Գյուլը պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Թուրք լրագրող Բարըշ Յարքադաշը, ով անդամակցում է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ) և 2015-ից 2018-ը եղել է պատգամավոր, պնդումներ է առաջ քաշել երկրում նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա մասնավորապես նշել է, որ «Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության» (ԺԱԿ-DEVA) նախագահ Ալի Բաբաջանը, «Ապագա կուսակցության» (Gelecek) առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն և «Երջանկություն կուսակցության» (Saadet) նախագահ Թեմել Քարամաօլլաօղլուն պլանավորում են միացնել իրենց գլխավորած կուսակցությունները:
Ըստ Յարքադաշի՝ վերոհիշյալ քաղաքական գործիչների մասնակցությամբ ստեղծվելիք նոր կուսակցությունը նախագահելու է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը (2007-2014):
Թուրքական «TV100» հեռուստատեսության կայքում հրապարակած հոդվածում լրագրողը գրել է. «Գյուլը և նրա մոտ շրջանակները դիրքավորվում են Էրդողանից հետո գալիք ժամանակահատվածի համար և Գյուլը դրական է նայում նոր կուսակցության ու քաղաքականության ձևավորմանը»: