Արմեն Բադալյան. Հիմա արդեն լիարժեքորեն կարող ենք ասել, որ իշխանությունը սպասարկում է մեկ մարդու. «Իրատես»
Հայաստանում ինչպես մեկուկես տարի առաջ, այնպես էլ հիմա սոցիալ-տնտեսական բազում կուտակված խնդիրներ կան, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն։ Իշխանափոխությունն այդ առումով ոչ մի բան չի փոխել, այդ խնդիրները շարունակում են մնալ մեր օրակարգում։ Այս և արտաքին քաղաքական թեմաների շուրջ է «Իրատեսը» զրուցել է քաղաքագետ
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։
-Այսօր իշխանության ներքաղաքական օրակարգի կարևոր հարցերից մեկը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցումն է։ Ի՞նչ ճակատագիր կունենա ՍԴ ուղարկված նախագիծը։
-Անցյալ տարվա հայտնի իրադարձություններից հետո վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգից դուրս մղեց քրեաօլիգարխիային և այն ամբողջովին սկսեց ծառայեցնել իր շահերի սպասարկմանը։ Հիմա արդեն լիարժեքորեն կարող ենք ասել, որ իշխանությունը սպասարկում է մեկ մարդու։ Անձնիշխան համակարգի մեջ են մտնում կառավարությունը, ԱԺ-ն, օրենքով ստեղծված անկախ, բայց իրականում ենթակա մարմինները, ԲԴԽ-ն և դատաիրավական ողջ համակարգը, բացառությամբ ՍԴ-ի։ Այս համակարգից դուրս են մնում 4 ինստիտուտներ՝ ԶԼՄ-ները, ՍԴ-ն, եկեղեցին, Արցախի իշխանությունները։ Այս պահին իշխանություններն առավել տեսանելի քայլեր են ձեռնարկում 2 ուղղությամբ՝ ՍԴ-ի և Արցախի իշխանությունների։ Սա կոչվում է ավտորիտար համակարգի ձևավորում, որը դեռևս թույլ է։ Սա չպետք է շփոթել բռնապետության հետ, կառավարման համակարգն անձնիշխան է, մեկ մարդու սպասարկող կառավարման համակարգ։ Հիմա ՍԴ-ն չի ցանկանում ենթարկվել և սպասարկել մեկ մարդու շահերը, դրա համար այդ կառույցի դեմ հզոր գրոհ է սկսվել։
– Որքա՞ն կարող է դիմանալ ՍԴ-ն։
– Շատ երկար, որովհետև ունի հզոր աջակից ի դեմս ԵՄ-ի։ Նման աջակից ունենալով, ՍԴ-ն կարող է երկար դիմադրություն ցույց տալ։ Հայաստանի իշխանությունները ՍԴ նախագահի դեմ գրոհ են ձեռնարկել, բայց միաժամանակ Վենետիկի հանձնաժողովի անդամները գալիս են Հայաստան և հանդիպում են ՍԴ նախագահի հետ։ Գերմանիայի դեսպանը ևս հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի հետ՝ Թովմասյանին հրավիրելով Գերմանիա։ Սա Հայաստանի իշխանություններին ուղերձ է, որ Եվրոպան բնավ չի պատրաստվում ՍԴ-ն զիջելու այսօրվա իշխանություններին։ Իհարկե, այս ամենում էական հանգամանք խաղաց Ռոբերտ Քոչարյանի գործը, որի առնչությամբ կարծիք ստանալու համար ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ-ին դիմում էր ուղարկել։ Երկու կառույցներն էլ դիմումն ընդունել են քննարկման։ Հայաստանի իշխանությունները շտապում են օր առաջ ազատվել ՍԴ-ի այս կազմից, որպեսզի Քոչարյանի գործով անցանկալի որոշումներ չկայացվեն։ Բայց այս պահի դրությամբ դեռ հաջողություն չունեն։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: