«Ալիևը սպառնում է Հայաստանի ամբողջականությանը». Անժելա Էլիբեգովա

«Ադրբեջանի նոր թեզը կոնստրուկցիա է հավաքում իր շուրջ»,- ասում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահի հնչեցրած «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան» նոր թեզին:

«Ձևավորվում է քարոզչական նոր կոնցեպտ, որն Ադրբեջանը շուտով կներկայացնի միջազգային հանրությանը: Այս առումով ես մտահոգություններ ունեմ մեր գործողությունների վերաբերյալ  քարոզչական դաշտում: Ադրբեջանն արդեն ուրվագծեց իր քարոզչական թեզը, մերը հստակեցման կարիք ունի: Ադրբեջանը չի թաքցնում՝ ի՞նչ գործողությունների է գնալու, նրանց կողմից կանխատեսելի պատկեր ունենք: Մեր կողմից  շրջանառության մեջ կա երեք թեզ՝ առաջինը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանին, քանի որ Հայաստանը մանդատ չունի բանակցելու Արցախի փոխարեն, երկրորդ՝ Արցախը Հայաստան է, և վերջ, երրորդ՝ արցախյան հարցի լուծումը պետք է բխի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից:

Պետք է հստակեցնել , թե հիմա որ ճանապարհով ենք գնալու, որովհետև հենց այնպես չէ, որ Արցախը բանակցային գործընթացում  ներկայացնում ենք՝ որպես առանձին խաղացող, որը մեզ մանևրելու հնարավորություն է տալիս: Արցախն առանձին պետություն է, և, եթե Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէ, Բաքուն պետք է բանակցի հենց Ստեփանակերտի հետ, որովհետև Ստեփանակերտի դիրքորոշումը կարող է տաբերվել Երևանինից: Այս կոնցեպտում են հնչում նաև Մինսկի խմբի հայտարարությունները:

Եթե մենք պնդում ենք, որ արցախյան հարցի լուծումը պետք է Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար երկկողմանի ընդունելի լինի, ապա ի՞նչ ենք մենք առաջարկում ադրբեջանական հանրությանը, ինչպե՞ս ենք մենք դա պատկերացնում, բարի կամքի դրսևորման մաին մենք արդեն լսեցինք պաշտոնական Երևանի կողմից, բայց ամեն դեպքում, ի՞նչ ենք առաջարկում, բացի լսելուց ադրբեջանցիներին:

Եթե մենք գնում ենք «Արցախը Հայաստան է, և վերջ» տարբերակով, այստեղ ևս հստակ մեխանիզմների բարձրաձայնման կարիք կա՝ ինչպե՞ս ենք մենք դա պատկերացնում, ինչպե՞ս ենք տեսնում այդ միավորումը, ինչպե՞ս է ռեալիզացվելու, եթե դա ընդամենը թեզ է և հետևանքներ չի ունենալու, դա էլ պետք է հասկանալի լինի, որ, օրինակ, ադրբեջանական հանրության համար հոգեբանական ճնշում գործադրելու կամ իշխանությունների նյարդերի վրա խաղալու համար է: Եթե սա է մեր թեզը, որ Արցախը մտնելու է Հայաստանի կազմի մեջ, ապա Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ դա կհամարվի բանակցային գործընթացի տապալում, և այդ պարագայում կսկսվի պատերազմ»,- ասաց  ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Հոկտեմբերի 14-ին Թյուրքալեզու ժողովուրդների համագործակցության խորհրդի՝ Բաքվում անցկացվող 7-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ այդ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են բազմաթիվ վտանգավոր թեզեր:

«Փաստացի Ալիևը, Էրդողանը, Չավուշօղլուն, Մամեդյարովը, բոլորը միասին Բաքվում հավաքված վտանգավոր թեզեր են առաջ քաշել: Որ նրանք երկու երկիր են՝ մեկ ժողովուրդ, վաղուց հայտնի թեզ է, հանդիպման ժամանակ Էրդողանը փաստեց, որ միավորելու են իրենց ուժերը միջազգային հարթակներում, և, որ չկա իրենց համար տարանջատված սփյուռք, իրենք միասնական են, շնորհակալություն հայտնեց Ալիևին, որ սատարում է իրենց գործողությունները Սիրիայում և կանգնել է եղբայրական Թուրքիայի կողքին: Ադրբեջանական մամուլը սա ընկալեց՝ որպես ահազանգ, որ նույնը լինելու է նաև Արցախում, քանի որ բազմաթիվ համատեղ զորավարժություններ են անցկացրել, կոորդինացնում են իրենց աշխատանքը քաղաքական և ռազմական ոլորտներում:

Ալիևը բավականին լկտի կերպով անդրադարձ կատարեց Հայաստանի ամբողջականությանը՝ Զանգեզուրի մասով, ասելով, որ միայն Զանգեզուրն է խանգարում մեծ թյուրքական երազանքի իրականացմանը, ևս մեկ անգամ արձանագրեց, թե ինչ մեծ գործ է արել Նժդեհը, բայց այս առումով ես շատ կոշտ արձագանք եմ սպասում մեր կողմից, քանի որ սա ակնհայտ խեղաթյուրում է պատմական փաստերի, և նաև Ադրբեջանի ախորժակը սկսում է աճել, Հայաստանը սրան շատ կոշտ արձագանք պետք է տա»,- եզրակափակեց ադրբեջանագետը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս