«Կան մտահոգություններ, անհրաժեշտություն կա այդ մտահոգությունները փարատելու». ԱԱԽ քարտուղարը՝ վարչապետի հանձնարարականի մասին

«Ոչ թե ազգային անվտանգության տեսանկյունից, այլ հանձնարարական է եղել, քանի որ մտահոգություններ կան, նա բարձրաձայնում է հարց, որպեսզի ուսումնասիրեն և կոնկրետ պատասխան տան դրան։ Քանի որ կան քաղաքական ուժեր և անհատներ, որ դրանով մտահոգված են, և անհրաժեշտություն կա այդ մտահոգությունները փարատելու»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ԱԱԾ տնօրենին հանձնարարել է սատանայի հետ կապ ունեցող մարդկանց հայտնաբերել։

Անդրադառնալով ԱԱԾ-ի բացահայտմանը՝ օտարերկրացիների կողմից հայ երեխաների ապօրինի որդեգրման դեպքին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ-ի տարածած հայտարարությունից զատ, այս պահին ոչինչ ասել չի կարող, սակայն նմանատիպ խնդիրներն ԱԱԾ-ի և այլ կառույցների օրակարգում են, որոնք փորձում են հասկանալ, թե խնդիրները որտեղից են, և ինչպես կարող են դրանց համակարգային լուծում տալ։

«Սա իսկապես լուրջ սպառնալիք է մարդկանց անվտանգության համար, սպասենք, ԱԱԾ-ն հետագայում ավելի մանրամասն կխոսի։ Ինչ վերաբերում է օրգանների վաճառքին, ապա դրա մասին այս պահին խոսք չկա, եթե հավելյալ ինչ-որ բան լինի, դրա մասին կխոսվի»,- նշեց Ա. Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է իր հրապարակած հոդվածին, որ ժողովրդավարությունը պահպանության կարիք ունի, Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ Հայաստանն ավելի շատ պետք է խոսի ժողովրդավարության կայացման, զարգացման և պահպանության մասին։

«Ես ոչ թե խնդիր եմ տեսնում, որ այդ ուժերն իշխանության կգան, այլ խնդիր եմ տեսնում, որ իրենք չարաշահում են և չարաշահելով ժողովրդավարության ընձեռած հնարավորությունն ազատ մամուլի և այլ մասով՝ պառակտում են մտցնում հասարակությունում և ստեղծում խնդիրներ։ Այս առումով մենք քննարկում ենք ծավալում, հասկանալու համար, թե ինչպես կարող ենք այդ խնդիրներին լուծում տալ։ Հոդվածի մեջ նաև խոսում եմ, որ այս խնդրի լուծումը նման է ածելիի ծայրով քայլելուն, և այդ սահմանը շատ նուրբ է, որը պետք է կարողանանք պահել։ Կրկնում եմ՝ հաճախ այդ ուժերը չարաշահում են ժողովրդավարության տված հնարավորությունները, այս պահին ավելի կոնկրետ չեմ կարող խոսել այդ ուժերի մասին, բայց հիմնականում դրանք արտախորհրդարանական ուժերն են։ Այսպես ասեմ՝ այդ ուժերը հիմնականում ֆեյք հաշիվների և ոչ հրապարակային հանդես գալու միջոցն են։ Դժվար է հաճախ իմանալ, թե այդ կեղծ հաշիվների հետևում ովքեր են կանգնած, քանի որ տվյալների մասով սահմանափակումներ կան»,- շեշտեց ԱԱԽ քարտուղարը։

Նրա բնորոշմամբ՝ այդ ուժերն «օգտագործում են ազատ մամուլի տված հնարավորությունները» և, որպես օրինակ բերելով Սահմանադրական դատարանը՝ նա նշեց, որ օգտագործելով ժողովրդավարության տված հնարավորությունները՝ Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել ՍԴ-ն»»։

Զվարթ Խաչատրյան
 

Տեսանյութեր

Լրահոս