«Փոխգնդապետ Արա Մխիթարյանը կենդանության նշաններ է ցույց տալիս». ՊՆ մամուլի խոսնակ
Սեպտեմբերի 18-ից կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ լրատվամիջոցները երեկ իրեն սխալ են հասկացել՝ գրելով, թե փոխգնդապետը կոմայից դուրս է եկել:
«Թեթևակի կենդանության նշաններ է ցույց տվել փոխգնդապետը, այնպես չէ, որ ինքը կոմայից լրիվ դուրս է եկել: Երեկ ինձ մի քիչ սխալ հասկացան: Փոխգնդապետը գլուխն է շարժում, աչքերն է շարժում, շրթունքներն է շարժում: Այդպիսի վիճակ է: Կենդանության նշաններ է ցույց տալիս»:
168.am-ն այսօր զրուցել է նաև Արա Մխիթարյանի հոր՝ Սամվել Մխիթարյանի հետ. նա ասել է, որ երեկոյան է վերադարձել իր տղայի մոտից և որևէ դրական տեղաշարժի մասին չգիտի: Նա խոստացավ հիվանդանոց հասնելուն պես ավելի մանրամասն ներկայացնել իրավիճակը:
Սամվել Մխիթարյանի՝ մեզ փոխանցած այս տեղեկությունը, փոխանցեցինք նաև Արծրուն Հովհաննիսյանին, ինչին նա այսպես արձագանքեց.
«Ինքն ամեն րոպե բժիշկների կողքին նստած չէ, մեզ բժիշկներն են փոխանցել, որ Արա Մխիթարյանը կենդանության նշաններ է ցույց տվել, բայց այնպես չէ, որ ամբողջովին կոմայից դուր է եկել»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի արդյունքում ՊՆ փախգնդապետ Արա Մխիթարյանը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում: Նրան ծեծի ենթարկելու մեջ կասկածվող երկու անձիք կալանավորված են, նրանցից մեկը՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն է, մյուսը՝ նրա եղբայրը:
Նշենք նաև, որ Վայոց ձորի նոր մազպետ է նշանակվել Տրդատ Սարգսյանի օգնականի փաստաբան Արարատ Գրիգորյանը, ում փաստաբանական լիազորությունները շուտով կկասեցվեն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ