«Արմավիր» ՔԿՀ պետի տեղակալը՝ հացադուլ հայտարարած դատապարտյալների և «զոն նայողների» մասին

Գրեթե մեկ ամիս առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 51 բանտարկյալ հացադուլ է հայտարարել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ պատճառը քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանի որոշումն էր, համաձայն որի՝ պետք է իրականացվեր խցերի փոփոխություն, և 21 ազատազրկված անձի որոշել էին տեղափոխել այլ խցեր:

Լրագրողների հետ զրույցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը հերքեց, թե 51 դատապարտյալ հացադուլ է հայտարարել՝ նշելով, որ ընդամենը մի քանի դատապարտյալ է եղել:

«Դատապարտյալներ կային, որ օրենքի նախագծի հետ համամիտ չէին: Քրեակատարողական հիմնարկում ցանկացած օրենք, որը բերում է խստության, կարող է բերել անհասկացությունների: Կոնկրետ «Արմավիր» ՔԿՀ-ում ոչ մի բունտային կամ անհնազանդության խնդիր չի եղել: Եղել են դատապարտյալներ, որ իրենց մտահոգությունն են հայտնել, և այդ օրերի ընթացքում «Արմավիր» ՔԿՀ-ում մի քանի դատապարտյալներ հայտարարել էին հացադուլ»,- ասաց ՔԿՀ պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:

Հացադուլի պատճառների մասին ճգրտող հարցին ի պատասխան՝ Գ. Սիմոնյանն ասաց, որ դատապարտյալների պահանջները միայն պահման պայմանների բարելավման մասին են եղել:

«Սննդի բարելավման հետ կապված, բուժսպասարկման որակի բարձրացման հետ կապված պահանջ է եղել: Բարձրացրել են նաև օդափոխության հարցը»,- ասաց պետի տեղակալը՝ ավելացնելով, որ «Արմավիր» ՔԿՀ-ն իսկապես օդափոխության լուրջ խնդիր ունի:

Դա անգամ նկատելի էր լրագրողների համար: Բանտարկյալների ու կալանավորված անձանց պահման մասնաշենքում բազմաթիվ ճանճեր կային:

«Արմավիր» ՔԿՀ պետի տեղակալը մի քանի անգամ պնդեց, որ հացադուլ հայտարարած դատապարտյալները ոչ թե օրենքի դեմ են բողոքել, այլև ունեցել են որոշ մտահոգություններ:

«Շատ կարճ ժամանակում՝ մարդկանց հետ անհատական աշխատանքի արդյունքում, լուծվել է, բացատրվել է, և դուք այսօր տեսնում եք, թե իրավիճակն ինչպիսին է»,- ասաց Գևորգ Սիմոնյանը:

Նշենք, որ երբ «Արմավիր» ՔԿՀ-ում փորձում էինք խոսել դատապարտյալների հետ, մեզ էին մոտենում ՔԿՀ-ների աշխատակիցները՝ լսելու, թե ինչ ենք խոսում դատապարտյալների կամ կալանավորված անձանց հետ:

Անդրադառնալով «զոն նայողներին»՝ Սիմոնյանը նշեց, որ ամեն ինչ անում են՝ քրեակատարողական հիմնարկում բոլոր դատապարտյալների և կալանավորված անձանց համար հավասար պայմաններ ապահովելու համար:

«Եթե ասենք, որ այդ անունը (զոն նայողներ) կվերանա, մենք կգնանք սխալ ուղղությամբ: Վաղը եթե ես հայտնեմ, որ այդ անունը չկա, բայց ուրիշ անուն կա, ոչ մի էական տարբերություն չի լինելու: Հարցը «զոն նայող» անունը չէ, հարցն այն է, որ հիմնարկում պետք է լինի հավասարություն: Հիմնարկում բոլորի պահման պայմանները պետք է լինեն հավասար»,- ասաց Գևորգ Սիմոնյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյությում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս