Արմեն Սարգսյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի հնարավոր վերաբացման, ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Տևական ժամանակ է՝ քննարկվում են «Հոկտեմբերի 27»-ի գործի հնարավոր վերաբացման, ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններն ու դրանց տրված միջազգային արձագանքը: Պարբերաբար հնչում են նաև հարցադրումներ, թե որն է այս ամենի շուրջ Սահմանադրության երաշխավորի՝  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետն ու դիրքորոշումը: 168.am-ը գրավոր հարցեր ուղղեց ՀՀ նախագահին, մասնավորապես՝

«1. Պարո՛ն նախագահ, Գործադիր, Օրենսդիր մարմինների և Սահմանադրական դատարանի միջև եղած «բացահայտ կոնֆլիկտի» և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ձևավորված ակնհայտ լարվածության մասին արդեն խոսվում է նաև միջազգային հարթակներում: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն  հանդես է եկել ՀՀ Սահմանադրական դատարանին վերաբերող հայտարարությամբ, որտեղ նշել է.

«Չափազանց անհանգստացած եմ մի կողմից՝ կառավարության ու Ազգային ժողովի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև եղած բացահայտ կոնֆլիկտով։ Դեպքերի արագ իրար հաջորդելն ու վերջին իրադարձությունները լրատվամիջոցների կողմից անընդհատ քննարկման առարկա դառնալը չեն նպաստում խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը»։

Շատերն ակնկալում են լսել Ձեր տեսակետը՝ որպես Սահմանադրության երաշխավորի: Ո՞րն է Ձեր գնահատականը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է հանգուցալուծումը:

2. Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց՝ արդյո՞ք տեսնում եք գործի վերաբացման հնարավորություն: Ինչպե՞ս եք վերաբերվում այն կարծիքներին, որոնք պարբերաբար ակնարկում են, թե «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանն ասելիք ունի: Արդյո՞ք արժանահավատ կդիտարկեք նրա ասելիքը»:

Երեկ ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացանք  պատասխանները, որտեղ, սակայն, նշված են ՀՀ նախագահի ընդհանրական մոտեցումները քաղաքական և իրավական հարցերի վերաբերյալ.

«Ի պատասխան Ձեր  հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ նախագահը տարբեր իրավիճակների ու գործընթացների վերաբերյալ բազմիցս հնչեցրել է իր տեսակետները (այդ թվում՝ ՀՀ նախագահի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ, սույն թվականի հուլիսի 26-ի հայտարարությունը և այլն):

Ուշադրությամբ հետևելով պետության ներքին և արտաքին կյանքում տեղի ունեցող իրադարձություններին ու  գործընթացներին՝ նախագահ Սարգսյանը շարունակում է իր գործառույթներն իրականացնել իրեն վերապահված սահմանադրական լիազորությունների շրջանակում:

Հանրապետության նախագահը հստակ դիրքորոշում ունի, որ ցանկացած խնդրի լուծում պետք է բխի իրավունքի գերակայության սկզբունքից և համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միևնույն ժամանակ, ապահովելով Սահմանադրության դրույթների ազնիվ և տրամաբանական մեկնաբանումն ու բարեխիղճ  կիրառումը:  Կայունությունն ու անվտանգությունը, օրինականությունն ու արդարությունը, հանդուրժողականությունն ու համերաշխությունն առաջնային են պետության ու նրա քաղաքացիների համար»։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս