«Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին էլ էին համբուրում, Տեր-Պետրոսյանի անունով էլ՝ երդվում, տեսա՞ք՝ ինչ եղավ. կարծում եք՝ նրանցից ավելի խելո՞ք եք». Արամ Սարգսյան
«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման հյուրը ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն է
– Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունից անցել է ավելի քան 1,5 տարի. Ինչպե՞ս կգնահատեք երկրում տիրող իրավիճակը, ի՞նչն է փոխվել դեպի դրականը կամ՝ հակառակը։
– Այս 1.5 տարվա ամենագլխավոր խորհուրդն այն է, որ ռեժիմը, որը կար, դրանից ժողովուրդն ազատվեց, սակայն մեր կուսակցությունն ասել է, որ համակարգն է պետք փոխել. այն օլիգարխիկ համակարգը, որը ձևավորվել էր՝ Առաջին նախագահից սկսած, սակայն համակարգը փոխված չէ։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսության մեջ իրականացվող քայլերին, ապա պետք է ասեմ, որ այն, ինչ կար, դա նախորդների ժամանակներից է եղել, որը հիմա զարգացվում է։
– Մարտի 1-ի դեպքերը բացահայտվե՞լ են, ինչպես հայտարարում են Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները։
– Ինչպե՞ս է բացահայտվել, ովքե՞ր են սպանել։ Եթե ուզում եք ամբողջ մեղքը գցել մեկի վրա, դա սխալ է։ Այդ դեպքում ես հարց եմ տալիս՝ բա ձեր մեղքը ո՞րն է։ Եթե դուք այդ աթոռին չեք բերում և նստեցնում Լևոն Տեր-Պետրոսյանին և մի շարք այլ անձանց, այդ դեպքում դուք օբյեկտիվությունից հեռանում եք։
– Իսկ ինչո՞ւ է մեղադրյալի աթոռին նստած միայն Ռոբերտ Քոչարյանը՝ ըստ Ձեզ։
– Ինձ համար Ռոբերտ Քոչարյանի խնդիրն այլ է, բայց հարցն այն է, որ այսօր դրված է անձի խնդիրը, մինչդեռ պետք է երևույթը բացահայտվեր։ Եթե ուզում եք երևույթը բացահայտել, որ դա այլևս չկրկնվի, ապա պետք է անեն օբյեկտիվ դատավարություն. այսօր ես դա չեմ տեսնում։
– Այսօրվա իշխանությունը, փաստորեն, անձի և ոչ թե՝ երևույթը բացահայտելու խնդի՞ր է դրել։
– Այո՛, առաջին հերթին դա է, ինչպես հիմա էլ Հրայր Թովմասյանի հարցն է դրված. տեսեք՝ ի՞նչ իրավիճակ է՝ արդեն աբսուրդային իրավիճակի ենք հասել։
– Ասում են՝ Սահմանադրական դատարանը չի արտահայտում ժողովրդի կամքն ու տրամադրությունը։
– Հարցը հետևյալն է՝ եթե ես ուզում եմ՝ օրինականություն հաստատվի, պետք է շարժվեմ միայն օրենքով։ Անպայման պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տա, Արա Բաբլոյանին էլ մեղադրանք առաջադրվի. էսպես պետական կառավարում չի կարող լինել։
– Այդ դեպքում ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը։
– Միայն սեփական մոլուցքի կամ սեփական պատկերացումների, որովհետև խոսքը չի գնում արդարության մասին. արդարությունը եկավ-կանգնեց հենց Հրայր Թովմասյանի կամ Գագիկ Հարությունյանի գլխի՞ն. դա այն աբսուրդն է, որով կարելի է ցանկացածի դեմ մի բան հայտնաբերել։
Խնդիրը սա է. փաստորեն՝ ինձ դուր չի եկել, որ դու էսպիսի քայլ էս արել, վերջ, դու պետք է պատասխան տաս։ Սա պետության կառավարողի համար ամենավտանգավոր գիծն է, և թույլ չպետք է տալ, որ այն տարածվի։
Եթե ես պետք է փորփրեմ և տեսնեմ, թե տանիքն ո՞վ է վերանորոգել և որքանո՞վ, աղջիկներն ի՞նչ են արել, դա ոչ իրավական, ոչ քաղաքական բան է, դա անհասկանալի բան է։
– Հոկտեմբերի 25-26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացել է Չմիավորման Շարժման պետությունների 18-րդ գագաթաժողովը, որի ժամանակ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այնպիսի փաստաթուղթ, որը հակասում է Շարժման հիմքում ընկած սկզբունքներին։ Դուք այդ փաստաթղթի վերաբերյալ հայտնել եք Ձեր մտահոգությունները։ Կմանրամասնե՞ք մի փոքր։
– Մինչև այս գագաթաժողովին անդրադառնալը՝ հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում կայացավ Թյուրքալեզու պետությունների խորհուրդը, որտեղ պարոն Նազարբաևը հայտարարեց, որ պետք է ձևավորվի թուրքալեզու պետությունների միություն։ Հաջորդ հայտարարությունն արեց Ալիևը՝ նշելով, որ Զանգեզուրի զիջելը պառակտեց թուրքական աշխարհը, իսկ եթե դիվանագիտությունից մեկն ինչ-որ բան է հասկանում, ապա պետք է հասկանա, որ սա առիթ է՝ մեզ պատերազմ հայտարարելու։ Եթե այդ թուրքալեզու պետությունների միությունը ստեղծվի, ապա նրանց կոկորդին կանգնած է միայն Հայաստանը, այսինքն՝ Զանգեզուրը մի կողմից է, Նախիջևանը, որը վերածվել է ռազմական պոլիգոնի՝ մյուս կողմից։
Մեր Արտաքին գործերի նախարարությունը պետք է այս մասին ահազանգեր ՄԱԿ-ին, ինչը չի արել։ Սրանից բացի՝ Բաքվում 120 երկիր ստորագրում է Ղարաբաղի համար ոչ ընդունելի փաստաթղթի տակ։ 120 պետություններ ստորագրեցին, և հարց է առաջանում՝ բա մեր դեսպաններն ինչո՞վ էին զբաղված, ո՞րն էր նրանց առաքելությունը։
Մենք հայտարարություն ենք անում, նրանք գործում են։ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է, որ հետագայում աշխարհը նրան ասի՝ ճիշտ ես։ Նրանց հակառակ դիրքրոշում մենք չունենք, նրանց հակառակ դիրքորոշում մենք չենք ներկայացրել աշխարհին, մենք ընդամենը ելույթ ենք ունենում և հայտարարություն անում։
– Անդրադառնալով քաղաքական լրահոսի մյուս կարևոր հարցին՝ այս օրերին մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Վազգեն Մանուկյանը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։
– Այստեղ միայն մի բան կարող եմ ասել. նշանակում է՝ ինչ-որ մի բան, որ նա հայտարարել է, իրենց դուր չի եկել։
– Արդեն իսկ շրջանառվում են կարծիքներ, որ իշխանություններին սկսել է անհանգստացնել Վազգեն Մանուկյանի ղեկավարած «Վերնատուն» ակումբը, և փորձում են նրանից ազատվելու ելքեր գտնել։
– Իշխանություններին շատ բան դուր չի գա, բայց պետք է հասկանան մեկ բան, եթե գնան այն ճանապարհով, որով գնաց ՀՀՇ-ն, իսկ երևում է, որ գնում են, նրանց վախճանը նույնն է լինելու։
Գիտեք՝ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին էլ էին տատիկները համբուրում, Լևոն Տեր-Պետրոսյանի անունով էլ երդվում էին, բայց ի՞նչ եղավ. ինչ է, կարծում են, որ նրանից ավելի խելո՞ք են։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ