Ինչքանո՞վ է Հայաստանը դադարել լինել ընդերք քանդող և խաղադրույքներ կատարող երկիր

Իշխանության գալուց կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող տրանսֆորմացիայի, հանքարդյունաբերության դերի նվազեցման, ընդերքը քանդել-ծախելուց հրաժարվելու, խաղադրույքներ կատարող երկրից տեխնոլոգիական երկիր դառնալու մասին։ Բավական է լինել հանքարդյունաբերության վրա հիմնված պետություն՝ ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Ահա մի հատված վարչապետի հայտարարություններից, որը նա արել է մեկ տարի առաջ. «Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում տնտեսական առողջացման և տնտեսական տրանսֆորմացիայի մեկնարկ: Ի՞նչ տնտեսական տրանսֆորմացիայի մասին է խոսքը. ես երկու ամիս առաջ հրապարակել եմ տնտեսական առաջընթացի կառուցվածքի մասին մեր պատկերացումը, և քաղաքական արձանագրումը հետևյալն է, որ մենք ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող և խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական, արդյունաբերական արտադրանքի և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկրի»։

Թե այս ընթացքում ինչքանո՞վ է հաջողվել տրանսֆորմացիայի ենթարկել Հայաստանի տնտեսությունը կամ կրճատել տնտեսության կախվածությունը հանքարդյունաբերությունից ու խաղադրույքներից, վկայում են վիճակագրական ցուցանիշները։ Դրանք ամենևին էլ վարչապետի օգտին չեն։ Մշակող արդյունաբերության աճը, որը ոչ վաղ անցյալում ներկայացվում էր՝ որպես տնտեսության տրանսֆորմացիայի գործընթացի սկիզբ, նման հիմքեր չի տալիս։ Տնտեսության այս ճյուղում իսկապես աճ կա, սակայն դա չի նշանակում, թե տնտեսությունը ենթարկվում է տրանսֆորմացիայի։ Այդ են վկայում նաև այն զարգացումները, որոնք վերջին շրջանում տեղի են ունենում տնտեսության մեջ։

Մի պահ տնտեսության կառուցվածքում իսկապես որոշ փոփոխություններ նկատվեցին։ Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակ, դա ոչ թե տնտեսության տրանսֆորմացիա էր, այլ հանքարդյունաբերության ոլորտում ի հայտ եկած խնդիրների և արտադրության ծավալների նվազման հետևանք։ Այն կապված էր, առաջին հերթին՝ Ալավերդու պղնձաձուլարանի և Թեղուտի հանքի շահագործման հետ։ Թեղուտը դադարեցրել էր գործունեությունը դեռևս իշխանափոխությունից առաջ` հանգեցնելով տնտեսության կառուցվածքում հանքարդյունաբերության կշռի նվազեցման։ Այն բանից հետո, երբ վերսկսվեց հանքի շահագործումը, այդ կշիռը դարձյալ սկսեց փոխվել։

Այսօր արդեն հանքարդյունաբերության աճի տեմպը շատ ավելի բարձր է, քան մշակող արդյունաբերությանը, որի հետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին կապում էր Հայաստանի տնտեսության տրանսֆորմացիայի ապագան։ Եթե տարվա սկզբին հանքարդյունաբերությունը գտնվում էր անկումային վիճակում, ապա այժմ արդեն երկնիշ աճ է ապահովում` ընդհուպ մոտենալով 15 տոկոսի։ Ութ ամիսների տվյալներով՝ հանքագործական արդյունաբերության աճը կազմել է 14,8 տոկոս։ Արտադրության ծավալներով այն առաջ է անցել նաև մինչհեղափոխական շրջանից։

Նույն ժամանակահատվածում մշակող արդյունաբերությունը ևս ավելացել է։ Սակայն աճի տեմպն անհամեմատ ավելի ցածր է` 10,4 տոկոս։ Իսկ դա նշանակում է, որ հայտարարվող տնտեսական տրանսֆորմացիայի անիվը սկսել է հետ պտտվել։

Այն, ինչ վերջին մի քանի ամիսներին տեղի է ունենում արդյունաբերության մեջ` բոլորովին էլ տնտեսության տրանսֆորմացիայի օգտին չէ։ Հանքարդյունաբերության տեսակարար կշիռն արդյունաբերության մեջ գնալով ավելանում է։ Ավելանում են նաև ընդերքի արդյունահանման ծավալները, որքան էլ ժամանակին Նիկոլ Փաշինյանն այլ բան էր խոստանում։

Վերստին աճել է պղնձի արտադրությունը։ Տարեսկզբի ութ ամիսներին աճը գրեթե 8 տոկոս է։ Կասկած չկա, որ արտադրության ծավալներն առաջիկայում շարունակելու են ավելանալ։ Մեծանալու է նաև հանքարդյունաբերության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև՝ աճի կառուցվածքում։

Ու չնայած մշակող արդյունաբերության ոլորտում երկնիշ աճ կա` այն այլևս չի հասցնում հանքարդյունաբերության հետևից։ Մինչդեռ իշխանափոխությունից առաջ հակառակն էր։

2017թ. Հայաստանում մշակող արդյունաբերությունը շատ ավելի ակտիվ էր աճում, քան հանքարդյունաբերությունը, ինչն  իշխանափոխությանից հետո հայտարարվեց՝ որպես երկրի տնտեսության թշնամի։ Կառավարությունն անթաքույց պայքար սկսեց ոլորտի դեմ։ Մեկուկես տարի պահանջվեց հասկանալու համար, որ այդպես չի կարելի։

Հայաստանի տնտեսությունն իրավամբ կառուցվածքային փոփոխությունների լուրջ կարիք ունի։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում իշխանափոխությունից հետո, որևէ կապ չունի տնտեսության տրանսֆորմացիայի հետ։

Որպես այդպիսին՝ Հայաստանի տնտեսությունը շատ ավելի ինտենսիվ տրանսֆորմացիայի մեջ էր գտնվում մինչև իշխանափոխությունը, քան իշխանափոխությունից հետո։ Որքան էլ կառավարությունն ուզենա ընդունել կամ ոչ, այդ է վկայում պաշտոնական վիճակագրությունը։

Իշխանափոխությանը նախորդած տարում մշակող արդյունաբերության աճի տեմպը Հայաստանում շատ ավելի բարձր էր, քան հանքարդյունաբերությանը։ Եթե այս տարվա առաջին 8 ամիսներին այն ավելացել է 10,4 տոկոսով, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում աճը հասնում էր 16,4 տոկոսի։

Աճի տեմպը շատ ավելին էր նաև 2018թ. սկզբին։ Մինչև իշխանափոխություն` մշակող արդյունաբերության աճն անցնում էր 21 տոկոսից։ Իշխանափոխությանը հաջորդած երեք ամիսներին այն նվազեց` հասնելով 9,3 տոկոսի։

Հանքարդյունաբերությունը որպես երկրի թշնամի հայտարարած քաղաքական իշխանության գործունեության ժամանակահատվածում այսօր ընդերքի շահագործումը թափ է հավաքում։ Ծաղկում է նաև խաղային բիզնեսը։ Աճի տեմպն այս ոլորտում հասնում է 25 տոկոսի։ Շրջանառությունների ծավալով այն գերազանցում է նույնիսկ շինարարությանը։

Հարց` մի՞թե այսպես ենք դառնալու տեխնոլոգիական, արդյունաբերական արտադրանքի և արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկիր։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս