Գիտության ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 0 (զրո) դրամով, մտքի համար գումար չկա՞
2020 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 0 (զրո) դրամով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը: Սա՝ այն հայտարարությունների ֆոնին, երբ «Մտքերի հայկական գագաթաժողովի» բացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ «Երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, և ահա եկել է մտքի դարը, և որևէ կասկած չկա, որ մենք ունենք միտք: Մեր հիմնական անելիքը բնորոշված է, մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ միտքը զարգանա»:
«Հինգշաբթի օրն Ազգային ժողովում քննարկվելու է 2020 թվականի բյուջեով նախատեսված կրթության ոլորտին տրամադրվող ֆինանսավորումը: 2020 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 0 դրամով: Ինչո՞ւ:
Անցած տարի ես այս հարցը բարձրացրեցի Ֆեյսբուքի իմ էջում, ինչին այն ժամանակ նորանշանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ գիտության մեջ ֆինանսների արդյունավետ ծախսման խնդիր կա, դեռ եղած ֆինանսների ծախսման խնդիր կա: Իր այդ պատասխանից անցել է մեկ ու կես տարի, և եթե արդյունավետ ծախսման խնդիր կար, ապա բավական ժամանակ ունեին խնդիրը կարգավորելու համար: 2020թ. պետական բյուջեով էլ չի նախատեսվում գիտությանը տրամադրվող գումարներն ավելացնել, նշանակում է՝ խնդիրը շարունակում է մնալ: Ի՞նչ են արել իրենք այս ընթացքում խնդիրը լուծելու համար: Իրենց խնդիրն է, եթե հիմա ֆինանսների արդյունավետ ծախսման խնդիր կա. իրենք սրանով բարձրաձայնում են, որ լավ չեն կարողանում տնօրինել, իրենք պետք է մեխանիզմներ մշակեին դրա համար, եթե չէին կարողանում, թող ասեին, քննարկում հրավիրեին: Խնդիրն այն է, որ ԿԳՄՍ ոլորտին ավելի շատ գումար է տրամադրվում, բայց կոնկրետ գիտությանը՝ ոչ, այսինքն ՝չեն կարող ասել, թե գումար չկա»,- ասաց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը:
ԳԱԱ գիտաշխատողը պնդում է , որ սա նաև Գիտության մասին օրենքի խախտում է, քանի որ բյուջեի եկամտային աճի հետ պետք է աճի նաև գիտությանը տրամադրվող բյուջեն:
«Գիտության մասին օրենքում հստակ գրված է, որ գիտությանը հատկացվող ֆինանսավորումը պետք է աճի, եթե ունենք բյուջեի եկամտային մասի աճ՝ համամասնորեն: Վերջին երեք տարվա ընթացքում օրենքի այս կետը լրիվ անտեսվում է. կա եկամուտների աճ, իսկ գիտության ֆինանսավորումը մնում է նույն մակարդակին»,- ասաց Հովակիմ Զաքարյանը:
Ո՞րն է Գիտությունների ազգային ակադեմիան համալսարանների հետ միավորելու նպատակը
Օրեր առաջ քննարկման դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն էլ՝ հայտնի չէ, թե ե՞րբ, ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Գիտությունների ազգային ակադեմիան միավորել համալսարանների հետ: Հովակիմ Զաքարյանը նպատակը չի հասկանում:
«Խնդիրն առաջին հերթին՝ միավորման մեջ չէ, այլ այն պայմանների, որում աշխատում են գիտնականները: Խնդիրը հետևյալն է՝ արդյոք հնարավո՞ր է եղած միջոցներով գիտությամբ զբաղվել՝ անկախ նրանից, թե դու որտե՞ղ ես դա անում: Եթե ուզում եք, որ երկրում լինի գիտություն, ապա դրան պետք է տրամադրվի ՀՆԱ-ի մեկ տոկոսը, հիմա տրամադրում են 0.23 տոկոսը, մեր ՀՆԱ-ն առանց այդ էլ փոքր է: Եթե նույնիսկ այսօր որոշում կայացվի, որ ԳԱԱ-ն միացվում է համալսարաններին, պետք է հասկանալ, որ խնդիրը կառույցի մեջ չէ, ոչ էլ կառավարման մոդելի մեջ է, եթե Ակադեմիան տարան համալսարաններ, դրանից համալսարաններում գիտության մակարդակն ավելանալո՞ւ է, գուցե ավելի վատանա, քանի որ, օրինակ՝ ԵՊՀ-ում, գնման պրոցեսն ավելի երկար և բարդ պրոցես է, քան ԳԱԱ-ում: Ազգային ակադեմիային, իհարկե, բարեփոխումներ պետք են, բայց չի կարելի փակել կառույցն ու ասել, թե խնդիրը լուծվեց»,- ասաց ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողը:
168.am-ի հարցին, թե ԳԱԱ-ն համալսարաններին միացնելն արդյոք չի՞ խոսում այն մասին, որ համալսարանների ղեկավարություններին վստահում են ավելի շատ, քան ԳԱԱ-ի ղեկավարությանը, Հովակիմ Զաքարյանը պատասխանեց.
«Մենք բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում համալսարաններում, օրինակ՝ ԵՊՀ-ում, չեմ կարծում, որ այնտեղ ֆինանսներն ավելի լավ կկառավարեն, քան ԳԱԱ-ն, հատկապես, որ Ակադեմիան ֆինանսներ չի էլ կառավարում: Ֆինանսավորումը ստանում են Գիտության կոմիտեից: Ակադեմիան ունի առանձին ինստիտուտներ, որոնք ֆինանսավորվում են Գիտության կոմիտեից, և նախագահություն, որը նույնպես ֆինանսավորվում է կոմիտեից: ԳԱԱ-ն հատուկ իրեն տրամադրվող բյուջե չունի, որ ըստ իր հայեցողության՝ բաշխի ինստիտուտներին»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ