«Որքան շատ են այս մասին խոսում, այնքան ավելի շատ է կարծիք ձևավորվում, որ Հրայր Թովմասյանի անձի նկատմամբ կա կանխակալ մոտեցում». Արա Ղազարյան
Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում որոշում էր կայացրել և մերժել էր «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։
Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:
168.am-ը միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանից հետաքրքրվեց, թե ՍԴ-ի այս մերժումից հետո ի՞նչ հիմքերով ԱԺ-ն կարող է կրկին բարձրացնել Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը։
«Օրենքի այն հոդվածը, որի հիման վրա հարուցեցին կարգապահական վարույթ՝ դա կա, մնում է փաստ գտնեն, ամենակարևորը փաստերն են։ Մյուս կողմից՝ որքան շատ են այս մասին խոսում, այնքան ավելի շատ է կարծիք ձևավորվում, որ Հրայր Թովմասյանի անձի նկատմամբ կա կանխակալ մոտեցում»,- շեշտեց նա։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ կարգապահական վարույթի համար փաստեր են հարկավոր, իսկ կարգապահական վարույթի հիմքում պետք է ընկած լինի էթիկական նորմի խախտում։
Զվարթ Խաչատրյան