Բաժիններ՝

«5000 դոլար մրցանակ՝ հայկական պատմության և դիցաբանության վրա հիմնված ֆիլմի սցենարի համար». Դեյվիդ ՄկՔենզի

Երևանում 2019թ․ հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը: Այն կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։

Փառատոնը կանցկացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-21-ը:

Ավելի քան 2000 հայտից փառատոնի ընտրող հանձնաժողովը, որի կազմում հայտնի կինոգործիչներ են, կինոարտադրության և հեռուստատեսության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ, ընտրել է լավագույններին՝ հինգ անվանակարգերում։

«Հատուկ ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի նիդեռլանդական «Ահաբեկչություն՝ վախի աղբյուր» վավերագրական ֆիլմը:

Կարդացեք նաև

Լավագույն վավերագրական լիամետրաժ է ճանաչվել «Բուրկինաբեի վերելքը», «Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի Խավիեր Չակոնի հեղինակած ընդամենը 8 րոպե տևողությամբ «Ուխտասար»-ը, «Հեռուստաշարք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Գետոյում ծնված և մեծացած» շարքը՝ Քենիայից:

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնի առանցքային միջոցառումներից մեկը IHTFF համաժողովն է, որի ժամանակ քննարկվեց, թե ինչպես կարելի է Հայաստան բերել խոշոր հեռուստա և կինոարտադրողներին, ինչպես արտահանել սեփական արտադրանքը:

«Շատ քիչ նկարներ և տեսանյութեր կային, որոնք կարող էին ցույց տալ և բացատրել, թե որքան հոյակապ վայր է Հայաստանը, որ սա մի տեղ է, որտեղ մարդիկ բարյացակամ են բոլորի նկատմամբ: Այս ամբողջ տեղեկությունը չէինք կարող գտնել տարիներ առաջ»,- համաժողովի ժամանակ ասաց ռեժիսոր, պրոդյուսեր, Associated Television International ընկերության հիմնադիր Դեյվիդ ՄկՔենզին:

«Անկեղծ ասած, 4.5 տարի առաջ երբ սա քննարկում էինք, իմ աշխատակազմն ինձ ասում էր՝ մի՛ գնա, Հայաստանում ոչինչ չկա: Ասացի՝ հնարավոր չէ, ինչ-որ բան այնտեղ պետք է լինի: Պատասխանում էին՝ ոչ մի բան չկա, ուղղակի մի քանի եկեղեցի: ԱՄՆ-ից ոչ ոք չկարողացավ ինֆորմացիա գտնել, թե Հայաստանում ի՞նչ կարելի է անել և ի՞նչ կարելի է տեսնել: Հուսով եմ, որ աստիճանաբար սա փոխվելու է: Հիմա, երբ նայում եմ համացանցում՝ Instagram-ում և այլ կայքերում տեսնում եմ նյութեր, լուսանկարներ, նորանոր տեսանյութեր Հայաստանի մասին, և սա հոյակապ է:

Academy Films ընկերության տնօրեն Արամ Թորոսյանը սկսել է մի նախագիծ, որն է՝ ստեղծել ֆիլմադարան այն մասին, թե որտեղ կարելի է նկարահանել ֆիլմեր, և ի՞նչ կարող ես անել Հայաստանում, եթե դու ֆիլմարտադրող ընկերություն ես:

Մենք ստեղծելու ենք մի կայք, որտեղ ֆիլմարտադրողը կարող է ասել՝ ես ուզում եմ մի ամրոց, որտեղ կարող եմ նկարահանել, և գտնում ես բոլոր ամրոցները: Ես ուզում եմ նկարահանել ինչ-որ վայրերում, որոնք նման են Նյու Յորքին, կամ փողոցներ, որոնք Փարիզն են հիշեցնում, և այդ ամենը կարողանան այնտեղ գտնել: Եթե այս ամենը հասանելի լինի այն ընկերությունների համար, որոնք ուզում են գալ այստեղ և ֆիլմ նկարահանել, դա շատ օգտակար կլինի: Սա կօգնի տնտեսությանը, զբոսաշրջության զարգացմանը: Ուզում եմ, որ մարդիկ մտածեն Հայաստանի պատմության մասին և հպարտանան դրանով:

Հաջորդ տարվանից սկսած՝ մեր կոնֆերանսի շրջանակներում մենք քաջալերելու ենք մարդկանց, որպեսզի նրանք հանձնեն սցենարներ, որոնք հիմնված են հայկական պատմության և դիցաբանության վրա, որոնք կարող են ֆիլմերի նկարահանման հիմք դառնալ: Ֆիլմերը ցուցադրվելու են ամբողջ աշխարհում, որպեսզի մարդիկ հասկանան հայկական մշակույթը, հայերին: Առաջարկում ենք 5000 դոլար մրցանակ՝ լավագույն սցենարների համար»,- մանրամասնեց Դեյվիդ ՄկՔենզին:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս