Արտասահմանցի ուսանողները՝ մեր բուհերում
Մեր երկրի բարձրագույն կրթական համակարգի յուրօրինակ գնահատական է Հայաստանում կրթություն ստացող արտասահմանցի ուսանողների քանակը: Իհարկե, միշտ պետք է հաշվի առնել, որ արտասահմանցի ուսանողների զգալի մասը հայեր են: Դա միշտ դիտարկելի է եղել: Տեսեք, օրինակ, 2018/19 ուսումնական տարում մեր երկրի բուհական համակարգում սովորում էր 2 925 արտասահմանցի ուսանող: Ամենամեծ խումբը Ռուսաստանի քաղաքացի ուսանողներն են` 813:
Հասկանալի է, որ ճնշող մեծամասնությունն առաջին սերունդ էմիգրանտ ՌԴ քաղաքացիների զավակներ են: Միշտ երկրորդ կամ երրորդ խոշոր խումբը վիրահայերն են: Անցած ուստարում՝ 598 ուսանող: Մնացած խոշոր խմբերը որոշակիորեն մեր կրթական համակարգի երբեմնի հեղինակության հետ են կապված: Խորհրդային տարիներից ձևավորված ավանդույթի համաձայն՝ Հայաստանում կրթություն էին ստանում Հնդկաստանից, Իրանից, արաբական մի շարք երկրներից ժամանած երիտասարդներ: Նրանք, որպես կանոն, մասնագիտանում էին բժշկական համալսարաններում: Այս ավանդույթը տարիներ շարունակ պահպանվում էր, մինչև 2015-16թթ. ուստարին: Այդ տարի մեր բժշկական բուհերում սովորում էր իրանցի մոտ 350 ուսանող: Մերձավոր Արևելքի երկրներում մեր բժշկական բուհերի հեղինակության կտրուկ անկման մասին շատ է գրվել: Չարժե վերաթարմացնել պատմությունը: Պարզապես արձանագրենք, որ այդ տարվանից հետո ուսանողների թիվը կտրուկ նվազեց: Անկումն իսկապես տենդենց դարձավ ողջ բուհական համակարգի համար: 2015/16 ուստարում մեր երկրում սովորում էր 3207 արտասահմանցի ուսանող: Հաջորդ տարի նրանց թիվը 3075 էր: 2017/18-ին` 2685:
Եվ ահա անցած ուստարում արտասահմանցի ուսանողների թիվը նվազելու փոխարեն՝ աճեց՝ դառնալով 2925: Մի կողմից՝ մեծ է գայթակղությունը՝ հայտարարելու, որ սա կրթական համակարգի երբեմնի հեղինակության վերականգնման առաջին քայլն է: Մյուս կողմից՝ հարկավոր է իրատես լինել ու դիտարկել, թե ում և որ երկրների հաշվին է աճել արտասահմանցի ուսանողների քանակը: ՌԴ-ից տարիներ առաջ մոտ 1000 ուսանող էր գալիս հարենիքում բարձրագույն կրթություն ստանալու: Նախանցած ուստարում նրանց թիվը ռեկորդային նվազել էր (777 ուսանող): Այս տարի մի փոքր աճել է` 813 ուսանող: Նույն կերպ աճել է նաև Վրաստանի քաղաքացի ուսանողների քանակը: Հետաքրքիր ու հասկանալի աշխարհաքաղաքական պատճառների հետևանքում վերջին տարիներին մշտապես աճել է Սիրիայից ժամանած ուսանողների քանակը: Արտասահմանցի ուսանողների կրճատվելու ընդհանուր ֆոնին: Վերջին երկու ուստարում մոտ 300 սիրիացի ուսանող է սովորում մեր բուհերում: Ավելացել են հնդկաստանցի և իրանցի ուսանողները: Իհարկե, նրանց քանակը զիջում է 3-4 տարի առաջ արձանագրվող թվերին:
2016/17 ուստարում հնդկաստանցի 917 ուսանող կար, իսկ անցած տարի նրանց թիվը 718 էր: 15/16 ուստարվա իրանցի 358 ուսանողի փոխարեն՝ անցած տարի 192-ն էին: Արտասահմանցի ուսանողների քանակի կրճատումը կամ աճը բացատրվում է տարբեր պատճառներով: Մասնագիտական նման ուսումնասիրություններ չկան: Բայց նկատելի է, որ խիստ կայուն է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները սովորում են մեր բուհական համակարգում: Ավելին, համարյա բոլոր երկրներից անցած տարի ավելի շատ ուսանող է ընդունվել, քան ավարտել տվյալ բուհը: Բացառությամբ Հնդկաստանի: Անցած տարի մեր բուհերն ավարտել էր հնդիկ 165 ուսանող: Մինչդեռ ընդունվել էին ընդամենը 119-ը: Իսկ դա նշանակում է, որ առաջիկա մեկ-երկու տարում մեր բուհերում սովորող հնդկաստանցի ուսանողների քանակը կնվազի (անցած ուստարում նրանք քանակով երկրորդ խումբն էին` 781 ուսանող): Կա մեկ հետաքրքիր մանրամասն ևս:
Մեր կրթական համակարգն արտասահմանցիների առջև բաց է լիովին: Անցած ուստարվա 2925 ուսանողներից մեր բուհերում վճարովի սովորում է 2391-ը: Ասել է թե՝ 534 արտասահմանցի ուսանող մեր երկրում բարձրագույն կրթություն է ստանում անվճար: Նրանց մի փոքր մասը փոխանակման ծրագրերի շրջանակներում են: Անցած ուստարում արտասահմանցի ուսանողների մասին պաշտոնական հաշվետվության մեջ թվարկված էր 37 երկրի անուն: Եվս երեք ուսանողի ընդունվելու փաստի դիմաց նշված էր՝ «այլ երկրներ»:
Բարձրագույն կրթության վիճակագրությունն ի ցույց է դնում հետևյալ տենդենցները: Մեր երկրի կրթական համակարգը շարունակում է «հրապուրիչ» մնալ մեր հայրենակիցների և ավանդական գործընկեր-երկրների երիտասարդների համար: Խոսքը վերաբերում է հատկապես բարձրագույն կրթության առաջին մակարդակին` բակալավրիատին: Ասել է թե՝ ոլորտում գերիշխողը տարիներով ձևավորված իներցիոն գործընթացներն են: Նոր ու նպատակամղված կրթական քաղաքականության մասին խոսելու հիմքեր չկան: