«ՀՀ կառավարությունը վերջերս փաստեց՝ սրանք տեղի մասնագետներով համալրված և ՀՀ իրավասության ներքո գործող լաբորատորիաներ են». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ պարզելու ԱՄՆ դիրքորոշումը՝ իրենց իսկ ֆինանսավորմամբ վերազինված կենսալաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքը հասանելի դարձնելու հետ կապված, և արդյոք մտահոգություններ ունե՞ն այս առնչությամբ:
Ի պատասխան՝ դեսպանատնից հայտնել են. «Մենք գործակցում ենք Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ տնտեսական, քաղաքական, դատաիրավական և անվտանգության հարցերի լայն տիրույթում։ 2008 թվականից սկսած այս գործակցության շրջանակում աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներին, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի կենսաբանական անվտանգության և ապահովության համար։ Ինչպես վերջերս փաստեց Հայաստանի կառավարությունը, սրանք տեղի մասնագետներով համալրված և Հայաստանի իրավասության ներքո գործող լաբորատորիաներ են։ Այս լաբորատորիաների կամ Հայաստանի կառավարության կողմից դրանց տնօրինմանն առնչվող հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի կառավարությանը»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գտնվում էր ՀՀ-ում, որի շրջանակում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հետ համատեղ ասուլիսին հայտարարել էր, որ Հայաստանում կենսաբանական լաբորատորիաներ թույլատրելու հուշագիրը գտնվում է երկրների միջգերատեսչական համաձայնեցման փուլում՝ հույս հայտնելով, որ այն շուտով կստորագրվի:
Այդ համատեքստում նա հիշեցրել էր կենսաբանական զենքի վերաբերյալ կոնվենցիան՝ նշելով, որ այնտեղ չկա նույնականացման մեխանիզմ՝ ԱՄՆ-ի խիստ դեմ լինելու պատճառով, ինչն ընդունված է բազմակողմանի փաստաթղթերում:
Լավրովն ակնարկել էր նաև, որ ԱՄՆ-ը փորձում է վերահսկել լաբորատորիաները:
Մարիամ Պետրոսյան