Հայտնի գիտնական, սիրված հայր և մեծ ընտանիքի պապիկ. Ալբերտ Գևորգյանը բոլորել է 80-ամյակը
Դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Գևորգյանը, ով կյանքի 50 տարին նվիրել է «Նաիրիտ»-ի գիտահետազոտական լաբորատորիային, բազմանդամ ընտանիքի սիրված հայր ու պապիկ է. հենց սիրելիների միջավայրում էլ տոնել է իր ծննդյան 80-ամյակը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գևորգյանը պատմեց կյանքում ունեցած ձեռքբերումների, պարգևների և մեծ ընտանիքի մասին:
«Ավարտել եմ Երևանի պետական համալսարանը, բայց ուսման վերջին տարում ուսանել եմ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ – հեղ.) պետական համալսարանում: Հենց այնտեղ էլ բախտ ունեցա ծանոթանալու իմ կյանքի ընկերուհու՝ Նինայի հետ: Նա նույն համալսարանում սովորում էր քիմիայի ֆակուլտետում, իսկ ես ֆիզիկայի»,- ասաց պրոֆեսոր Գևորգյանը:
1961 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո՝ աշնանը, Ալբերտ Գևորգյանն ու կինը՝ Նինա Ալեքսեևնան ամուսնացել են և դրանից մեկ տարի անց ծնվել է նրանց առաջնեկը՝ Արմենը:
«1961 թվականից սկսել ենք աշխատել «Նաիրիտ» գիտահետազոտական լաբորատորիայում, որը զբաղվում էր պոլիմերների ուսումնասիրության հարցերով: «Նաիրիտ»-ում հնարավորություն կար մասնագիտական ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ: 1964 թվականին՝ Լենինգրադի կաուչուկի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի երևանյան մասնաճյուղի հիման վրա, «Նաիրիտ» գիտահետազոտական լաբորատորիայում ստեղծվեց պոլիմերների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ»,- նշեց Ալբերտ Գևորգյանը:
Հենց այնտեղ էլ Գևորգյանն «աճել է»՝ կրտսեր գիտաշխատողից մինչև պոլիմերային բաղադրությունների լաբորատորիայի վարիչ, տեխնոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
«Իմ աշխատանքային տարիներին կատարել եմ շատ գիտահետազոտական աշխատանքներ, ունեմ գրեթե 200 գիտական աշխատություն, ինչպես նաև 50-ից ավելի գյուտի հեղինակ եմ: Իմ կատարած ուսումնասիրությունների հիման վրա «Նաիրիտ»-ում սկսեցին արտադրել քլորոպրենի և այլ մոնոմերների հիման վրա նոր պոլիմերային նյութեր, լատեքսներ, որոնք Խորհրդային միության ժամանակ կիրառվել են արդյունաբերական ամենատարբեր բնագավառներում»,- շեշտեց պրոֆեսորը:
Նա ավագ գիտաշխատողի կոչում ստացել է 1970 թվականին, որը հաստատել է ԽՍՀՄ նախարարների միության բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովը, իսկ 1991 թվականին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Այդ ժամանակ Ալբերտ Գևորգյանը ներկայացրել է «Նոր թաղանթ առաջացնող և ադգեզիվային նյութեր կարբօքսիլ պարունակող քլորոպրենային համապոլիմերների հիման վրա» աշխատանքը: Նույն թվականին գիտական բեղմնավոր աշխատանքների և բարձրորակ աշխատանքների և բարձրորակ մասնագետների պատվաստման համար ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
Խորհրդային միության տարիներին Մոսկվայում Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ԺՏՆՑ) պրոֆեսորը ներկայացրել է իրենց կատարած մեծածավալ աշխատանքները, որոնց շնորհիվ «Նաիրիտ»-ում ստեղծվել ու ներդրվել էին նոր կարբօքսիլ պարունակող քլորոպրենային համապոլիմերներ: Հենց այդ աշխատանքների համար 1979 թվականին Գևորգյանը ստացել է «ԽՍՀՄ ԺՏՆՑ» արծաթե մեդալ, իսկ 1980 և 1982 թթ.՝ «ԽՍՀՄ ԺՏՆՑ» բրոնզե մեդալ:
Պրոֆեսորը բազմանդամ ընտանիքի հայր է, ունի 3 երեխա, 5 թոռ և 1 ծոռ: Կինը՝ Նինա Ալեքսեևնան՝ ավարտելով Լենինգրադի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը, նույնպես աշխատել է «Նաիրիտ»-ում: Տղաները՝ Արմենը և Ալեքսանդրը, ավարտել են Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը: Արմենը նաև երկրորդ մասնագիտություն ունի՝ նկարիչ է: Աղջիկը՝ Նելլին, ոսկե մեդալով ավարտել է Երևանի բժշկական համալսարանը, և արդեն 12 տարի տեղափոխվել է ապրելու ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում:
Պատրաստեց՝ Լիլիթ Դեմուրյանը