«Օջախին նվիրված ոչ մի հայր առաջին հերթին չի մտածում իր անվտանգության և կոմֆորտի մասին». ՉԻ
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «2007թ. ՀՀ նախագահին սպասարկող ՏՈՒ-134 (1977թ. արտադրության) ինքնաթիռը փոխարինվեց էյրբաս 319-ով (1998թ. արտադրության): Հիմա կառավարությունը որոշել է փոխարինել A319-ը նոր, ավելի ապահով, երկարաթռիչք ինքնաթիռով: Նախնական հաշվարկներով, նոր ինքնաթիռի արժեքը կլինի 55 միլիոն դոլար:
«ՉԻ». Հեռու ենք այն մտքից, որ երկրի վարչապետը պետք է շրջագայի «մահվան գազելներով»: Բայց նաեւ հեռու ենք այն տեսակետից, որ ընտանիքի անդամներից մեկը «շիկավատ» անի, իսկ մյուսները երթևեկեն ընտանիքի ղեկավարի դիպուկ բնորոշմամբ՝ «մահվան գազելներով»: Օջախին նվիրված ոչ մի հայր առաջին հերթին չի մտածում իր անվտանգության եւ կոմֆորտի մասին: Չի մտածում, որ կարող է հարևանները քմծիծաղ տան իր վարած մեքենայի վրա, եթե երեխաները ստիպված են ճողվելով հասնել դասի:
Նորմալ չէ «օպելը» փոխել «մերսեդեսով», իսկ ընտանիքի անդամներին ասեք սպասեք մինչև նոր ընտրություններ մի բան կմտածենք եւ նոր ավտոբուսներ կբերենք: Նոր ավտոմեքենայի գնումը հասարակական մեծ դժգոհություններ չառաջացրեց, եւ օջախի հայրը որոշեց գնել նաեւ նոր ինքնաթիռ: Եթե այս գնումը նույնպես հարթ անցնի, հաջորդը վարչապետի նոր պալատ կառուցելու խնդիրն է գալու օրակարգ: Սովետի ժամանակ կառուցած շենքը չի համապատասխանում հեղափոխական չափանիշներին: Օջախի հայրը պետք է հիշի, որ ինքը օջախի հայր է դարձել ոչ թե ինքնաթիռ գնելու խոստման պատճառով, այլ ընտանիքի մյուս անդամների երթեւեկության տարրական պահանջները ապահովելու խոստման միջոցով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: