Քանի՞ աշխատատեղ է ավելացել այս տարի. ինչո՞ւ վարչապետը չի խոսում այս թվերից

Որպեսզի թափ հավաքող «տնտեսական հեղափոխության» արդյունքները հասարակությունը գոնե ինչ-որ կերպ «ճաշակի», Նիկոլ Փաշինյանը պարբերաբար տվյալներ է հրապարակում տարբեր ոլորտներում արձանագրվող «աննախադեպ» հաջողությունների ու ձեռքբերումների վերաբերյալ։ Կարևոր չէ, թե խոսքն ինչի մասին կլինի, կարևորը, որ աճերն ազդեցիկ լինեն։ Պատահական չէ, որ առայժմ հասարակությունը «տնտեսական հեղափոխության» արդյունքները զգում է հիմնականում վիճակագրական այդ աճերի տեսքով, որոնք մեծամասամբ խաբուսիկ են։

Անդրադառնանք դրանցից մեկին։

Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախ հրապարակվող ցուցանիշներից են աշխատողների կամ աշխատատեղերի վերաբերյալ տվյալները։ Դրանց տրամաբանությունն այն է, որ իշխանափոխությունը պարզապես հրաշքներ է գործել` աշխատատեղերն ավելանում են ու ավելանում։ Չի եղել մի դեպք, որ հայտարարվի, թե աշխատատեղերը ոչ թե ավելացել, այլ նվազել են։

Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսում էր իշխանափոխությունից հետո գրեթե 75 հազարով աշխատատեղերի ավելացման մասին։

Դժվար է ասել, թե վարչապետը որտեղից է վերցնում այդ տվյալները, բայց պաշտոնական վիճակագրության ցուցանիշներն այլ բան են ասում։

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա ինն ամիսների սոցիալ-տնտեսական վիճակագրությունը, որտեղ կարելի է գտնել որոշ տվյալներ նաև պաշտոնապես գրանցված աշխատողների քանակի վերաբերյալ։ Այս պահին հրապարակված վերջին տվյալը վերաբերում է օգոստոս ամսին։ Դրա համաձայն՝ օգոստոսին հարկային մարմիններում հայտարարագրված աշխատողների թիվը ոչ միայն չի ավելացել, այլև մի քանի հարյուրով նույնիսկ կրճատվել է։ Եթե հուլիսին Հայաստանում պաշտոնապես գրանցված է եղել 603 հազար 17 աշխատող, ապա օգոստոսին այդ թիվը իջել է՝ կազմելով 602 հազար 373 աշխատող։

Անկախ նրանից, թե ինչ կասի վարչապետը, սա պաշտոնական թիվ է, որն արձանագրել է Վիճակագրական կոմիտեն։ Ու դա ցույց է տալիս, որ օգոստոսին հայտարարագրված աշխատատեղերը Հայաստանում 644-ով կրճատվել են։

Թե դա ինչո՞վ է պայմանավորվել, կարող են բերվել տարբեր պատճառաբանություններ։ Բայց փաստն այն է, որ աշխատատեղերի վերաբերյալ վարչապետի հայտարարություններն այնքան էլ միանշանակ չեն։ Միանշանակ չեն նաև հայտարարագրված աշխատատեղերի ավելացման հետ կապված պատկերացումները։

Դարձյալ նույն վիճակագրական տվյալները փաստում են, որ այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանում անհամեմատ ավելի քիչ նոր աշխատատեղեր են հայտարարագրվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Ու այնպես չէ, որ անցած տարվա ակտիվությունը եղել է բացառապես այն բանից հետո, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն։ Դրանից առաջ էլ հայտարարագրվող աշխատատեղերն ավելանում էին ու ոչ պակաս բարձր տեմպերով, քան իշխանափոխությունից հետո։

Մինչև հիմա հրապարակված տվյալներով՝ այս տարվա ընթացքում Հայաստանում հայտարարագրված աշխատատեղերն ավելացել են 17 հազար 21-ով։ Անցած տարվա դեկտեմբերի վերջին դրանք՝ 585 հազարի, այս տարվա օգոստոսին` 602 հազարի կարգի են եղել։ Տարվա սկզբին` պայմանավորված սեզոնային գործոններով, հայտարարագրված աշխատատեղերը սովորաբար կրճատվում են։ Միշտ էլ այդպես է եղել։ Բացառություն չէր նաև այս տարին. տարեսկզբին տնտեսական գործընթացներն անհամեմատ ավելի պասիվ են լինում, քան նախորդ տարվա վերջին։ Թերևս, դա էլ բերում է հայտարարագրվող աշխատատեղերի կրճատման։

Միայն ապրիլից հաջողվեց գերազանցել 2018թ. դեկտեմբերի ցուցանիշը։ Այդ ամիս հայտարարագրված աշխատատողների թիվը հասավ 588 հազարի։

Հաջորդող շրջանում, ինչպես փաստում են վիճակագրական ցուցանիշները, հայտարարագրված աշխատատեղերը կրկին ավելացել են։ Բայց այդ աճն անհամեմատ ավելի քիչ է եղել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։

2018թ. առաջին 8 ամիսներին Հայաստանում հայտարարագրված աշխատատեղերն ավելացել էին գրեթե 41 հազարով։ Թե դրանց ո՞ր մասն է պարզապես դուրս եկել ստվերից, ո՞ր մասը նոր ստեղծվել, այլ հարց է։ Փաստն այն է, որ այս տարվա նույն ժամանակահատվածում նոր հայտարարագրված աշխատողների քանակը գրեթե 24 հազարով պակաս է եղել անցած տարվա ցուցանիշից։ Անցած տարի եղել է 41 հազար, այս տարի` 17 հազար։

Ու դեռ պետք է պարզել, թե այդ 17 հազարից քանի՞սն է ստվերից դուրս եկել, քանի՞սն է նոր ստեղծվել։ Պաշտոնական վիճակագրությունը նման տվյալներ չի տալիս։ Բայց հասկանալի է, որ խոսքն ամենևին էլ նոր կամ, այսպես ասած, զրոյից ստեղծված աշխատատեղերի մասին չէ։ Այդ 17 հազարի մեջ հաստատ քիչ չեն ստվերից դուրս եկածները։ Այնպես, ինչպես անցած տարվա 41 հազարի դեպքում։ Այլ հարց է, թե ինչպիսի՞ն է հարաբերակցությունը ստվերից դուրս եկածների և նոր ստեղծվածների միջև։ Իսկ դա իսկապես էական է։ Բոլորովին այլ բան է նոր աշխատատեղերի ստեղծումը, այլ բան, երբ տարիներ շարունակ ստվերում գործող աշխատատեղերն են հայտարարագրվում։

Գուցե պետական բյուջեի եկամուտների համար ստվերից դուրս գալը կարևոր է, բայց իրական գործազրկության կրճատման ու մարդկանց աշխատանքով ապահովելու առումով դա ոչինչ չի տալիս։ Ու երբ վարչապետը հայտարարում է, թե աղքատության հաղթահարման համար հարկավոր է աշխատել, նախ պետք է մտածի մարդկանց աշխատանքով ապահովելու մասին, թե չէ՝ վիճակագրական թվերով ու աշխատատեղերի ավելացման վերաբերյալ ցուցանիշներ հրապարակելով` մարդկանց չես կերակրի։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանին լսելիս՝ թվում է, թե Հայաստանի տնտեսությունը զարգացման հեղափոխական տեմպերի մեջ է, գնալով թափ է հավաքում, տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են ստեղծվում, աշխատավարձեր են բարձրանում, ու այդպես շարունակ։ Բայց այդ ամենի իրական ազդեցությունը մարդիկ չեն զգում։ Չեն զգում, որովհետև շատ ու շատ դեպքերում գործ ունենք ոչ թե իրական, այլ երևակայական աճերի հետ։

Ստվերից դուրս գալը դեռ աշխատատեղի ստեղծում չէ։ Եթե այդպես լիներ, ապա այն 75 հազար աշխատատեղերը, որոնք, ըստ վարչապետի, հայտարարագրվել են իշխանափոխությունից հետո, հիմա պիտի էապես փոխեին հասարակության սոցիալական պատկերը։

Բայց ունենք այն, ինչ միշտ էլ ունեցել ենք։ Ու այդ առումով մեծ բան չի փոխվել։ Մարդիկ շարունակում են նույնքան վատ ապրել, որքան 75 հազարով աշխատատեղերի ավելացումից առաջ էին ապրում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս