«Ես չեմ կարող, պարոն Թորոսյանի նման, իմ թիմակցին հանձնել ԱԱԾ-ին, կամ նրան անվանել հեղափոխության արժեքներ չկրող». Գևորգ Գրիգորյան
Ինսուլտի դեմ անհրաժեշտ է պայքար մղել և դրա բուժումը դարձնել ավելի մատչելի, սակայն ես դեմ եմ Առողջապահության նախարարության կողմից ներդրված ինսուլտի անվճար բուժման ծրագրին, քանի որ այն համաչափորեն չտարածվեց հանրապետության բոլոր հիվանդանոցներում։ «168 TV»–ի «Ռեվյու» հաղորդման եթերում այս մասին ասաց «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը:
«Ես նախարարությանը հորդորում էի այդ անվճար բուժման ծրագիրը նման անհավասար կերպով չբաշխել։ Ինսուլտն ունի երկու տեսակ՝ իշեմիկ և հեմոռագիկ։ Իշեմիկ տեսակն ամբողջությամբ անվճար է և ներդրվել է պիլոտային ծրագրով 400 հոգու համար, իսկ հեմոռագիկ տեսակը, որը, ի դեպ, ավելի շատ է տարածված, անվճար չէ. Այն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակվում է բուժվել համավճարով»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ մյուս անվճար ծրագրի՝ ուռուցքաբանության բուժումն անվճար հայտարարելով և փոխհատուցելով միայն վիրահատության գումարը՝ Առողջապահության նախարարությունը խաբում է ժողովրդին։
«Ուռուցքաբանական հիվանդության բուժման մեջ մտնում է և՛ քիմիաթերապիան, և՛ վիրահատությունը, ճառագայթային թերապիան և այլն, իսկ միայն վիրահատությունը փոխհատուցել ու հայտարարել, որ բուժումն անվճար է, ստացվում է՝ մենք խաբում ենք բնակչին՝ ստեղծելով տրամադրություններ և լայքերի մեծ բանակ։ Նշեմ, որ այս գործող ծրագիրն էլ ես կայացած չեմ համարում, քանի որ վիրահատությունների համար փոխհատուցվող գներն իրականությանը և շուկայական գներին չեն համապատասխանում. Օրինակ՝ 1 մլն դրամ արժեցող վիրահատության համար փոխհատուցվում է 600.000 դրամ»,- ասաց Գրիգորյանը:
Նա իրեն դիմող հիվանդներին, որոնք ասում են՝ «նախարարն ասել է՝ անվճար է», հետևյալ պատասխանն է տալիս.
«Թող նախարարն էլ Ձեզ վիրահատի կամ կազմակերպի անվճար վիրահատությունը»։
Գևորգ Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց նաև անվճարի անվան տակ կատարված վիրահատությունների որակին։
«Արդյունքում՝ տուժում է որակը, եթե նախարարությունը պատրաստվում է առողջությանը տրամադրվող ծառաությունների որակի վրա խնայել, ես դրան դեմ եմ, չարժե խաբել»,- ասաց նա։
Գրիգորյանն անդրադարձավ նաև 2020 թվականի բյուջեով առողջապահության ոլորտի համար 2018 թվականի համեմատ 33 տոկոսով ավելի ֆինանսական հատկացմանը՝ նշելով, որ այդ միջոցները ճիշտ կառավարելու պարագայում կունենայինք առողջապահության ամբողջական ապահովագրություն։
«Այսօր, սակայն, գումարներն ուղղվում են օրվա խնդիր լուծելու, և ոչ թե՝ միասնական ռազմավարության համար։ Այսօր նախարարը հայտարարում է՝ այս կամ այն խմբի համար բուժումն անվճար է, մինչդեռ, եթե այդ անվճարները գումարեինք իրար՝ կունենայիք ամբողջական առողջապահության ապահովագրություն և նաև կկարողանայինք ոլորտը զարգացնել»,- ասաց նա։
Գևորգ Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաև շրջանառվող այն տեսակետների մասին, ըստ որի՝ ինքն ակտիվորեն քննադատում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և նրա ղեկավարած գերատեսչությունը, քանի որ «աչք ունի նախարարի պաշտոնի վրա»։
«Ես այս կառավարության օրոք որևէ պաշտոնի վրա «աչք չունեմ»։ Ինձ համար սկզբունքայնությունը, գաղափարախոսությունն ու թիմային աշխատանքը շատ ավելի կարևոր են, քան որևէ բազկաթոռ։ Ես չեմ կարող, պարոն Թորոսյանի նման, իմ թիմակցին հանձնել ԱԱԾ-ին, կամ ԱԺ-ում նրան անվանել հեղափոխության արժեքներ չկրող։ Չեմ դատապարտում, իհարկե, դա մարդկային բնույթ է, փաստում եմ՝ այս կառավարության օրոք որևէ պաշտոն չունեմ և չեմ էլ ուզում ունենալ»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ