«Ներդրումային  ինստիտուտը՝ որպես այդպիսին, ՀՀ-ում գտնվում է կանգառ վիճակում». Վարդան Բոստանջյան

Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձավ Կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը:

«Մենք բյուջեի հիմքում դրել ենք պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը։ 2019 թվականի բյուջեի նախագծում 4,5 տոկոսանոց տնտեսական աճ էր նախտեսված, բայց, փաստացի, մենք ապահովեցինք 5.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ»,- ասել է  վարչապետը՝ շեշտելով, որ հաշվի առնելով նաև այն, որ 2019 թվականի առաջին 10 ամսվա տվյալներով՝ ունենք 7,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, կարելի է ասել, որ Կառավարությունը տնտեսական ճիշտ քաղաքականություն է վարում։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, սակայն, կարծում է, որ ցուցանիշը, որը կփաստի, թե արդյունավետ տնտեսական քաղաքականություն է վարվում, հասարակության մոտ բարեկեցության առումով փոփոխությունների առկայությունը պետք է լինի. «Ըստ էության, տարբեր ցուցանիշների հրովարտակումը, հռչակագրումը բացարձակապես չեն կարող մեզ համար դրական տեղաշարժերի գործոն դառնալ, եթե բարեկեցության առումով հասարակության մոտ փոփոխություններ չնկատենք, իսկ այդպիսի փոփոխություններ չկան: Եթե նման փոփոխություններ չկան, նշանակում է՝ մնացածը դեռևս սին է և ունայն»:

168.am-ի հետ զրույցում Վ. Բոստանջյանը շեշտեց  ՀՀ-ում տնտեսական բարեփոխումներն անհրաժեշտության մասին. «Այս պահի  դրությամբ մենք ունենք տնտեսության շատ վատ կառուցվածք՝ հին, չաշխատող:

Կարդացեք նաև

Կտրուկ ու մեծ բարեփոխումները պահանջում են տնտեսության կառուցվածքի խիստ արդիականացում, արտաքին տնտեսական կապերի ուժեղացում՝ այս  կտրվածքով, ցավոք, մենք դեռևս չունենք հաջողություններ՝ թեկուզ միայն  պայմանավորված էն հանգամանքով, որ ներդրումային  ինստիտուտը՝ որպես այդպիսին, ՀՀ-ում գտնվում է  կանգառ վիճակում: Սա նշան է այն բանի, որ գործունեություն իրականացնողները՝ թե ՛ ներքին, թե՛ արտաքին, հակված չեն ՀՀ-ում գործունեություն ծավալելու, իսկ ինչու՝ քանի որ չկան անհրաժեշտ պայմաններ»:

Հարցին, թե այս պարագայում ներկա իշխանությունների լավատեսությունն ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված՝ տնտեսագետը պատասխանեց. «Թող լավատեսություն լինի, ես դեմ չեմ, բայց լավատեսության սահման կա, եթե ինչ-որ սահմանից հետո շարունակում ես լավատեսության դիֆերամբներ անել, դա արդեն զավեշտի է վերածվում» :

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս