«Սա հստակ ուղերձ է, թե Կառավարության համար ինչն է կարևոր, և ինչը՝ ոչ»
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա հոդվածս ռազմական բյուջեի մասին մեծ արձագանք առաջացրեց, հիմնականում գիտակից և դրական։ Բնականաբար, բազմակարծությամբ հարուստ մեր հասարակությունում, եղան և քննադատական արձագանքներ։ Չեմ անդրադառնա «բա Սերժի ժամանակ ինչու չէիք խոսում», «Նիկոլը ամեն ինչ ձեզանից լավ գիտի», «Դուք Քոչարյանի փողերով եք գրում», և նմանատիպ այլ մտքի փայլատակումներին, փոխարենը կենտրոնանամ երկու իրական բովանդակային հակափաստարկի վրա, որոնք իսկապես կարևոր են՝
ա) Հակափաստարկ 1: Մեր ռազմական բյուջեն վերջին երկու տարում արդեն ավելացել է համարյա 50%-ով, դա բավարար է, էլ ավելացնելու կարիք չկա, առավել ևս, որ ծախսումների արդյունավետությունը բարձրացել է։
Այս փաստարկի բացն այն է, որ մեր ռազմական բյուջեն պետք է համեմատել ոչ միայն մեր հետ, այլև հակառակորդի։ Մեր ռազմական բյուջեն 2019 թ․ կազմում է 630 մլն ԱՄՆ դոլար, հակառակորդինը՝ մոտ 1,900 մլն ԱՄՆ դոլար, այսինք մեզնից ավելի քան երեք անգամ շատ։ Սրան հավելենք, որ 2011-2019 թվականներին ընկած ժամանակաշրջանում, մեր հակառակորդի համախառն ռազմական և ռազմարդյունաբերական ծախսերը կազմել են մոտավորապես 21 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեր համախառն ծախսերը համադրելի հոդվածներով կազմել են մոտ 4,3 մլրդ դոլար, այսինք կուտակային, հակառակորդը իրականացրել է մեզնից 5 անգամ մեծ ռազմական ծախսեր։ Պատահական չի, որ տարբեր ծանր սպառազինությունների գծով, հակառակորդը ունի մեզնից 5-ապատիկ և ավել գերազանցություն, և մարտական գործողություններ սկսվելու դեպքում, սա կարող է կրիտիկական դառնալ։
Որպեսզի այդ առավելությունը գոնե մասմամբ չեզոքացնենք, մեզ ամեն տարի պետք է համալրել մեր ծանր սպառազինությունների պարկը՝ մասնավորապես, գնելով գրոհային ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր, համազարկային կրակի և հրթիռային համակարգեր, արդիականացնել մեր տանկային պարկը, և այլն։ Ավել սրա մասին չծավալվեմ, միայն ասեմ, որ սրա համար պահանջվող միջոցները տասնապատիկ և հարյուրապատիկ ավել են, քան այն, ինչ հնարավոր է եղել խնայել բանակում արդյունավետության բարձրացման հաշվին, ուստի բոլոր պնդումները, որ մենք հիմա այդ խնայողությունների հաշվին կարող ենք որակապես նոր սպառազինություններ ձեռք բերել, իրականության հետ նույնիսկ աղերս չունեն (համեմատության համար ընդամենը նշեմ, որ մեկ նոր С-400 հակաօդային պաշտպանության դիվիզիոնը մոտ 600 մլն դոլար արժի, այսինքն՝ մեր ողջ պաշտպանական բյուջեի չափ):
բ) Հակափաստարկ 2: մենք չենք կարող մեր բոլոր միջոցները հատկացնել պաշտպանությանը, երկիրը պետք է զարգանա։
Այս հակափաստարկը ճիշտ կլիներ, եթե ես կոչ անի բոլոր միջոցները հատկացնել պաշտպանությանը։ Սակայն հաջորդ տարի մեր բյուջեն պետք է աճի 14%, խելամիտ կլիներ, որ բոլոր հիմնական ուղղություններով ծախսերի աճը լիներ համամասնական, պաշտպանությանը՝ նաև փոքր ինչ ավել։ Սակայն այն պայմաններում, երբ պաշտպանության վրա միջոցներ չեն ավելացվում, դրանք գնում են այնպիսի ուղղությունների վրա, որոնք հաստատ կարող են սպասել։ Մի քանիսի աճը բերեմ ստորև՝
Մասսայական սպորտ – աճը 1020% (!)
Տավուշի մարզպետարան – աճը 189%
Զբոսաշրջության զարգացում – աճը 190%
Ոռոգման համակարգ – աճը 154%
Ճանապարհաշինություն – աճը 130%
Տեղեկատվական տեխնոլոգիաներ – աճը 120%
Քաղաքային զարգացում – աճը 70%
Պետական կառույցների արդիականացում – աճը 61%
ՀՀ Նախագահի ծախսեր – աճը 38%
ՊԵԿ-ի ծախսեր – աճը 32%
ԱԺ ծախսեր – աճը 18%
Ռազմական պաշտպանության ծախսեր – 0,8%
Այս ցանկը կարելի է շարունակել, բայց այստեղից էլ պարզ է, որ ծախսերի աճը բացարձակ անհամամասնական է` պաշտպանության վրա ավել փող չկա, իսկ ուրիշ ուղղություններով երկնիշ և նույնիսկ եռանիշ աճ է նախատեսվում։ Սա հստակ ուղերձ է, թե Կառավարության համար ինչն է կարևոր, և ինչը՝ ոչ, քանի որ այն մեր բոլորիս անունից որոշում է, թե մեր միջոցները ինչի վրա ծախսի։
Այսքանով սահմանափակվում են։ Եթե նոր հակափաստարկներ ունեք, ասեք, իսկ եթե չունեք, ավելի լավ է միացեք իմ կոչին, որպեսզի մինչև Ազգային ժողովի հաստատումը, այս բյուջեն էական փոփոխությունների ենթարկվի, և պաշտպանական ծախսերը ավելացվեն՝ համարժեք մեր առաջ կանգնած վտանգներին»։
Երեկվա հոդվածս ռազմական բյուջեի մասին մեծ արձագանք առաջացրեց, հիմնականում գիտակից և դրական։ Բնականաբար, բազմակարծությամբ…
Gepostet von Avetik Chalabyan am Freitag, 11. Oktober 2019