«Սա մեսիջ է հնարավոր ներդրողներին, որ մեր երկիրը հեղափոխությունների ընթացքի մեջ է՝ իր բոլոր հետևանքներով». Արմեն Գրիգորյան

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018թ. բյուջեի նախագծում 4.5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ էր դրված, բայց փաստացի ապահովվել է 5.2 տոկոս: Նրա խոսքով՝ մակրոտնտեսական ճիշտ քաղաքականություն են վարում, ուստի 2019թ. առաջին 10 ամսվա տվյալներով՝ ունենք 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և, որ ակնհայտ է՝ 7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու:

– Այո՛, հայտարարվել են այդ թվերը, արդեն Ֆինանսների նախարարությունից հայտարարում են, որ հնարավոր է այս տարին փակել 6.3 տոկոս տնտեսական աճով, իսկ Կենտրոնական բանկը՝ 6.9 տոկոս: Այստեղ հարցը հայտարարված տոկոսների թվերը չեն, այլ մեթոդաբանությունը, որ նախապես հայտարարվում է ցածր տնտեսական աճի տոկոս, որ հետո գերազանցելը թմբկահարելու առիթ տա: Նախընթաց շրջանի հայտարարություններն ու դրան հաջորդած իրողությունները  դա են փաստում: Ինձ համար կարևոր է, թե այդ ցուցանիշները որքա՞ն ներառական են, ո՞ր չափով է մեր քաղաքացին զգում իր սոցիալական վիճակի վրա, կամ զգո՞ւմ է արդյոք, թե՞ ոչ: Նախորդ տասնամյակներին մեր քաղաքացիները լսել են բազմաթիվ թվեր, բայց ինչո՞ւ չի փոխվել նրանց կյանքի որակը, ինչո՞ւ են պահպանվում աղքատության բարձր ցուցանիշները: Պատասխանը մեկն է՝ թե՛ նախկինում, թե՛ այսօր մեր երկրում չի փոխվել տնտեսական քաղաքականության կուրսը, և մնում ենք նույն նեոլիբերալ կարգերի մեջ: Այստեղ հեղափոխություն է պետք, և հեղափոխությունը հենց տնտեսական կառավարման բովանդակության փոփոխությունն է, որն այդպես էլ տեղի չի ունենում անկախությունից ի վեր:

 – 2020-2022թթ. ժամանակահատվածում կառավարության ղեկավարը հույս ունի հասնել, համապատասխանաբար, 7, 8 և 9 տոկոս տնտեսական աճերի:

Կարդացեք նաև

 – Այդ թվերը հիմնավորումներ չունեն, քանի որ արդեն 2020 թվականի բյուջեով նախատեսվել է 4.9 տոկոս տնտեսական աճ ունենալ, և ՀՀ ֆինանսների նախարար պարոն Ջանջուղազյանը հստակ հայտարարեց, որ այդ ցուցանիշին հասնելու համար լրացուցիչ ջանքեր են պետք, և այդ 4.9 տոկոսի վերաբերյալ որևէ տարակարծություն չունեն: Բայց հարցը դա չէ, այլ այն, թե ի՞նչ կառուցվածք ունի այդ տնտեսական աճը, որքա՞ն են կազմում արդյունքաստեղծ ոլորտները, մասնավորապես՝ կապիտալ ներդրումների չափաքանակը: Իսկ հաջորդ տարիների 8 և 9 տոկոսի մասին խոսելը դեռ վաղ է: Մեր երկրում չկա անհրաժեշտ տնտեսական այն քաղաքականությունը, որը կարող է ապահովել թռիչքային տնտեսական զարգացումներ: Վարչապետի հայտարարած 2050 թվականի ՀՆԱ-ի 15-ապատումը ենթադրում էր առնվազն տարեկան մոտ 9-9.5 տոկոս տնտեսական աճի ապահովում: Իսկ ցանկությունների և հավակնոտությունների բացակայությունը կանխատեսումների նվազեցումն է, 4.9 տոկոսը սևով-սպիտակի վրա գրված է, ուրիշ թիվ չկա: Սա նշանակում է, որ տնտեսական հեղափոխություն եզրույթն ուղղակի պետք է մոռանալ:

 – Այս ամենով հանդերձ՝ արդյոք ունե՞նք տնտեսական հեղափոխություն, կամ՝ տնտեսության դեպքում ճի՞շտ է օգտագործել «հեղափոխություն» բառը: Կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանի պնդմամբ՝ «հեղափոխություն» բառի մասին անընդհատ հիշեցնելը ներդրողներին հետ է պահում ներդրումներ կատարելուց:

– Այո՛, և եթե հնչում է նախադասություն մոտավորապես այս բառերով՝ «Մեր քաղաքական հեղափոխությունը նպաստավոր դաշտ է ստեղծում ներդրումների ներհոսքի համար, իսկ հիմա սկսում ենք հեղափոխության հաջորդ փուլերի իրականացումը», սա ոչ այլ ինչ է, քան մեսիջ հնարավոր ներդրողներին, որ մեր երկիրը հեղափոխությունների ընթացքի մեջ է՝ իր հետևանքներով հանդերձ, և այստեղ ներդրումներ անելը նշանակում է՝ ներդրումներ անել անորոշության պայմաններում: Բազմիցս ասել ենք, որ ներդրումների համար գրավիչ դառնալու համար պետք է հստակ քաղաքականություն, որ պոտենցիալ ներդրողի համար ապահովենք կանխատեսելիությունը, առաջարկությունների համար ոլորտների շահութաբերության ուսումնասիրություններ և այլ մի շարք գործողություններ: Բայց ո՞վ անի դա: Սխալ է գնահատվում, թե ովքեր են ներդրողները և ինչու պետք է ներդրումներ անեն Հայաստանի Հանրապետությունում: Ներդրողը բիզնես շահ հետապնդողն է, որին հետաքրքրում է իր կայուն շահույթն ու բիզնեսի շարունակականության հնարավորությունը, կանխատեսելիությունը: Եթե չգիտես կամ չես կարող ապահովել իրական ներդրումային գրավիչ միջավայր, ապա հազար ու մի պատճառ կարող ես բերել: Ուզում եմ ասել, որ պարոն Մեսրոբյանը ճիշտ դիտարկում է արել:

– Ն. Փաշինյանը նաև հայտարարեց, որ ռազմական ծախսերը չպետք է գերազանցեն համախառն ներքին արդյունքի 4 տոկոսը, այնուհետև ակնարկեց, որ ռազմական ծախսերի ավելացումը, ըստ էության, կախված է կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներից, որոնք պիտի ուղղվեն ՀՀ պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

– Առհասարակ երկրի պաշտպանության ապահովության համար տրամադրվող գումարները պետք է դինամիկ աճ գրանցեն, բայց իներցիոն բնույթի աճ էլ չկա: 2018 թվականին 2017-ի նկատմամբ պաշտպանության բյուջեն աճել է շուրջ 18.2 տոկոսով, 2019 թվականին 2018-ի նկատմամբ՝ շուրջ 24.7 տոկոսով, իսկ 2020 թվականին 2019 թվականի նկատմամբ բացառվել այդ աճը: Ինչո՞ւ, եթե բյուջեի համախառն եկամուտների տեմպը նույն իներցիոն բնույթով պահպանվել է, ծախսերը՝ նույնպես, իսկ պաշտպանության ծախսերը՝ ոչ: Այստեղ պետք էր այլ մոտեցում որդեգրել, այն է՝ զարկ տալ ռազմարդյունաբերությանը և բանակը դարձնել տնտեսության լոկոմոտիվ ճյուղերից մեկը, իսկ իշխանությունները թերակատարումներ ունեն կապիտալ ներդրումների մասով: Ոլորտներ կան, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարը բավարար չէ թռիչքային աճ գրանցելու համար, գործողություններ են պետք: Ռազմական ոլորտն այդպիսին է, մանավանդ այն դեպքում, երբ ունենք թշնամի հարևաններ, որոնք անընդհատ ավելացնում են իրենց ռազմական բյուջեն:

 – 2020 թվականին պլանավորված է 1 տրիլիոն 602 մլրդ եկամուտ, սա հնարավո՞ր է լինելու ապահովել:

 – 2020 թվականի բյուջեի համախառն եկամուտները պլանավորվել է 13.44 տոկոսով ավելացնել 2019 թվականի նկատմամբ, համախառն ծախսերը՝ 14.08 տոկոսով, իսկ դեֆիցիտը թռիչք է ապրել և կազմում է 20.4 տոկոս՝ դառնալով 182.57 մլրդ դրամ: Նախ՝ պետք է գնահատել նախընթաց շրջանի դինամիկան: 2019 թվականի բյուջեի աճի տեմպը՝ 2018 թվականի հետ համեմատած, բարձր էր 1-1.5 տոկոսային կետով, քան 2020-ը՝ 2019-ի համեմատությամբ: Նախորդ տարիներին ավելի բարձր ցուցանիշներ էլ են եղել, բայց հիմնականում տեմպը նույնն է: Եկամուտներ ապահովելու համար դրանց հաշվեգրվող ծախսեր են պետք: Արդյունավետ և արդյունքաստեղծ ծախերը կարող են ապահովել եկամուտներ:

– «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում վարչապետն ասել է, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցում Հայաստանն ու Ռուսաստանը կհանգեն դաշնակցային որոշման: Ո՞ր դեպքում այն կարելի է համարել դաշնակցային:

– Նախ՝ պետք է մեր երկրում փոխել բնական գազի սակագնային քաղաքականությունը, այստեղ ուսումնասիրություններ են պետք, բնական գազի ինքնարժեքի ձևավորման վերաբերյալ և գազի գնի հարցում բանակցություններին պետք է գնալ թուղթ ու գրիչով: Անհրաժեշտ է հստակեցնել մեր պետության կողմից միջամտությունների ուղղությունները, անհրաժեշտ են նոր կարգավորումներ, նոր մոտեցումներ էներգետիկ քաղաքականության վերաբերյալ: Ամբողջը՝ Ա-ից մինչև Ֆ, հաշվարկելու իմացություն ունենալ և ձևավորել հիմնավոր տեսակետ:

Հարցը, մեծ հաշվով, ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական և քաղաքական: Քաղաքական իմաստով՝ այո՛, ունենք դաշնակցային հարաբերություններ ՌԴ-ի հետ: Եվ չի կարելի ամեն հարցում մեղադրել դաշնակցային գործընկերոջն այս կամ այն պրոցեսների մեջ, թե ինչո՞ւ է ռազմավարական գործընկերը քաղաքական որոշումներ կայացնում, և միաժամանակ ի ցույց չդնել քո ռազմավարական գործընկեր լինելու պատրաստակամությունը: Ռազմավարական գործընկերների մեջ պետք է ամեն հարց լուծվի պարզ և անկեղծ միջավայրում: Ես հավատացած եմ, որ ՌԴ-ի հետ ճիշտ հարաբերություններ պահպանելու և ճիշտ գործելու դեպքում կարելի է շատ խնդիրներ լուծել:

– Համաշխարհային բանկի «Doing Business»-ի վարկանիշով Հայաստանի 5 կետով հետընթացը փորձ արվեց տարբեր կերպ արդարացնել՝ տեխնիկականից մինչև ՀԲ-ի մեթոդաբանության փոփոխություն, մինչդեռ փաստը մնում է փաստ:

– Սա վերաբերում է երկրների բորսաների կայացվածությանը: Մեթոդաբանությունը հետևյալն է՝ քանի՞ ֆինանսական գործիք թողարկող և տեղաբաշխող ընկերություններ են գործում: Այստեղ բավարար գնահատականի համար անհրաժեշտ նվազագույն թվաքանակն առնվազն 10 ընկերություն ունենալն է: Բազմիցս առաջարկներ անելու առիթներ ունեցել ենք, և հիմա ևս ասում եմ, որ պետք է ՀՀ-ում գործող մենաշնորհները վերակազմակերպվեն և իրենց կազմակերպաիրավական ձևով դառնան Բաց բաժնետիրական ընկերություններ: Սա հատկապես վերաբերում է բնական մենաշնորհներին և ընդերքօգտագործողներին: Այս ոլորտները խորը և համապարփակ ուսումնասիրության կարիք ունեն: Կարիք ունեն հնարավորությունների գնահատման տեսանկյունից: Իսկ նման հարցերում տեխնիկական բնույթի վրիպակներ համարյա թե չեն լինում, եթե կար, ապա արդեն պետք է փոխված լիներ: Այո՛, փաստն այն է, որ ՀՀ-ն այլևս ունի իր 47-րդ հորիզոնականը:

Մարիամ Պետրոսյան 

Տեսանյութեր

Լրահոս