Մանվել Գրիգորյանի փաստաբանը հերքում է, որ նրան իշխանության «էմիսարներ» են այցելել
Երեկ «Իրատես» թերթը գրել էր, որ՝ «օրվա իշխանությունները դեռևս հույսները չեն կտրում, որ իրականում և իսկապես շատ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանը որևէ ցուցմունք կտա Քոչարյանի դեմ` Մարտի 1-ի դեպքերի, բանակի ներգրավվածության մասով, կամ ինչ-որ բան «կպատմի» Հոկտեմբերի 27-ի մասին»։
«Հիշենք` որոշ տեղեկություններով՝ գեներալ Մանվելն ունի 1999-ի հոկտեմբերի 27-ի երեկոյան Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպման ձայնագրությունը, և, շատերի պնդմամբ, նաև դրա համար է այդքան հիվանդություններ ունեցող գեներալը պահվում կալանքի տակ:
Հիվանդանոցում երբեմն նրան այցելող իշխանության «էմիսարները» հորդորում, օրինակներ են ցուցանում, ցուցմունք` ազատության դիմաց «բարտերի» սխեմա են առաջարկում Մանվել Գրիգորյանին, սակայն վերջինս չի համաձայնում, «Չէ, ես արդեն կմեռնեմ, իմ ինչի՞ն ա պետք ազատություն. էս ա` էս հիվանդանոցում էլ կմեռնեմ, համ էլ ըտոնց շատ չի մացե»,- գրել էր թերթը:
168.am-ը Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանից հետաքրքրվեց, իշխանության «էմիսարներն» այցելե՞լ են իր պաշտպանյալին, ի՞նչ խոսակցություններ են եղել Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի հետ կապված, և արդյո՞ք պաշտպաններն այդ խոսակցություններին ներկա եղել են։
«Որպես իրավապաշտպան՝ միշտ կանգած եմ եղել ԶԼՄ-ների կողքին, որպեսզի լրատվականները կարողանան ազատ գործել և փոխանցել այն տեղեկատվությունը, որը կատարվում է մեր և այլ երկրներում։ Բայց կոնկրետ այս հոդվածի հետ կապված, պետք է ճշտեին նաև հակառակ կողմի,տվյալ պարագայում՝ գոնե փաստաբանների կարծիքը։ Տեղեկացնեմ, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը, այն որակում եմ ուղղակի հերյուրանք։ Արդեն 1,5 տարի ներկայացնում եմ Մանվել Գրիգորյանի շահերը, և երբևիցե նման բան չի եղել։ Եվ այն տեղեկատվությունը, թե իբրև ինչ-որ «էմիսարներ» են գալիս Գրիգորյանի մոտ և փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել, պաշտոնապես ասում եմ՝ նման բան չի եղել»,- նշեց փաստաբանը։
Նա նաև ընդգծեց, որ ընդհանրապես Մարտի 1-ի հետ կապված՝ Մանվել Գրիգորյանը երբևիցե ցուցմունք չի տվել, նաև՝ այդ թեմայի հետ կապված փաստաբանների հետ չի խոսել։
Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ Գրիգորյանի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրան անօրինական կալանքի տակ պահելու հանգամանքը, որի վերաբերյալ դիմումն այս պահին գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Իսկ նրա առողջական վիճակի վերաբերյալ հեղինակավոր բժիշկների տված եզրակացությունները դատարանը հաշվի չի առնում։ Ավելին, դատարանի որոշմամբ է ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։
«Ըստ միջգերատեսչական հանձնաժողովի տված եզրակացության՝ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը կալանքը կրելու ընթացքում բացասական դինամիկա է գրանցել»,- շեշտեց նա։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կներկայացնեն նոր միջնորդություն՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ, քանի որ նման առողջական վիճակով մարդուն կալանքի տակ պահելը պարզապես դաժան վերաբերմունք և խոշտանգում է։
«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է բացասական դինամիկա գրանցել»,- եզրափակեց Լ. Բաղդասարյանը։
Զվարթ Խաչատրյան