Բաժիններ՝

«Քաղաքապետարանի գործունեությունը` «չհրապարակել այն, ինչ հնարավոր է չհրապարակել», տրամաբանության մեջ է». Դավիթ Խաժակյան

Երևան քաղաքի իշխանությունը գործունեության թափանցիկության տեսանկյունից ամենավատ ցուցանիշն է գրանցել 2018-ին եվրոպական 26 մայրաքաղաքներում անցկացված ուսումնասիրության արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության հրապարակած «Տեղեկատվության մատչելիությունը եվրոպական երկրների մայրաքաղաքներում» զեկույցից:

Նշենք՝ գնահատման համար ուսումնասիրվել են քաղաքապետարանների պաշտոնական կայքերի տվյալները։ Առանձին հարցերի պատասխաններ ստանալու համար հարցումներ են ուղարկվել տարբեր երկրների քաղաքապետարաններ: Չնայած զեկույցն ամփոփում է 2018-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատանքը, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը վստահ է՝ նույն պատկերը կլիներ, եթե ուսումնասիրությունն արվեր նոր քաղաքապետի օրոք:

«Վերցվել էր 14 ցուցանիշ, որի հիման վրա կազմվել էր այդ համեմատական պատկերը եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ: Եթե մենք հիմա ուսումնասիրում ենք այդ 14 ցուցանիշները, տեսնում ենք, որ գրեթե ոչինչ չի փոխվել: Ուսումնասիրող խումբը զեկույցում նշել էր, թե իրենք տեսել էին, որ որոշ գնումներ տեղադրվում են կայքում, բայց ես որ համեմատում եմ Քաղաքապետարանի էջում տեղադրված գնումների ցանկն ամբողջական գնումների ցանկի հետ, որը տեղադրվում է Ֆինանսների նախարարության կից գնումների էլեկտրոնային հարթակում, տեսնում եմ, որ Քաղաքապետարանի կայքում գնումներն ընտրողաբար են տեղադրվում: Ամեն դեպքում զեկույցի ընդհանուր պատկերն այնպիսին է, որ Երևանն իր  թափանցիկությամբ զիջում է նշված բոլոր մայրաքաղաքներին:

 

Նշում են, որ 2018-ին կատարողականները չէին հրապարակվում, եթե հիմա մտնենք, նայենք հրապարակված կատարողականների ցանկը՝ կտեսնենք, որ միայն առաջին եռամսյակն է հրապարակված, մինչդեռ պատրաստ են երկրորդ և երրորդ եռամսյակի կատարողականները ևս: Ասում են, որ Երևանի ավագանու անհատական քվեարկությունները չէին հրապարակվում, ինչը, իմ կարծիքով, շատ կարևոր ցուցիչ է: Առ այսօր, նույնիսկ այն պարագայում, որ ունենք էլեկտրոնային գրանցման համակարգ, դեռևս դա չի տեղադրվում, ընդհանրական  տեղեկատվություն է, թե որ հարցին «կողմ»-ն ու «դեմ»-ն ինչքան էր, բայց անհատական քվեարկությունը չի հրապարակվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը:

Ըստ ավագանու անդամի՝ 2018-ին հոկտեմբեր-դեկտեմբերի համեմատ առաջընթաց էլ ունենք, ետընթաց էլ:

«Զեկույցում նշված էր, որ բյուջեն հրապարակվում է ոչ ընթեռնելի տառատեսակով, տեխնիկական խնդիր էին մատնանշում, դա կարգավորել են: 14 կետ է մատնանշված, որոնցից միայն մեկ-երկուսի պարագայում «ոչ»-ը կարելի է փոխել «մասամբ»-ով, որոշ կետերում նույնիսկ հակառակը՝ բացասական բան կա, մինչև օրս քաղաքապետարանն ուշացնում է շատ դիմումների պատասխաններ: Ավելին՝ մերժում է տեղեկատվություն տրամադրել դիմող կողմին:

Հիշենք, օրինակ, տարեսկզբին քաղաքապետի ընդդիմացումը՝ հրապարակել պարգևատրումների ցանկը: Դա նոր քաղաքապետի օրոք էր, իրենք փորձեցին չհրապարակել, խախտեցին հրապարակման ժամկետները և տեղեկատվության ազատության մասին օրենքը, միայն մեր սպառնալիքների ներքո, որ կդիմենք դատարան, կվիճարկենք քաղաքապետի գործողությունը, Մարությանը որոշեց այն հրապարակել:  Քաղաքապետարանի գործունեությունն առ այսօր նույն տրամաբանության մեջ է՝ չհրապարակել այն, ինչ հնարավոր է չհրապարակել, ինչն օրենքի խախտում չի  դիտարկվի, թափանցիկության պարագայում որևէ նոր գործիք, որը կարող եմ մատնանշել, չի տրամադրվել»,- եզրափակեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս