի ոչ լավ կառուցված լինելուց, բացառությամբ մի քանիսի: Նախարարը տեղ թողեց հետագա հանդիպումների բանակցությունների համար, ես կոչ եմ անում մեր ուսանողներին՝ եթե մի փոքր մեզ հարգում եք՝ վերադարձեք լսարաններ: Պատրաստ լինենք համատեղ քննարկումների՝ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը, գերատեսչությունները»,- ասաց Թադևոս Տոնոյանը:
Դասախոսը պնդում է՝ պետք չէ հանել Հայոց լեզու, Հայ գրականություն, Հայոց պատմություն առարկաների պարտադիր բաղադրիչը ու դասավանդումը թողնել դեկանների և ռեկտորների հայեցողությանը:
«Ես չեմ կարծում, որ Հայոց լեզվի դասավանդումը պետք է թողնել դեկանների և ռեկտորների, որևէ անձի ողորմածությանը: Սա իմ համոզմունքն է, պետք է օրենքով ամրակայել այն, ինչ կա, այն, ինչ կար, լրիվ բավարարում էր, պետք չէր սկսել օրենքի վերաձևումներից: Հանդիպումը հետազոտական, հետախուզական բնույթ էր կրում»:
Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Էմմա Գրիգորյանը պնդում է՝ չեն պատրաստվում վերադառնալ լսարաններ, քանի լուծված չեն իրենց բարձրացրած հարցերը:
«Դասախոսներն այն ժամանակ էլ, երբ առաջին օրերին նախազգուշական գործադուլ էին անում, մեզ կոչ արեցին վերադառնալ լսարաններ: Իրենք մեզ են կարոտել, մենք էլ իրենց ու իրենց դասերը, բայց մեր պայքարն անժամկետ է»:
Էմմա Գրիգորյանը վստահեցնում է՝ ԿԳՄՍ նախարարի և ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի քննարկումների ժամանակ չհնչեցին փաստարկներ, որ հայագիտական առարկաները պետք է ոչ պարտադիր դառնան:
«Չկար կառուցողական քննարկում, դա կլինի փոխհամաձայնության դեպքում: Նման վերաբերմունք հայագետների նկատմամբ, ինչ ցույց տվեց նախարարը, անընդունելի է: Արայիկ Հարությունյանն անգամ չէր լսում դասախոսներին, նրանց խոսքն ընդհատում էր»,- ասաց Էմմա Գրիգորյանը:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանը երեկ տեղի ունեցած քննարկումը կառուցողական անվանելն աբսուրդ է համարում, ասում է՝ այդպիսի երկխոսություն չի լինում:
«Երեկվա քննարկումը բովանդակային առումով որևէ բան չտվեց, նախարարը պատրաստ չէր բովանդակային քննարկման, նրան հետաքրքրում էր մանիպուլյատիվ միջոցներով հերքել առաջադրված պնդումները, այդպիսի երկխոսություն չի լինում: Նա հեգնախառը և կիսասպառնալից տոնով էր խոսում դասախոսների հետ, ովքեր տարիների վաստակ ունեն»,- ասաց Էդուարդ Գալստյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ