ՌԴ-ն նպատակ ունի զարգացնել հարաբերությունները հայ ժողովրդի հետ․ Մարիա Զախարովայի դիվանագիտական ձևակերպման տողատակը

«Մոսկվան երևանյան բողոքի ցույցերը դիտարկում է՝ որպես Հայաստանի ներքին գործ»,- այս մասին իր վերջին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանում քաղաքական գործընթացները մենք դիտարկում ենք՝ որպես այդ երկրի ներքին գործ»,- շեշտել է դիվանագետը։

Զախարովան նաև հավելել է. «Մեր կողմից մենք նպատակ ունենք զարգացնել այն շատ բարեկամական, լիարյուն կապերը Հայաստանի ժողովրդի հետ, որոնք, ի թիվս այլ բաների, դրսևորվում են, ինչպես այսօր ասացի, իրական, եղբայրական օգնության տեսքով, որը մենք տրամադրում ենք ակնթարթորեն, երբ հարևան պետությունը դժվարության մեջ է հայտնվում»: Ավելի վաղ ևս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել էր երևանյան ակցիաներին՝ համեմատելով դրանց ու թբիլիսյան ակցիաներին արևմտյան առաջնորդների ու արևմտյան մամուլի արձագանքը։

Նրա գնահատմամբ՝ Արևմուտքը, արևմտյան մամուլը ողջ թափով աջակցում է Թբիլիսիում սկիզբ առած շարժմանը, իսկ ՀՀ-ում ոստիկանության կիրառած բիրտ ուժի դեպքում որևէ արձագանք չկա։

Կարդացեք նաև

Չմիջամտելով ՀՀ ներքին գործերին, որևէ կարծիք չհայտնելով Բագրատ սրբազանի շարժման վերաբերյալ՝ Զախարովան ըստ էության հայտնում է ՌԴ ցանկությունը՝ աշխատելու հայ ժողովրդի հետ, առանձնացնելով հայ ժողովրդին իշխանությունից, որի հետ ՌԴ-ն ունի ճգնաժամային հարաբերություններ, և ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին կանչել է Մոսկվա խորհրդակցությունների նպատակով։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՌԴ ուղերձը հստակ է։ Նրա որակմամբ՝ այդ ուղերձը և կա, և չկա։

«Ռուսաստանը հայ-ռուսական հարաբերություններում կատարվող իրադարձությունների ֆոնին, արդեն տևական ժամանակ է՝ փորձում է որևէ հարցի չմիջամտել, եթե պատահում են ՀՀ-ի կողմից պահանջներ կամ որոշումներ, ընդառաջում է։ ՌԴ-ն Հայաստանի ուղղությամբ ընդունում է նոր ստատուս-քվոն, առանձնապես ջանքեր չեն ներդրվում, բայց Անդրկովկասում ՌԴ հենակետերը, քաղաքական ակտիվության ուղղությունները փոխվել են՝ պայմանավորված այն նոր զարգացումներով, որոնք տեղի ունեցան սկսած 2020 թվականից»,- ասաց վերլուծաբանը։

Մյուս կողմից, նրա խոսքով, ՌԴ-ն ցույց է տալիս, որ ստեղծված ստատուս-քվոն հայ-ռուսական հարաբերություններում ՌԴ ստեղծած իրականությունը չէ, այլ ՀՀ իշխանություններն են այդպես ցանկացել։

«Ուղերձը պարզ է, որ ՌԴ-ն պատրաստ է շարունակել հայ-ռուսական դաշնակցությունը, սերտ հարաբերությունները հայ ժողովրդի հետ, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները դա չեն ցանկանում։ Սա միջամտություն չէ ՀՀ ներքին գործերին, բայց նաև ակնարկ է, ՌԴ ցանկությունն է՝ շարունակել աշխատել հայկական կողմի հետ, հայ ժողովրդի հետ, իսկ հայ ժողովուրդը, ինչպես ցույց է տալիս ՀՀ ներքաղաքական իրավիճակը, միայն իշխանությունը չէ»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, ՌԴ-ն մշտապես տուժել է՝ ունենալով քաղաքական ավանդույթ՝ աշխատելու գործընկեր երկրների միմիայն իշխանությունների հետ։

«Կարծում եմ՝ ելնելով այս սխալ ավանդույթից, ներկայումս որոշ ուղերձներ հղվում են ժողովրդին, ի վերջո, ժողովուրդն է թելադրում գործընթացներ, քաղաքականություն, ձևավորում իշխանություն։ Սակայն, ինչպես մնացյալ բոլոր ոլորտներում, այնպես էլ այս ոլորտում և հատկապես ՌԴ-ում պաշտոնյաների փոփոխությունների ֆոնին ՌԴ-ն այսօր ունի մի շարք այլ առաջնահերթ խնդիրներ՝ իրավիճակն Ուկրաինայում, ինչպես նաև ներքին իրավիճակը, այդ թվում՝ կադրային քաղաքականությունը։

ՌԴ ՊՆ ղեկավարն է փոխվել, սա էական իրադարձություն է ՌԴ-ի նման պետական համակարգ ունեցող երկրի համար, կան շատ այլ գործընթացներ ևս, որոնք տեսանելի չեն։ Այս ամենը ևս իր հերթին մղում է ՌԴ դիվանագիտությանը զգուշավորության հավելյալ ռեժիմի նման խնդրահարույց ուղղություններում, հատկապես, ինչպիսին Հայաստանն է»,- ասաց Խրամչիխինը։

Տեսանյութեր

Լրահոս