«Ստյոպա Սաֆարյանն ակնհայտորեն զրպարտում է և կատարում է 333-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն, այն է՝ սուտ մատնություն». Վահե Եփրիկյան

Օրեր առաջ ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ADTV «Հարցազրույց» հաղորդման ժամանակ, անդրադառնալով սեպտեմբերի 6-ին իրեն կողոպտելու և դրա բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքին՝ հայտարարել էր, որ այս մեկ ամսվա ընթացքում փորձել է ոստիկանությանը շանս տալ՝ բացահայտելու հանցագործությունը, թեպետ անհասկանալի է, թե ինչո՞ւ ոստիկանությանը, եթե գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում:

Ստեփան Սաֆարյանը հարցազրույցում ասել էր.

«Ի դեպ, մեկ օր անց՝ սեպտեմբերի 7-ին ես արդեն գիտեի կատարողներին։ Հետո ես, մասնավոր հետաքննության արդյունքներով, ես իրենց սեղաններին դրել եմ անուն-ազգանուններ։ Ինչու եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել, քանի որ մտածել են՝ գործը կարող է բարդություններ առաջացնի, և այլն։ Բայց իրականում այն բացահայտված է եղել հենց երկրորդ օրը։ Ես իմացել եմ՝ որտեղ են ջարդել իմ հեռախոսը, ով է ջարդել հենց նույն պահին։ Գիտենք՝ ով ում ինչքան է վճարել, ով ում է աջակցել։ Ես առայժմ երկու անուն եմ տվել՝ Նարեկ Մութաֆյանի և Լևոն Քոչարյանի անունները, սակայն առաջիկայում էլի անուններ եմ տալու։ Նարեկ Մութաֆյանը եղել է «պոդյեզդում» ինձ վրա հարձակվողներից մեկը, իսկ նրան աջակցել է Լևոն Քոչարյանը, իհարկե, Աննա Դանիբեկյանի գործով, բայց ես գիտեմ՝ դա ինչ կապ է։ Էնպես որ, ես առնվազն պատվիրատուի և կատարողի երկու անուն տվել եմ։ Մարդիկ կան, որ չգիտեն, որ մենք իրենց անունները գիտենք, բայց այդ օրն էլ է գալու։ Իհարկե, ոստիկանությունը մշտապես զեկուցել է, որ լայնածավալ աշխատանքներ են կատարում, բայց ես գնացի ու այդ աշխատանքը պահանջեցի։ Իմ մասնավոր հետաքննությունը մի կողմ եմ թողնում, դա ես էի արել։ Ես վարձել եմ մասնավոր դեդեկտիվ, որը բացահայտել է ամբողջ սխեման»,- մանրամասներ էր ներկայացրել Ս. Սաֆարյանը։

168.am-ի հետ զրույցում Նարեկ Մութաֆյանի պաշտպան Վահե Եփրիկյանն ասաց, որ Ստյոպա Սաֆարյանն ըստ էության իր պաշտպանյալին մեղադրել է իր նկատմամբ կատարված ենթադրյալ հարձակման ու, փաստորեն, հեռախոսը գողանալու մեջ:

«Քանի որ օբյեկտիվորեն Նարեկ Մութաֆյանն այդտեղ չէր կարող լինել, ես հաստատապես նշել եմ, որ Նարեկ Մութաֆյանն այդտեղ չի եղել, այդ հարձակման հետ կապ չունի, իսկ Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը տարածվել է մամուլով, իր ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշել է ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին, վարչապետին, այս տրամաբանության մեջ ակնհայտ է, որ ըստ էության Ստյոպա Սաֆարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Բայց սրան զուգահեռ՝ պետք է դիտարկել նաև Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը, այն է՝ սուտ մատնություն կատարելը, և քանի որ փաստորեն Ս.Սաֆարյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով ու այդ գործով ունենալով տուժողի կարգավիճակ՝ Քրօրի 176-րդ հոդվածով, ինքը փաստորեն ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնել՝ կատարելով սուտ մատնություն»,- ասաց Վահե Եփրիկյանը:

Նա նշում է, որ Ստյոպա Սաֆարյանը ոչ մի թեական արտահայտություն չի արել, նա պնդել է, որ ֆիքսել է Նարեկ Մութաֆյանին: Հետո նաև հարցազրույց է տվել Լևոն Քոչարյանի ու Նարեկ Մութաֆյանի՝ իբր պատվիրատու-կատարող կապի վերաբերյալ, ինչը վերստին մերկապարանոց հայտարարություն է:

«Ստյոպա Սաֆարյանն ակնհայտորեն զրպարտում է և կատարում է 333-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն, այն է՝ սուտ մատնություն»,- նշում է պաշտպանը:

Վահե Եփրիկյանը տարակուսում է, որ Ստյոպա Սաֆարյանը չգիտի, որ այլևս հարուցված քրեական գործը ոստիկանության քննության տիրույթում չէ, այլ քննչական մարմինների, և ոստիկանությունն այստեղ նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում չէր էլ կարող անգործության մատնվել, և նրա մեղադրանքներն ուղղված պետք է լինեին քննիչին գոնե:

Մեր հարցին, թե այդ դեպքից բավականաչափ ժամանակ է անցել, բնականաբար, որոշակի քննչական գործողություններ կատարվել են, և եթե Ստյոպա Սաֆարյանը հստակ մատնանշում է Նարեկ Մութաֆյանին, արդյո՞ք որևէ կասկած չկա իրավապահ մարմինների մոտ վերջինիս նկատմամբ՝ նրան այդ գործով ևս ներգրավելու, դատավարական կարգավիճակ տալու համար, Վահե Եփրիկյանն ասաց, որ Ստյոպա Սաֆարյանն ըստ էության արջի ծառայություն է մատուցում իշխանություններին:

«Տեսնում են, որ Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպով Նարեկի գործը փլվում է, քանի որ այնտեղ էլ է բացառիկ իրավախայտառակություն, ցանկանում են, ինչպես Ռոբերտ Քոչարյանի գործով Սիլվա Համբարձումյանի կաշառքի դրվագը, այստեղ էլ ինչ-որ մի դրվագ հորինեն, որ տղաներին մի քիչ ավելի երկար կարողանան պահել»,- ասաց պաշտպանը:

Նա հիշեցնում է, որ Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ էլի անուններ կարող է տալ, և ենթադրաբար նա կարող է տալ իշխանությանը ոչ հաճո մարդկանց անուններ:

«Միաժամանակ իրենք չեն հասկանում, որ մեծագույն վնաս են հասցնում վարույթն իրականացնող մարմնին, որովհետև եթե Նարեկ Մութաֆյանի վերաբերյալ ոչ թե հիմնավոր, այլ մի փոքր կասկած էլ լիներ, նրան Ստյոպա Սաֆարյանի գործով գոնե կհարցաքննեին: Նույնիսկ առերևույթ է ակնհայտ, որ Նարեկ Մութաֆյանը որևէ կապ չունի այդ գործի հետ»,- նկատեց Վահե Եփրիկյանը:

168.am-ի հարցին, թե արդյո՞ք ապացուցված է Նարեկ Մութաֆյանի այլուրեքությունը, Վահե Եփրիկյանն ասաց, որ իրենք ապացուցելու խնդիր չունեն, որովհետև դա մեղադրանքի կողմի պարտավորությունն է:

«Հաշվի առնելով հիմա Ֆեմիդայի բռնաբարման ակտերի մեծաքանակ լինելը և սպասելով, որ Ստյոպա Սաֆարյանը, հնարավոր է՝ ծնեցնի արհեստական ինչ-որ նոր քրեական գործ, անմիջապես արձագանքել եմ նրա հայտարարությանը, ինչպես նաև հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն 2 օր առաջ: Եթե իրենք հարուցեն քրեական գործ, կամ հարուցեին, բնականաբար, նախաքննությանը կտրամադրեինք տվյալներ, միջնորդություններ կներկայացնեինք, գոնե ցուցմունքներ կտայինք այն մասով, որ օգնեինք նախաքննությանը՝ հիմնավորելու մեր անմեղությունը»,- նշեց Վահե Եփրիկյանը:

Վահե Եփրիկյանը հավելեց նաև, որ երկու օր առաջ է հաղորդումը ներկայացրել ու դեռ պատասխան չի ստացել:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս