«Մենք գիտենք, թե բուհերում ինչ է տեղի ունենում, գիտական խորհուրդների 80 տոկոսն այնպիսի մարդիկ են, որոնք փորձելու են այդ առարկաները հանել». Կրթության ոլորտի փորձագետ

Արդեն երկրորդ շաբաթն է՝ Հայ հեղափոխական դաշնակցության երիտթևը և ԵՊՀ որոշ ֆակուլտետների ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի։ Նրանք պահանջում են, որպեսզի նախարարը հրաժարական ներկայացնի, քանի որ, նրանց խոսքով՝ Արայիկ Հարությունյանն աշխատում է հայագիտության դեմ, ինչն անթույլատրելի է։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի դեմ բողոքներին՝ նշեց, որ յուրաքանչյուր հանրային խորհուրդ կամ մարդկանց խումբ իրավունք ունի պահանջելու այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը, սակայն նախարարի հրաժարական պահանջելն այս պահին հասունացած չէ։

«Օրինակ՝ ես կուզենայի, որ ոչ թե հրաժարական պահանջեին, այլ փորձեին քննարկել և պահանջել տեսլական, այսինքն՝ հասկանանք, թե նախարարությունը ռազմավարական առումով ի՞նչ է մտածում, այնուհետև փորձենք քննարկել «Հայոց լեզվի», «Հայոց պատմության» և «Հայ գրականության» հարցերը։ Ինձ ամենաշատն այս պահին սա է հետաքրքրում, ընդ որում՝ ոչ թե տեսլական, որը կլինի ինչ-որ գաղափարների հավաքածու, այլ տեսլական, որը հստակ ցույց կտա, թե ինչպես պետք է փոխել կրթական համակարգը։ Այս ամենից հետո միայն պետք է հրաժարական պահանջել»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը ոչ թե պետք է մեղադրի ու պիտակավորի բողոքող երիտասարդներին, այլ պետք է փորձի հասկանալ, թե ինչու այսպես ստացվեց, քանի որ հաճախ լինում են դեպքեր, երբ կարող են լավ բաներ անել, սակայն արդյունքը վատը լինի, հետևաբար՝ ըստ նրա՝ պետք է հասկանան, թե գործողություններ իրականացնելու ընթացքում ինչ սխալներ են թույլ տվել։

Կարդացեք նաև

«Գուցե պետք էր հարցը քննարկել լեզվի մասնագետների և պատմաբանների հետ, հասկանալու համար, թե ինչ խնդիրներ կան, այնուհետև որոշում կայացնեին և այդ ամենն ամրագրեին օրենքի նախագծում։ Մի բան է, երբ փոփոխությունների մասին իմանում են փաստաթղթից, մեկ այլ բան, երբ իմանում են քննարկումների միջոցով։ Եթե մարդկանց հետ քննարկում անեին, խնդիրները մեջտեղ բերվեին, գուցե նաև այլ տարբերակներ գտնեին։ Այստեղ այն տեսակետն է, որ Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաներն օրենքը չի հանում բուհերից, բայց դրա փոխարեն՝ դրանց դասավանդման հայեցողությունը թողնում է բուհին։ Իսկ մենք գիտենք, թե բուհերում ինչ է տեղի ունենում, այնտեղի գիտական խորհուրդների 80 տոկոսն այնպիսի մարդիկ են, որոնք փորձելու են այդ առարկաները հանել, որպեսզի իրենց մասնագիտական առարկաները շատացնեն։ Այսինքն՝ ակնհայտ է, որ շատ բուհերում այդ առարկաները հանվելու են, և դասախոսների ու ուսանողների այս բունտի պատճառը հենց դա է, նրանք ամեն ինչ կանխազգում են»,- շեշտեց Ս. Խաչատրյանը։

Հարցին՝ վերջին 1,5 տարվա ընթացքում պա՞րզ է, թե ԿԳՄՍ նախարարությունը կրթության ոլորտի ինչ տեսլական ունի, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց.

«Դեռ պարզ չէ, քանի որ ես ռազմավարական որևէ փաստաթուղթ չեմ տեսել, որտեղ կասվի, թե մենք ինչ ենք ուզում անել»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս