Հայկական կրթության դիմազրկումը
«Գոյություն չունի և չի կարող ունենալ կրթական ընդհանուր իդեալ: Ամեն ժողովուրդ իր կրթական իդեալն ունի, որ բխում է իր ոգուց և կարիքներից»:
Գ. Նժդեհ
2018թ.-ին ՀՀ կառավարության կազմը ներկայացնելիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանը վստահության քվե էր խնդրում հանրությունից՝ «թողեք աշխատենք» կարգախոսը թափահարելով: Ի սկզբանե պարզ էր, որ թավշյա կադրերը կաղում են բանիմացության տեսանկյունից, չունեն փորձ և կառավարման ձիրք, սակայն դրանք միայն ծաղիկներն էին՝ հետագա զարգացումների տեսանկյունից: Անցած 1,5 տարվա ընթացքում պարզվեց, որ կառավարության կադրերը ծույլ են, շատ հաճախ՝ լրիվ անտեղյակ իրենց ոլորտներից, պարզվեց նաև, որ նրանցից շատերը սորոսյան գրանտների ակտիվ սպառողներ են, կասկածելի քաղաքական հայրերով:
Նիկոլյան կառավարչական գվարդիայի առաջամարտիկներից է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանը: Տվյալ տխրահռչակ անձը, ով աչքի ընկավ ուսուցիչների և տնօրենների չստացված տեռորով, փաստացի վերածվել է սուպերնախարարի և «ղեկավարում է» ոլորտներ, որոնցից բացարձակապես գլուխ չի հանում: Արդեն իսկ նրա ձեռամբ դպրոցական կրթական ծրագրերից դուրս է մնացել Հայ եկեղեցու պատմություն առարկան: Դրա փոխարեն՝ թավշյա կադրն իր ձեռքբերումներն է համարում տրանսգենդերի պաշտոնական ընդունելությունը, սեռափոխվածի վերաբերյալ ֆիլմի ֆինանսավորումը և սատանիստական խորագրով միջոցառումներին «տանիք» կանգնելը:
Սույն պաշտոնյան վերջերս աչքի ընկավ արդեն իսկ հայտնի նախաձեռնությամբ, ըստ որի՝ առաջարկվում է բուհական պարտադիր կրթական ծրագրերից դուրս թողնել Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաները: Ըստ նախաձեռնող կողմի՝ առաջարկվում է տվյալ առարկաները թողնել՝ որպես ընտրովի դասընթացներ, և ուսումնառել ուսանողի ցանկության դեպքում: Հիմնավորումն այն է, որ տվյալ դասաժամերը կարող են օգտագործվել, այսպես ասած, մասնագիտական առարկաների համար:
Երևույթի տհաճությունը կայանում է նրանում, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես անբարյացակամ վերաբերմունք է դրսևորում սեփական պետության և ազգի պատմության ու լեզվի նկատմամբ: Ստացվում է այնպես, որ 21-րդ դարում հայկական կրթական համակարգն այլևս կարիք չունի ազգային լինել, այն կարող է լինել տրանսազգային, ինտերնացիոնալ, ավելի ճիշտ՝ անդեմ և աննկարագիր: Դեռևս խորհրդային իշխանության օրոք հայկական կրթական համակարգը միասնական կրթության մի մաս էր, սակայն աչքի էր ընկնում իր յուրահատուկ, ազգային բնութագրով և բովանդակությամբ:
Ակադեմիական կրթության տեսանկյունից խիստ էական է մասնագիտական լեզվական իմացությունը: Մասնագիտական լեզվաոճական նրբությունները, գիտական մտքի և շարադրանքի ճիշտ ու հայեցի ձևակերպումները կազմում են ապագա մասնագետի որակական պատրաստվածության խիստ կարևոր բաղադրիչը: Ուստի բուհական ծրագրում հայոց լեզվի առարկայական դասաժամերը կարող են ոչ թե ուղղակի կրկնել դպրոցական ծրագիրը, այլ նպաստել ապագա մասնագետի գործիմացության ձևավորմանը:
Նույնական խնդիր կա նաև հայոց պատմության դեպքում: Յուրաքանչյուր մասնագիտություն կարող է ուսումնասիրել տվյալ ոլորտում հայկական ժառանգության պատմությունը՝ փիլիսոփայությունից մինչև բնագիտություն, հասարակագիտությունից մինչև Աստվածաբանություն, և այլն: Ներկայացվող հիմնավորումը, ըստ որի՝ ի՞նչ կարիք կա նորից կրկնել հայոց դինաստիաների ժամանակագրությունը, առնվազն անգործությունը ծածկելու ճիգ է, քանի որ նախարարության խնդիրն է՝ առաջարկվող խնդիրներին տալ լուծումներ, այլ ոչ թե դրանք անբանության հետևանքով լուծարել:
Պետք է նշել, որ տվյալ թեման առաջ բերեց նաև այլ շահարկումներ ևս: Ինչպես միշտ, առիթից օգտվեցին Հայաստանում հակառուսականությունն իրենց համար փեշակ դարձրածները: Որոշ շրջանակներից նույնիսկ առաջարկներ հնչեցին՝ ծրագրային ծածկույթից հանել նաև ռուսաց լեզուն՝ պատճառաբանելով, որ այն նախկին կայսրությունից մեզ մնացած ռուդիմենտ է: Այս թեզի հեղինակները գտնում են, որ ռուսերենը՝ որպես օտար լեզու, քիչ կարևոր է և ոչ պարտադիր ուսումնառության համար: Եվ սա՝ այն դեպքում, երբ մենք գտնվում ենք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի նման կառույցներում և հանդիսանում ենք Ռուսաստանի դաշնակիցը: Նման տեսակետ պնդողները երևի մի պահ մոռացել են նաև ՀՀ-ից դեպի ՌԴ աշխատանքային միգրացիան:
Վահե Հայկունի