«Պրոմտեխնոլոգիան» մոնոպոլ դի՞րք է պահանջել ՀՀ ՊՆ-ից
Մոտ մեկ շաբաթ առաջ «Պրոմտեխնոլոգիա» (ORSIS զինագործական ապրանքանիշ) ընկերությունից 168.am-ին հայտնեցին, որ ՀՀ-ին ոչ միայն փամփուշտների շուկայական ձեռնտու գին են առաջարկել, այլև «Պրոմտեխնոլոգիա» ընկերության խմբի շրջանակներում գործարանի կառուցում:
ՊՆ-ի մեր աղբյուրները հաստատեցին գործարան կառուցելու առաջարկի փաստը, բայց պարզվում է, որ ռուսական կողմը կոնկրետ պայմաններ է առաջարկել, ինչի մասին, սակայն, լռում է: Մասնավորապես այն, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից երաշխիքներ են պահանջել, որ փամփուշտները միշտ պետք է իրենցից գնեն: Այսինքն՝ մենաշնորհային կարգավիճակ են պահանջել, որին ընդառաջելու դեպքում ռուսական ընկերությունը կարող է դառնալ շուկայում գին թելադրողը, հատկապես, երբ «Պրոմտեխնոլոգիան» ՌԴ-ի մասշտաբով խոշոր արտադրող է: Երկրորդ՝ ակնհայտ է, որ, եթե պետությունը ստանձնի երաշխավորի դերը, այսինքն՝ մենաշնորհի փաթեթը փոխանցի նրան, ապա նման ընկերության հետ մրցակցելը դժվար կլինի ցանկացած այլ ընկերության համար:
Ինչ վերաբերում է ՀՀ-ին առաջարկված փամփուշտների գներին, ապա ՀՀ ՊՆ-ից մեզ կոնկրետ փաստարկներ ներկայացրեցին, որ «Պրոմտեխնոլոգիան» իր մրցակիցներից շեշտակի տարբերվող գներ չի առաջարկել: Ռազմական գաղտնիքի շրջանակում այն պարզապես հրապարակման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ ռուսական ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ «2 դոլարանոց փամփուշտը հայկական բանակին էր մատակարարվում 12 դոլարով, իսկ «ORSIS»-ի Հայաստան մտնելուց հետո վաճառվեց 6 դոլարով»:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր գնել «Orsis» ընկերության արտադրած T-5000 «Տոչնոստ» դիպուկահար հրացանները։
Պատճառն արտադրանքի մեջ արտասահմանից ներկրված մասերի օգտագործումն էր։
Մարիամ Պետրոսյան