Հրաժարում հրաժարականից․ ինչ են հորդորել Հայկ Հովհաննիսյանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ իշխող թիմում ԲԴԽ 2 անդամի փնտրտուքի մեջ էին, երեկ ԲԴԽ-ում նոր զարգացումներ եղան. խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը օրվա սկզբում հրաժարականի դիմում ներկայացրեց: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` երբ դեռեւս Գագիկ Հարությունյանն էր ԲԴԽ-ն ղեկավարում, ե՛ւ դատավորները, ե՛ւ ԲԴԽ անդամները լուրջ տարաձայնություններ են ունեցել Հովհաննիսյանի հետ: Գ. Հարությունյանին հորդորել են Հովհաննիսյանին չբերել ԲԴԽ, բայց նա չի լսել: Բայց ԲԴԽ-ից հեռանալուց հետո արդեն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նույնիսկ Հովհաննիսյանի հեռախոսազանգերին չի պատասխանել:
Իսկ ո՞րն էր հրաժարականի պատճառը. թերեւս այն, որ նաեւ դատավորներն են դժգոհել, թե ժամանակին Հովհաննիսյանը հայտարարում էր, որ կոռուպցիոն հակումներ ունեցող դատավորներին բացահայտելու համար պետք է կաշառքի պրովոկացիա կիրառել: Բայց օրվա ավարտին արդեն թերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ գործընկերները հորդորել են Հովհաննիսյանին հրաժարվել դիմումից, որովհետեւ արմատական հակադրություններ չունեն միմյանց հետ: Հովհաննիսյանն էլ հրաժարվել է ու շարունակում է պաշտոնավարել: Թերթի աղբյուրները փոխանցում են, սակայն, որ չի բացառվում` իրավապահներն, այնուամենայնիվ, հետաքրքրվեն Հովհաննիսյանի գործունեությամբ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: