Արզումանյան 10 և 12 շենքերի ոդիսականը. բնակիչները ահազանգում են՝ հնարավոր է՝ մի օր մնան փլատակների տակ

Արզումանյան 10 շենքի պատերի ճաքերն արդեն վաղուց շենքի բնակիչներին թույլ չեն տալիս հանգիստ ապրել. վախենում են, որ շենքն ուր որ է՝ կփլուզվի: Արզումանյան 10 շենքի բնակիչ Ալվարդ Մկրտչյանն ասում է՝ խնդրից բոլորն են տեղյակ, միայն թե այն դեռ լուծում չի ստացել:

«Ամեն անգամ ասում են՝ էսօր-էգուց, էսօր-էգուց: Քաղաքապետարանից եկել են, խնդրին տեղյակ են, 3-4 տարի է՝ այս վիճակն է»,- ասաց Ալվարդ Մկրտչյանը:

Բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմում է, որ շենքի անմխիթար վիճակի համար դեռ իր տատիկն էր սկսել պայքարել:

«1991 թվականից 3-րդ, 4-րդ կարգի վթարային էր համարվում շենքը, 1997-ին այս մուտքը դարձավ 4-րդ կարգի վթարային, տատիկս գնում էր, դիմումներ էր գրում, 2007-ին եկան շենքը ամրացնելու, բայց առաջին մուտքի մոտ ոչինչ չփոխվեց, միայն կոսմետիկ վերանորոգում արվեց»,- ասում է նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ Քաղաքապետարանից առաջարկել են, բոլորի համաձայնությունը լինելու դեպքում՝ իրենց տեղավորել վարձով բնակարաններում, մինչև 2 տարվա ընթացքում իրենց շենքի տեղում նոր շենք կկառուցվի: Սակայն այդ պայմանին ոչ բոլորն են համաձայնել, ասել են՝ իրենց մշտական բնակարաններ են պետք:

«Այնպիսի բան են առաջարկում, որ գիտեն՝ բոլորի համաձայնություն չի լինելու: Կան շատ բնակարաններ, որ կարող են տրամադրել, բայց չեն տրամադրում, որ ասեն, թե բյուջեն ավելացել է, մի քիչ ընդդիմադիր բան եմ ասում, բայց մարդիկ այստեղ վտանգի տակ են, Քաղաքացու օր են նշում, այդ գումարով կարելի էր գոնե առաջին մուտքի այս 12 ընտանիքին բնակարաններով ապահովել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նկարահանման ժամանակ մեզ մոտեցան հարևանությամբ գտնվող Արզումանյան 12 շենքի բնակիչները: Պարզվում է՝ նույնքան անմխիթար է նաև իրենց շենքի վիճակը: Շենքի բնակիչ Անդրանիկ Հարությունյանը պատմում է, որ շենքի պատերին ճաքեր նկատել է 7 տարի առաջ:

«Մի օր քնած էինք, զգացինք՝ ինչ-որ բան է շարժվում, առավոտյան տեսանք՝ ճաքեր են բացվել, երկրաշարժ չէր, մեզ ասել էին, որ շենքը կայուն չէ: Որոշ ճաքեր, օրինակ, երեկ են բացվել»,- ասաց Անդրանիկ Հարությունյանը:

Բնակիչները ճաքերը փակում են՝ ինչով հնարավոր է՝ անգամ կպչուն ժապավեններով, ասում են՝ տանն անգամ մեխ մեխել չեն կարող: Շենքի բնակիչ Արմինե Հակոբյանն ասում է՝ շենքը 2005-ին ամրացրել են, բայց դա էլ խնդիրը չի լուծել:

«2005-ին եկան, ամրացրին առաջին մուտքը, այնտեղ վիճակն անտանելի էր, դրանից հետո մեր շենքի  խողովակները ծակվել էին, ջուրը լցվում էր շենքի տակ, և հողը տանում էր, շենքը սկսեց նստել, 3-4 տարի առաջ եկան քանդեցին, խողովակները փոխեցին, ճաքերն էլ չէին շատանում, սկսեցին շատանալ, երբ մեր հարևանությամբ սկսվեց շինարարություն»,- պատմում է Արմինե Հակոբյանը:

Դիմել են և՛ քաղաքապետարան, և՛ համայնքապետարան, բայց միշտ միևնույն պատասխանն են ստացել՝ կգանք, կուսումնասիրենք: Շենքի բնակիչներին զարմացրել է նաև այն փաստը, որ քաղաքապետարանը 4-րդ կարգի վթարային շենքի հարևանությամբ այգու վերականգնման աշխատանքներ է սկսել:  

«Այգի են վերանորոգում՝ այն պարագայում, երբ այս շենքը 4-րդ կարգի վթարային է, և հնարավոր է՝ մի օր մարդիկ մնան փլատակների տակ, ամեն բան շենքի հիմքի վրա ազդում է»,- ասում է Արմինե Հակոբյանը:

Երկու շենքերի բնակիչներն էլ պնդում են՝ իրենց պետք է ապահովել նոր բնակարաններով՝ ամենաթույլ երկրաշարժն անգամ կարող է ճակատագրական լինել շենքի ներսում գտնվողների համար:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս