Դատավոր Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ կհայտնի՞
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ժամը 13:13-ին մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Այսօրվա դատական նիստին կրկին ներկա չէր տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:
Նախորդ դատական նիստից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր դատավոր Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդությունը, ինչպես նաև՝ դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությունը:
Այսօր առաջնահերթության կարգով դատարանը լսեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս Խուդոյանը նշեց փաստական հանգամանքներ, որոնք հիմք են հանդիսացել պաշտպանական կողմի համար ինքնաբացարկ հայտնելու հարցում:
Փաստաբանի համար այդ հանգամանքներից մեկն այն էր, որ դատարանը Քոչարյանի գործով որոշումներ կայացնելիս բոլոր դեպքերում արձանագրել է իրավական խախտումներ, սակայն նշեցին, որ նույն Դանիբեկյանը նույն հանգամանքներով այլ գործերով արտահայտել է այլ իրավական դիրքորոշում:
«Մի դեպքում դատարանը նշում է, որ գրավը կարող է լինել բավարար խափանման միջոց, մյուս դեպքում արտահայտում է այլ տեսակետ: Փաստական հանգամանքները ցույց են տալիս, որ դատավոր Դանիբեկյանն ունի կանխակալ բացասական վերաբերմունք պարոն Քոչարյանի նկատմամբ»,- ասաց փաստաբան Խուդոյանը:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա պարզաբանեց, որ պաշտպանական կողմը ոչ թե բողոքարկում է դատավոր Դանիբեկյանի որոշումը, այլ ասում է, որ դատավոր Դանիբեկյանը նույն օրենքը տարբեր ամբաստանյալների դեպքում կիրառում է տարբեր կերպով:
«Ինքնաբացարկի միջնորդության մեր հիմքը շատ պարզ է, նույնիսկ պարզունակ»,- ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ դատավոր Դանիբեկյանը երկակի մոտեցում է դրսևորում նույն հարցում, ու դրա պատճառն այն է, որ այս դեպքում ամբաստանյալը Ռոբերտ Քոչարյաննն է:
Դատավորը Քոչարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք միանում է պաշտպանների միջնորդությանը:
«Կասկածո՞ւմ եք»,- արձագանքեց Քոչարյանը:
Դատարանի հաջորդ հարցին՝ ցանկանո՞ւմ եք որևէ բան ավելացնել, Ռ. Քոչարյանը պատասխանեց, որ՝ լավ բաներ չի ասելու, ավելի լավ է՝ չասի:
Քոչարյանի պաշտպանների միջնորդության մասին դատարանը լսեց նաև նիստի մասնակից մյուս կողմերի տեսակետը:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանն անդրադառնալով բացարկի ինստիտուտին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին՝ ասաց, որ որևէ դատական որոշում չպետք է պատճառ դառնա ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար՝ հավելելով, որ միջնորդությունը ներկայացնելիս պաշտպանական կողմի հիմնավորումները բավարար չէին, և խնդրեց դատարանին մերժել պաշտպանական կողմի՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Նույն տեսակետը պաշտպանեց նաև մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ հավելելով, որ նման քայլերով պաշտպանական կողմը փորձում է հետաձգել դատաքննությունը:
Տուժող Սուրեն Հովհաննիսյանը ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը բացարկի միջնորդության հարցում դիրքորոշումը ներկայացնելիս ասաց, որ կարծում է, թե այս քայլերով պաշտպանները փորձում են հետաձգել բուն դատաքննությունը:
Սեդա Սաֆարյանը հայտնեց, որ կարծում է, որ Աննա Դանիբեկյանը ճիշտ դատավոր է, որ դատարանը ստեղծված է օրենքով, և կարծում է, որ ինքնաբացարկ հայտնելու ոչ մի հիմք չկա:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, իր տեսակետը հայտնելիս հիշեց Գալյա Նովենցին. «Նովենցը հայտնի ֆիլմում ասում էր՝ «վառեմ-մարեմ, վառեմ-մարեմ», նույնն էլ փաստաբանները՝ «ինքնաբացարկ-գրավ, ինքնաբացարկ-գրավ»»:
Նրա խոսքով՝ տուժողներն ու տուժողների իրավահաջորդները սպասում են, որ օր առաջ կսկսվի բուն դատական գործընթացը:
Դատական նիստի մասնակիցներին լսելուց հետո դատավորը գնաց խորհրդակցական սենյակ: Դանիբեկյանը որոշումը կհրապարակի 16:00-ին:
Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:
Գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ