Սա՞ է ժողովրդի կառավարության բերած արդարությունը
Հասարակության ու իշխանության միջև անջրպետը գնալով խորանում է։ Համատարած աղքատության ֆոնին մարդկանց համար հասկանալի չեն «ժողովրդի իշխանության» կողմից թույլ տրվող ճոխությունները։ Եթե նման բան անեին նախկին «հակաժողովրդական» իշխանությունները, դեռ կարելի էր հասկանալ, ու երևի թե ավելորդ է ասել՝ ինչպիսի աղմուկ կբարձրացնեին ընդդիմադիրները, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը։
Բայց այսօր նախկիները չկան։ Ու դժվար է հավատալ, որ նման բան կարող է իրեն թույլ տալ «ժողովրդի իշխանությունը»։ Հիմա որքան էլ վարչապետը փորձի արդարացումներ բերել, միևնույն է, դրանք ընկալելի չեն հասարակության համար։ Ինչպե՞ս կարող է ժողովրդի վարչապետն իրեն թույլ տալ կրկնապատկել նախարարների աշխատավարձը, երբ Հայաստանի հպարտ քաղաքացին օրվա հացի խնդիր ունի, երբ մարդիկ աշխատելու և արժանապատիվ ապրելու տարրական հնարավորություններ չունեն, երբ երկրում ավելի քան 200.000 քաղաքացի աղքատ է, երբ հասարակության սոցիալական խոցելի խմբերի եկամուտները շատ ցածր են, ու կառավարությունը միջոցներ չի կարողանում գտնել դրանք բարձրացնելու համար, երբ տարիներ հետո պետական բյուջեն կենսաթոշակները հազիվ 3000-4000 դրամով ավելացնելու հնարավորություններ ունի։
Եթե նման բան լիներ նախկինում, Նիկոլ Փաշինյանը հաստատ քարը քարին չէր թողնի։ Բայց այսօր արդեն շատ բան է փոխվել. ինչը չէր կարելի նախկինում` հիմա ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ, գուցե նաև պարտադիր է։
Թվում է, թե այդպես չպիտի լիներ։ Ժողովրդի վարչապետը չէր կարող իրեն նման բան թույլ տալ։
Բայց պարզվում է՝ լավ էլ թույլ է տալիս։ Ու ոչ միայն թույլ է տալիս, այլև արդարացնում է։
Համատարած աղքատության ֆոնին, որը եղել է ու կա նաև իշխանափոխությունից հետո, վարչապետն կարող է իրեն թույլ տալ ոչ միայն նախարարների աշխատավարձերը կրկնապատկել, այլև միլիոններ ծախսել նոր ծառայողական ավտոմեքենաներ գնելու, առանձնատուն վերանորոգելու, արտասահմանյան թանկարժեք այցեր կատարելու, պետական միջոցներն իր հայեցողությամբ տնօրինելու համար։ Նիկոլ Փաշինյանին հարիր չի առանց վերանորոգման ապրել մի տանը, որտեղ նախկինում ապրել է նախորդ ղեկավարը։ Հազիվ թե կարելի է կարծել, որ նախկին նախագահը կարող էր վատ պայմաններում ապրած լինել, բայց այդ պայմանները Նիկոլ Փաշինյանին այլևս չեն բավարարում։
Ամենևին կարևոր չէ, թե ինչքա՞ն գումար է ծախսվել վարչապետական առանձնատան վերանորոգման համար։ Կարևորը երևույթն է, կարևորը մոտեցումների այն փոփոխություններն են, որոնք այս մեկուկես տարում տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի մոտ։
Երբ նա դեռ նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, բոլորովին այլ կերպ էր ներկայացնում ժողովրդի և իշխանությունների փոխհարաբերությունները։ Սա ժողովրդի իշխանություն է, որը եկել է ժողովրդին ծառայելու։ Իշխանությունը պատրաստ է անգամ անվարձահատույց ծառայել ու լուծել ժողովրդի խնդիրները, անընդհատ կրկնում էր Նիկոլ Փաշինյանը։
Բայց ի՞նչ ունենք այսօր։ Ունենք մի իշխանություն, որի համար առաջնայինը ոչ թե ժողովրդի, այլ սեփական բարեկեցության ապահովումն է։
Հիմա արդեն ժողովրդի խնդիրները հետին պլան են մղվել։ Հիմա կարևորն իշխանության ղեկին գտնվողների խնդիրների լուծումն է, հիմա կառավարությունը ոչ միայն պատրաստ չէ անվարձահատույց, այլև սահմանված մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձով ծառայել ժողովրդին։ Հիմա պետք է կրկնապատկել նախարարների աշխատավարձը, որպեսզի կատարեն իրենց պաշտոնական պարտականությունները։
Ինչքան ժամանակն անցնում է, այնքան ժողովրդի իշխանությունն ավելի ու ավելի է հեռանում ժողովրդից։ Ու մինչ ժողովրդի խնդիրները լուծելու համար փող չկա, իշխանությունն իր համար ճոխ-ճոխ ծախսեր է անում։
Բնավ զարմանալի չէ, որ այժմ էլ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է թարմացնել իրեն սպասարկող ինքնաթիռը՝ փոխարենը մտածելու արտասահմանյան ուղևորությունների հետ կապված ծախսերն արդյունավետ դարձնելու մասին։ Չպետք է զարմանալ նաև, եթե մի գեղեցիկ օր պարզվի, որ վարչապետն արդեն իրականացրել է իր այդ երազանքը։
Հիմա Հայաստանում «ժողովրդի իշխանություն» է։ Քաղաքական մեծամասնությունը ընտրություններով վաստակել է ժողովրդի բացառիկ վստահությունը և կարող է իրեն թույլ տալ ոչինչ չանել ու պետության հաշվին ճամփորդել՝ ինչքան ուզենա։ Ժամանակին ընդդիմությունը հոխորտում էր նախկինների գործուղումների ծախսերի վրա, հիմա ինքը կրկնակի ու եռակի ավելին է անում։ Իսկ թե ի՞նչ է ստանում ժողովուրդը, կարևոր չէ։
Կառավարությունը որոշել է մի քանի հազար դրամով ավելացնել կենսաթոշակներն ու կարծում է, թե մեծ լավություն է արել կենսաթոշակառուներին։ Նախարարների աշխատավարձերը բարձրացնում է 700-800.000 դրամով, իսկ կենսաթոշակառուների թոշակը` 3500 դրամով։
Սա՞ է ժողովրդի կառավարության բերած արդարությունը, թե՞ ժողովրդի իշխանությունն արդեն ժողովրդի համար չէ` ժողովուրդը կարող է կերակրվել լուսավոր ապագայի խոստումներով ու տնտեսական հեղափոխության հույսերով։ Քանի կար՝ վարչապետը թռիչքային աճեր էր խոստանում, հիմա արդեն պահպանողականի մասին է խոսում։ Եթե սա է տնտեսական հեղափոխությունը, ու դրա հետ է կապված ժողովրդի հույսերի իրականացումը, ապա այն հաստատ շուտ չի լինելու։ Մարդիկ դեռ երկար պետք է սպասեն, որ հերթն իրենց էլ կհասնի, որ իրենք էլ լավ կապրեն, որ կառավարությունը կկրկնապատկի թոշակներն ու աշխատավարձերն այնպես, ինչպես նախարարների աշխատավարձերն է կրկնապատկել։
Այն գումարները, որոնք ժողովրդի իշխանությունը ծախսում է ոչնչով չարդարացված ճոխությունների վրա, հաստատ կարելի է ուղղել բազմաթիվ այլ առաջնային խնդիրների լուծմանը։ Հասարակության հատկապես աղքատ հատվածը դրանց կարիքը շատ ունի։ Մեծ բան չէ, երբ վարչապետի ծառայողական մեքենան ոչ թե վերջին, այլ նախավերջին դասի է, երբ վարչապետին սպասարկող ինքնաթիռը չի կարող տրանսատլանտյան թռիչքներ իրականացնել։ Այսքան տարի եթե այդպես է եղել, ինչո՞ւ հիմա չի կարող լինել։ Առավել ևս, երբ վարչապետին սպասարկող ինքնաթիռը դեռ առնվազն 5-6 տարվա շահագործման ռեսուրս ունի։
Ի վերջո, այն, որ իշխանափոխությունից հետո կառավարությանը հաջողվել է պետությունից գողացված որոշ գումարներ վերադարձնել, դա դեռ նրան իրավունք չի վերապահում նման շռայություններ թույլ տալ իրեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ