Գիտնականները պարզել են Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը
Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը եղել է պանկրեոնեկրոզը (ենթաստամոքսային գեղձի հիվանդության սուր ձեւ), այլ ոչ թե մալարիան, որովայնային տիֆը կամ թոքաբորբը, ինչպես ավելի վաղ համարվում էր: Ինչպես հայտնել է Greek Reporter հրատարակությունը, այս եզրակացությանն են եկել Հունաստանի Արիստոտելի համալսարանի գիտնականները:
Տակավին 1995 թվականին սկսված հետազոտության ընթացքում մասնագետները մանրակրկիտ վերլուծել են հիվանդության նշանները եւ Մակեդոնիայի թագավորի վերջին օրերը, որոնք նկարագրված են անտիկ պատմաբանների կողմից: Հետազոտության հեղինակի՝ բժշկության պատվավոր պրոֆեսոր դոկտոր Թոմաս Գերասիմիդիսի խոսքով, Ալեքսանդրի մահվան պատճառը դարձել է սուր պանկրեոնեկրոզով պայմանավորված նեխավարակումը:
Այս հիվանդությունն իր հերթին զարգացել է լեղաքարային հիվանդության, ինչպես նաեւ զորահրամանատարի կողմից կերակուրն ու ալկոհոլը չարաշահելու պատճառով, նշում է պրոֆեսորը: «Ախտանշանների սկիզբը բնութագրվում էր ուժեղ փորացավով առատ կերակրից ու գինուց հետո, որն ուղեկցվում էր տենդով ու օրեցօր վատացող վիճակով 14 օրվա ընթացքում»,-ասված է հետազոտության մեջ: Ընդսմին հին հույն պատմաբանների աշխատությունների վերլուծությունից հետո Գերասիմիդիսը մերժել է Ալեքսանդրի մահվան մյուս վարկածները, ներառյալ մալարիան, թոքաբորբը, որովայնային տիֆը, ինչպես նաեւ Արեւմտյան Նեղոսի տենդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: