«Չի կարող զարգացող երկրում գումարն ուղղվել սեփական թիմի աշխատավարձի բարձրացմանը». Նարինե Դիլբարյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը
– Տիկի՛ն Դիլբարյան, Րաֆֆի Հավհաննիսյանը վերադարձավ «Ժառանգություն» կուսակցություն՝ ստանձնելով խորհրդի նախագահի պաշտոնը. Արդյո՞ք նորից կուսակցության ղեկը վերցնելով՝ Հովհաննիսյանը մտնում է քաղաքական գործընթացների մեջ։
– Պարոն Հովհանիսյանը միշտ համոզված է եղել, որ կուսակցության առաջնորդների մեջ միշտ պետք է փոփոխություն լինի, ինքն էլ տարբեր պատճառներով, հիմնականում՝ անձնական, բացակայում է Հայաստանից, բայց «Ժառանգությունից» հեռանալու մտադրություն չի ունեցել, իսկ երբ խորհրդի կազմ ընտրելու հարց առաջացավ, առաջադրվեց և ընտրվեց. նա պատրաստվում է առավել եռուն քաղաքական գործունեության՝ ըստ հնարավորության։
– Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
– Այդ անհրաժեշտությունը պետք է զգա ամբողջ ընտրազանգվածը, ուստի ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց, իհարկե, այս խորհրդարանի ժամկետն օրենքով բավականաչափ երկար է սահմանված, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակը ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմն է, այլ կուսակցական համակարգի կայացման. մի տեսակ հեղափոխությունից հետո քաղաքական կատեգորիաները ետ նախանջեցին, կուսակցությունները՝ ևս, կարծես դադար էր:
– Ի՞նչ իրավիճակ է հեղափոխությունից 1.5 տարի անց։
– Հիմա սկսվում է քաղաքական դաշտի վերադասավորումը, ակնհայտ է, որ քաղաքական ինստիտուտները պետք է կայանան, և պարզվեց, որ գաղափարախոսությունները, միևնույն է, ուժի մեջ են։ Այսօր ժամանակն է փորձել, որ քաղաքական կուսակցությունների և գործող մեխանիզմներով հնարավոր է հասնել արդյունավետ իշխանության։
– Անդրադառնանք թավշյա հեղափոխությանը հաջորդած գործընթացներին. հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է Փաշինյանը գաղտնի գնացել այդ քայլին, վարկանիշի անկման կամ ժողովրդի կողմից չընկալվելու խնդի՞ր ուներ։
– Տեսական մակարդակում որևէ մեկը չի բանավիճում՝ պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձը պետք է գնահատվի ըստ արժանվույն, բայց ամբողջ խնդիրը համադրելիությունն է։ Փաստորեն ուսուցիչները, որոնք երկրի հիմքն են, ստանում են 100 հազար դրամին մոտ աշխատավարձ, իսկ թոշակառուն էլ, եթե չեմ սխալվում, 40-45 հազար դրամ։ Եվ եթե ասվում է, որ ուսուցիչների աշխատավարձերի 10 տոկոսանոց բարձրացումն աննշան էր, կարելի է ասել, ընդամենը տեղի է ունեցել աշխատավարձի ինդեքսավորում, և համեմատած այն գների բարձրացմանը, որը առկա է մեր շուկայում, այդ 10 տոկոսը ոչինչ էր։
Իսկ ինչ վերաբերում է գաղտնիությանը և չափին, ապա, երբ ընդհանուր աշխատավարձերն այդքան ցածր են, ապա պետական պաշտոնյան, որի աշխատավարձը գոյանում է հարկերից, չպետք է այդքան բարձր աշխատավարձ ստանա։ Երկրորդ՝ ո՞վ ասաց, որ տեղի են ունեցել այնպիսի մեծ քայլեր, բացահայտվել են այնպիսի աղբյուրներ, որոնց շնորհիվ կարելի էր աշխատավարձերն այդքան բարձրացնել. չի կարող զարգացող երկրում գումարն ուղղվել սեփական թիմի աշխատավարձի բարձրացմանը, սա հին մեթոդ է, որով գործել է հին իշխանությունը։ Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը գնում է այն ճանապարհով, որը բացված էր, և ցույց է տվել իր փակուղայնությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ