Կատալոնիայի ղեկավարը որոշել է իր դեմ ցուցմունքներ տալ հանրաքվեի պատճառով
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հոկտեմբերի 31-ին այցելել է դատական մարմիններ, որպեսզի ինքն իր դեմ մեղադրական ցուցմունքներ ներկայացնի 2017 թվականին անկախության շուրջ հանրաքվեին մասնակցելու պատճառով: Այդ մասին հայտնել է Europa Press գործակալությունը: Նրա տեղեկատվության համաձայն, ինքնամեղադրանքների հետ կապված արշավը գործի է դրվել Կատալոնիայի անկախությունը պաշտպանող կազմակերպությունների կողմից՝ ի պատասխան տարածաշրջանի քաղաքական գործիչների գործով դատարանի վճռին: Տոռային ուղեկցել են նրա մի քանի կողմնակիցներ:
Տարածաշրջանի կառավարության ղեկավարը խնդրում է, որ իր նկատմամբ հետաքննություն սկսվի 2017 թվականի սեպտեմբերի 20-ին հանրահավաքներին եւ հանրահարցմանը մասնակցելու համար: Ավելի վաղ այս արշավին արդեն միացել էին ինքնավար մարզի անկախության հարյուրավոր կողմնակիցներ:
Հոկտեմբերի 14-ից Կատալոնիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել են բազմամարդ ցույցեր: Դրանց անցկացման համար առիթ է դարձել Իսպանիայի Գերագույն դատարանի վճիռը, որը կատալոնցի այն քաղաքական գործիչներին, որոնք մասնակցել են անկախության հանրաքվեի կազմակերպմանը, բանտային կալանքի է դատապարտել մինչեւ 13 տարի ժամկետով:
2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում քվեարկություն է անցկացվել թագավորության կազմից դուրս գալու շուրջ, Մադրիդն ի սկզբանե անօրինական էր համարում այդ հանրաքվեն եւ հրաժարվում էր ճանաչել դրա արդյունքները: Նույն թվականի հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը հաստատեց անկախ հանրապետության հռչակման բանաձեւը: Ի պատասխան երկրի իշխանությունները գործի դրեցին Սահմանադրության 155-րդ հոդվածը, որն ավելի վաղ երբեք չի կիրառվել եւ թույլ է տվել սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը:
Կատալոնիայի կառավարությունը շարունակում է պնդել ինքնավար մարզի ինքնորոշման շուրջ հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը: Մադրիդը քանիցս ասել է, որ թույլ չի տա անցկացնել նման հանրահարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: