Մի՛ գողացիր, եղի՛ր արդյունավետ, եղի՛ր նորարար, եղի՛ր համագործակցող և թիմային. Վարչապետն անդրադարձել է բիզնեսի «խաղի կանոններին»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել մարզի գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերն ու հնարավոր ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են գինեգործության զարգացմանը, խաղողի նոր ժամանակակից այգիների հիմնմանը, վարկային միջոցների տրամադրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում` ճանապարհաշինությանը, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներին, ջրամատակարարմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը, անդրադառնալով բիզնես ոլորտին, նշել է, որ մեր երկրում պետք է փորք, միջին և խոշոր բիզնեսի վերաբերյալ ճիշտ ախտորոշում անել: «Հայաստանում խոշոր բիզնեսի իմիջը և ընկալումը փոխելու անհրաժեշտություն կա: Պետք է խոստովանենք, որ խոշոր բիզնես ասելով՝ մինչև հիմա Հայաստանում հասկանում ենք վատ բան, սակայն իրականում այդ փոփոխությունը հիմա տեղի է ունենում, մարդիկ սկսում են հասկանալ, որ այն այդքան էլ վատ բան չէ: Խոշոր բիզնեսը պետք է կատարի առաջնորդող դեր: Ցավոք, մինչև հիմա փոքր և միջին բիզնեսի մասին խոսում ենք «յոլա գնալու» տրամաբանությամբ, սակայն փոքրը նրա համար է, որ դառնա միջին, միջինը` խոշոր, իսկ վերջինս՝ գլոբալ բիզնես:
Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի կամաց-կամաց հանրությունը խոշորին չընկալի որպես գիշատիչ մի բան, որը հոշոտում է ամեն ինչ: Փոքր և միջին բիզնեսին պետք է կարողանանք պաշտպանել, բայց դա չի նշանակում, որ պետք է խոշորի հնարավորությունները սահմանափակենք»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ այժմ մեր երկրում տեսնում ենք նոր սերնդի գործարարների, և հանրությունը պետք է նրանց ընկալի որպես գործող ամենակարևոր անձերի:
«Երբ ասում ենք թոշակ, զինվորի կարիքների լուծում, կրթություն, ապա այդ կարիքները բավարարվում են գործարարների հարկերից, հետևաբար վերջինս պետք է զգա ոչ միայն կառավարության, այլև հանրության վերաբերմունքը»,- նշել է վարչապետը:
Ի պատասխան գործարարներից մեկի հարցին` Նիկոլ Փաշինյանը խոսել է հողային ռեֆորմի մասին: Կառավարության ղեկավարը կարևորել է այդ բարեփոխումը և հավելել, որ այժմ գործադիրն աշխատում է այդ ուղղությամբ: «Մեր գյուղատնտեսության կառուցվածքը չի սպասարկում մեր ազգային և պետական ձգտումները, որովհետև գյուղատնտեսություն ասելով՝ մենք շարունակում ենք հասկանալ, որ մարդը պետք է չարչարվի և ոչ մի արդյունք չստանա դրա դիմաց: Մեր խնդիրն է արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը, և դա առանց հողային ռեֆորմի հնարավոր չէ»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով ենթակառուցվածքների մասին, անհրաժեշտ է համարել, որպեսզի կոնկրետ ներդրումային ծրագրերի դեպքում պետությունը ստանձնի տվյալ ներդրումային օբյեկտ տանող ավտոճանապարհի կառուցման պատասխանատվությունը: Վարչապետը նշել է, որ գալիք տարվա պետական բյուջեի մեջ այդ սկզբունքը պետք է ներառվի: «Դա կլինի նաև մեր վերաբերմունքի արտահայտումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով բիզնեսի «խաղի կանոնների» մասին` վարչապետը նկատել է, որ շատերն ասում են, թե դրանք պարզ չեն: «Ցանկանում եմ նշել, որ խաղի կանոնները չորսն են` մի՛ գողացիր, դա վերաբերում է բոլորին և պետական և ոչ պետական պաշտոնյային: Եթե խանութի աշխատողը ՀԴՄ չի խփում` ինքը գող է, դա նույն է, որ պետական պաշտոնյան գողանա: Կաշառակեր պաշտոնյան և ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են: Հաջորդը` եղի՛ր արդյունավետ, յուրաքանչյուրը պետք է մի միավոր ծախսելու դիմաց աշխատի ավելի շատ արդյունք ստանալ, երրորդը` եղի՛ր նորարար, չորրորդը` եղի՛ր համագործակցող և թիմային: Վերջինը վերաբերում է գյուղացու և գործարարի հարաբերություններին: Եթե նրանք չարձանագրեն, որ իրենք գործընկերներ են, բան չի փոխվի: Խնդիրների լուծման ճանապարհը երկխոսությունն է»,- ասել է վարչապետը` անդրադառնալով խաղողի մթերման գործընթացում գործարանի և գյուղացու հարաբերություններին:
Անդրադառնալով նաև էլեկտրաէներգիայի մատակարարումների գործընթացում առկա խնդիրներին` վարչապետը ներկաներին է փոխանցել ՀԷՑ-ի սեփականատիրոջ խոսքերը, որ 2020 թվականին ոլորտում նախատեսվում է 60 մլն դոլարի ներդրումային ծրագիր: