«Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փլուզման եզրին է». Արարատի տարածքային բաժնի տեսուչ
Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կանգնած է փլուզման եզրին: Այս մասին ահազանգում են Արարատի տարածքային բաժնի տեսուչները: Ըստ Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանի՝ մարզի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքից հեռացնում է հին և պրոֆեսիոնալ կադրերին և նշանակում է իր մարդկանց:
«Աշխատանքից ազատեց Արարատի տարածքային բաժնի պետ Գեղամ Սահակյանին, որը շատ բանիմաց, գրագետ անձնավորություն էր: Ինչի՞ համար ազատեց: Երևան-Երասխ մայրուղու վրա մեր ֆրանսահայ մեծահարուստներից մեկը 2 միլիարդի ներդրում է կատարել և կառուցում է գյուղատնտեսական մթերքների բացօթյա շուկա: Ասել էր Գեղամ Սահակյանին՝ դադարեցրեք գործունեությունը, բայց Կառավարությունն այս ծրագրին հավանություն է տվել: Բաժնի պետը ստիպված եղավ ամռանը՝ հունիս-հուլիս ամիսներին, դիմում գրել-ազատվել»,- ասաց Արթուր Բադալյանը:
Արարատի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Արթուր Բադալյանը, ով նույնպես բախվում է նույն խնդրին: Իր պնդմամբ՝ այն բանից հետո, երբ մարզի տեսչական մարմնի ղեկավարին ասել է, որ Կառավարությունը թույլտվություն է տվել գործարարին, իր փոխարեն ժ/պ են նշանակել մեկ այլ տեսուչի՝ Արմեն Բավոյանին: Գյուղատնտեսական մթերքների բացօթյա շուկայի մասին այլևս խոսակցություն չի եղել:
«Արմեն Բավոյանը, չպատկերացնելով իր աշխատանքը, չտիրապետելով համակարգին, սկսեց անկանոն հանձնարարություններ տալ: Շինծու բողոքի հիման վրա, որի տակ իբրև թե կար Այնթապի 20 բնակչի ստորագրություն, ինձ ուղարկեց ասֆալտի գործարան ստուգման: Համայնքապետարանի միջոցով ճշտեցինք, որ ստորագրածներից միայն երկուսն են Այնթապի բնակիչ, մնացածը չգիտենք՝ ովքե՞ր են: Այդ բողոքի հիման վրա ինձ զննման մասին որոշում է տալիս, ինչի իրավունքը չուներ, քանի որ ժամանակավոր պաշտոնակատար էր»:
Արթուր Բադալյանը պատմում է, որ փորձել են բացատրել, որ ՍՊԸ մտնելու իրավունք չունեն՝ առանց նախօրոք հայտ ներկայացնելու, սակայն համոզել չի ստացվել:
«Ստուգումից հետո Արմեն Բավոյանը մեզ ստիպեց արձանագրություն կազմել ջրօգտագործման իրավունք չունենալու մասին։ Ասֆալտի գործարանի տնօրենը ստորագրեց, ընդունեց իր մեղքը, 300.000-ի տուգանք պետք է մուծեր: Ավելի ուշ Արմեն Բավոյանն ինձ ասաց՝ հետ վերցրու տնօրենից ստուգման փաստաթղթերը, ինչին պատասխանեցի, որ դրանք պետական փաստաթղթեր են: Նա ի՛նքը խնդրեց գործարանի տնօրենից փաստաթղթերը՝ նրա հետ նախապես պայմանավորվելով, որ տուգանքն այդ դեպքում կկազմի 150 հազար դրամ։ Նա, ըստ էության, դադարեցրեց վարչական վարույթը, թեև պետք է հայցով դիմեր լայն ստուգում կատարելու համար»:
Տեսչի հավաստիացմամբ՝ բացի դրանից, բաժնի պետի գործունեությունը սպառնալիքի տակ է դնում ամբողջ կառույցի գործունեությունը։
«Ես նամակ եմ գրել Հայաստանի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին, որով հրաժարվել եմ Արմեն Բավոյանի Արարատի տարածքային բաժնի պետ լինելու ժամանակահատվածում կատարել տեսուչի աշխատանք՝ հետագայում պատասխանատվության չենթարկվելու համար: Ինչից հետո իմ հանդեպ ծառայողական ստուգում են սկսել, իբր ես աշխատանքի չեմ գնում։ Այն բանից հետո, երբ ես ասացի, որ պատրաստվում եմ այս հարցով դիմել Հայաստանի վարչապետին, ծառայողական ստուգում սկսեցին նաև Բավոյանի նկատմամբ: Իմ լիազորությունները չեն դադարեցվել, այն պարագայում, երբ իմ դեմ ծառայողական վարույթ է հարուցվել»,- պարզաբանեց նա։
Արթուր Բադալյանն ասում է՝ Արարատի մարզպետին չեն դիմել, քանի որ անիմաստ են համարում, և վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ